Կառավարության տեսակետը. ըստ նախարարի` ուրանի հանքավայրերի շահագործումն անվտանգ է Սյունիքի համար

Կառավարության տեսակետը. ըստ նախարարի` ուրանի հանքավայրերի շահագործումն անվտանգ է Սյունիքի համար

Photolure

Նախարար Մովսիսյանի խոսքով՝ ճիշտ եղանակով և ժամանակակից սարքավորումներով շահագործման դեպքում ուրանի արդյունահանումն անվտանգ է:

Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում ընթացող ուրանի հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքները շարունակում են անհանգստացնել բնապահպաններին ու տեղի բնակչությանը: Սակայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարը, որը նույնպես ծնունդով Սյունիքից է, ասում է, որ ուրանի հանքավայրերի շահագործումն անվտանգ է, եթե աշխատանքները պատշաճ կատարվեն, իսկ մարզը դրանից միայն տնտեսապես կշահի:

Ուսումնասիրությունները, որն իրականացնում է «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն, կշարունակվեն մինչև 2014-ի օգոստոս: Սակայն այս շաբաթ Կապանի ավագանին դիմել է ՀՀ Ազգային ժողով ու կառավարություն և հորդորել չեղյալ հայտարարել Սյունիքում ուրան գտնելու նպատակով անցկացվող երկրաբանահետախուզական աշխատանքները:

Կապանի «Խուստուփ» բնապահպանական ՀԿ նախագահ Վլադիկ Մարտիրոսյանն «ԱրմենիաՆաուին» ասում է, որ իրենց տարածաշրջանն առանց այդ էլ լուրջ էկոլոգիական խնդիրներ ունի` կապված տեղական լեռնահանքային արդյունաբերության հետ: Հայաստանի նման փոքրիկ երկրում անիմաստ է ուրանի շահագործումը:

Ուսումնասիրվող հանքավայրը գտնվում է Կապան և Քաջարան քաղաքների միջև` Լեռնաձոր գյուղի անմիջական հարևանությամբ, Ողջի գետի մերձակայքում: Հանքավայրի գտնվելու վայրը մեծացնում է բնապահպանական ռիսկերը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասում է, որ բնապահպանների ու լրատվամիջոցների բարձրացրած աղմուկն իզուր է:

«Այսօր միայն որոնողագնահատողական աշխատանքներ են իրականացվում: Հետո պետք է երկրաբանական աշխատանքներ կատարել, հորատումներ անել, ճշտել` ուրան կա՞, թե՞ չկա, եթե կա` ինչ պաշարներ են, առկա պաշարների դեպքում կա՞ն այնպիսի տեխնոլոգիաներ, որ արդյունավետ են տվյալ պաշարների արդյունահանման համար: Եթե իմանայինք, որ այսքան-այսքան պաշարներ ունենք, կմշակեինք, էլ ինչո՞ւ էինք ուսումնասիրում»,- հավաստիացնում է նախարարը:

Ըստ Մովսիսյանի` եթե հաստատված պաշարներ լինեն, ու դրանց շահագործումը տնտեսապես և տեխնոլոգիապես արդյունավետ լինի, օր առաջ հասարակությանը կտեղեկացնեն այդ մասին:

Սյունիքի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի նախագահ Տիգրան Ստեփանյանը կարծում է, որ ժամանակն է փողոց դուրս գալու ու այս խնդրին միանշանակ «ո´չ» ասելու:

«Անգամ չպետք է թողնել տեղում հետազոտություններ իրականացնել, ընդհանրապես թող այս տարածաշրջանին նման խնդրով մոտ չգան»,- ասում է նա «ԱրմենիաՆաուին»:
Նախարար Մովսիսյանը բացատրում է, որ ուրանի արդյունահանումը անվտանգության խնդիրներ չի առաջացնի, եթե կատարվի ժամանակակից տեխնոլոգիաներով, իսկ ռադիացիոն ճառագայթման վտանգ առաջանում է ոչ թե արդյունահանման, այլ հարստացման ժամանակ:

«Խուստուփ» ՀԿ նախագահ Մարտիրոսյանը հակադարձում է նախարարի այս կարծիքին` ասելով. «Այդ ջրերը մտնելու են Ողջի գետի ավազան, իսկ Ողջի գետը մինչև Արաքս ապականելու է ողջ տարածաշրջանը: Ոչ ոք չի ուզենա, որ իր ժառանգները վեցգլխանի, երեքոտանի ծնվեն, առանց այդ էլ մեր տարածաշրջանում շատ տարածված են սրտանոթային հիվանդությունները: Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, հարավային դարպասը, հասկացող մարդը լավ գիտի, որ այստեղ ուրանի շահագործման պայմաններում չի կարող բնակվել և վտանգի ենթարկել իր և իր ժառանգների կյանքը»
Սակայն Մովսիսյանի կարծիքով` այն տեղը, որտեղ ուրան են ուսումնասիրում, զերծ է ստորգետնյա ջրերից:

«Սյունիքում ինչ խորությամբ էլ ծակեն, երբեք ջրի չեն հանդիպի: Հանքարդյունահանման նպատակով ծակում են մինչ և 1500-2000 մետր, ու այնտեղ ջուր չկա: Բա ո՞ւր են այդ ջրերը: Դրանք քամվում են ու ամենացածր կետով հոսում, գնում են,- ասում է նախարարը: - Ես ինքս Կապանից եմ, շատ լավ գիտեմ խնդիրները: Ինձ այդ հարցն ավելի շատ է ցավ տալիս, քան ձեզնից որևիցե մեկին, բայց մի հարց է, երբ ուրանը ճիշտ ձևով չենք շահագործում, այլ հարց է, երբ այդ ամենը բերում ենք ճիշտ դաշտ»:
Inside Armenianow