«Մեր տնից» ամուսնու տուն. «Մեր տնից» մի հարս էլ են տանում

«Մեր տնից» ամուսնու տուն. «Մեր տնից» մի հարս էլ են տանում

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Շողացող նորահարսը

20-ամյա Լուսինե Հունանյանը հարսանեկան զգեստը փորձում է այնպես հագնել, որ տոնական սանրվածքը չքանդվի: Նրան օգնում են ընկերուհիները, և հարսանեկան ճերմակ զգեստը վերջապես գրկում է Լուսինեի գեղեցիկ մարմինը:


«Մենք այս հասարակությանն ապացուցելու խնդիր ունենք, որ մենք էլ կարող ենք լավ հարս, ընտանիքի կին ու մայր դառնալ, ինչպես սովորական ընտանիքներում մեծացած աղջիկները»,- ասում է հարսնացուն:

Լուսինեն տասը տարեկանից ապրել է Գավառի մանկատանը: Չափահաս դառնալուց հետո տեղափոխվել է Էջմիածնի «Մեր տունը» կազմակերպություն: Այստեղ ապրելուն զուգահեռ սովորել Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Այսօր Լուսինեն ամուսնանում է:

«Մեր տունը» ՀԿ տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը պատմում է, թե ինչպես են ընդհանրապես գալիս ու իրենից աղջիկների ձեռքը խնդրում:

«Անկեղծ ասած, երբ բացում էի այս տունը, երբեք չէի մտածում, որ կգան ինձնից աղջիկ ուզելու, որ պետք է նաև նրանց ամուսնացնեմ: Մեր ծրագիրը կրթական է, և նպատակն էր ուղղակի աղջիկներին փողոցից կտրել: Լուսինեն մեր վեցերորդ աղջիկն է, որին ամուսնացնում ենք, ունենք հինգ թոռնիկներ»,- ասում է Կարապետյանը:

«Մեր տունը» ՀԿ-ում ամուսնանալուց առաջ աղջիկները դիմում են գրում, որ ամուսնանում են իրենց կամքով, սիրելով, առանց հարկադրանքի: Կարապետյանն ասում է, որ մինչև տղայի հարազատները չեն տեղեկացվում, թույլ չի տալիս, որ դուրս գան իրենց աղջիկների հետ:

«Էս երեխեքը ընտանիք չեն տեսել ու շատ փխրուն են, նրանց չի կարելի կոտրել: Ես պետք է հստակ իմանամ տղայի մտադրությունները: Անգամ որ դուրս են գալիս հանդիպման, դիմում են գրում, որ մեկ կամ երկու ժամից տանը կլինեն: Իսկ հետո, երբ ամեն ինչ պարզվում է, իրենց ծնողների հետ գալիս են խնամախոսության»,-բացատրում է Կարապետյանը:

Կազմակերպության տնօրենը նշում է, որ տղաներին ու նրանց ծնողներին միշտ հետաքրքրում է աղջիկների առողջական վիճակը:

«Բնական է, նրանք գործ ունեն կենսաբանական խնդիրներ ունեցող երեխաների հետ:
Կազմակերպության սկզբունքներից մեկն է ներկայացնել երեխայի առողջության քարտը, տեղեկություններ ծնողների մասին»,- նշում է Տիգրանուհին:

Լուսինեի ընկերուհիները ժապավեններով, ծաղիկներով ու փուչիկներով զարդարել են «Մեր տունը»: Անգամ հարևանները գիտեն, որ «Մեր տանը» հարսանիք է: Պատրաստ է տոնական սեղանը: Լուսինեն հարսանեկան զգեստով ընդունում է հյուրերի շնորհավորանքները, լուսանկարվում:

Նրա աչքերը լցվում են արցունքներով, երբ գրկախառնվում է Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի հետ, որտեղ Լուսինեն ապրել է գրեթե ինը տարի:

«Իհարկե, ես կուզեի, որ մանկատներ ընդհանրապես չլինեն մեր երկրում, բայց մենք
Լուսինեին այսպիսին այսօր չէինք ունենա, եթե նա իր ընտանիքում մնար: Թող վիրավորական չհնչի, բայց այսօր մեր իրականությունում կան այնպիսի ընտանիքներ, որոնց պարագայում նախընտրելի է, որ երեխան մեծանա մանկատանը»,- ասում է Նալբանդյանը:

Լուսինեն կորել է ծաղկեփնջերի մեջ ու փայլում է երջանկությունից:

Նա ևս մեկն է, որ կոտրում է հասարակության շրջանում ձևավորված կարծրատիպը, որ մանկատան աղջիկները չեն կարող լավը լինել:

Փեսացուն` Արտավազդը, խոստովանում է. «Մեր ընտանիքում դեմ էին, բայց ես պայքարեցի, ու արդյունքում հաղթեց մեր սերը: Իմ հարազատներն իրենք համոզվեցին, թե Լուսինեն ինչ մարդ է»:

Նիկոլայ Նալբանդյանը նշում է, որ նման գեղեցիկ օրերն իրենց ընդհանուր աշխատանքի արդյունքն են:

«Ամուսնանում են, ու մեր խիղճն ավելի հանգիստ է լինում: Կյանքը ցույց է տվել, որ մանկատան երեխաները լավ ընտանիք են կազմում: Պատճառն այն է, որ մանկուց զրկված են ընտանեկան ջերմությունից ու մեծանում են` միշտ այդ բացը զգալով: Ընտանիքի գաղափարը նրանց համար վեհ է»,- ասում է նա:

Ընտանիք չունենալը բաց պատուհան է, որն այս աղջիկների կյանքում, թերևս, փակվում է միան ամուսնությունից հետո:

Լուսինեին տնտեսագիտություն դասավանդող Ֆլորա Խաչատրյանը բացատրում է, որ այս երեխաների համար խնդիր կա, որ նրանց միշտ ուղեկցում է:

«Հեշտ չէ մտածել, որ դու ժամանակին պետք չես եղել: Այդ պատճառով էլ ինքնապաշտպանության բնազդը նրանց մոտ շատ ուժեղ է: Լուսինեն միշտ ընկերություն է անում իրենից տարիքով մեծ դասախոսների հետ, հստակ երևում է, որ մայրական ջերմություն է փորձում ստանալ: Նա խելացի, ինքնավստահ ու հետաքրքիր մարդ է»:

Ֆլորա Խաչատրյանը դեմ է այն կարծիքին, որ հաճախ տղայի ընտանիքին բարեգործ են անվանում, երբ նրանց որդին ամուսնանում է մանկատան սանի հետ:

«Այս երեխաները մեղավոր չեն, որ մեծացել են մանկատանը: Հաճախ ընտանեկան խնամքի տակ գտնվող երեխան այդքան ձգտումներ չի ունենում, ինչքան նրանք: Լավ է, որ հասարակությունում այդ անջրպետը վերանում է, բայց թող չմտածեն, որ այս երեխեքին լավություն են անում` իրենց տուն տանելով, ու երբևէ նրանց չասեն. «Դու որտեղ կլինեիր, եթե քեզ մեր տուն չտանեինք»: Նրանք նույնպես մարդ են, լավ ընտանիքի կին ու մայր կդառնան: Այն, ինչ իրենք չեն ստացել կորցրած ընտանիքներում, կտան իրենց ընտանիքներին»,- ասում է Խաչատրյանը:




Inside Armenianow