Սևանա լիճ. բնապահպանները բարձրաձայնում են լճի մակարդակն իջեցնելու համար գետի ուղղությունը փոխելու փորձի մասին

Սևանա լիճ. բնապահպանները բարձրաձայնում են լճի մակարդակն իջեցնելու համար գետի ուղղությունը փոխելու փորձի մասին

Photo: Ecolur

Բնապահպանները շարունակում են բարձրաձայնել իրենց մտահոգությունը և մտավախությունը Սևանա լիճ թափվող ամենամեծ գետի`Արգիճիի մի մասը դեպի Կասպից ծով ուղղելու մասին:


Այդ քայլը, ըստ նրանց, նպատակ ունի իջեցնելու երկրի քաղցրահամ ջրերի ամենամեծ ավազանի` Սևանա լճի մակարդակը, որի ջրի բարձրացումը վերջին տարիներին ազդել է լճափի երկայնքով գործող մի քանի եկամտաբեր բիզնեսների վրա: Բացի այդ, վերջերս արձանագրված ջրի մակարդակի այսչափ բարձրացումը համարվում է ամենակարևոր բնապահպանական խնդիրը մեր երկրի համար, որտեղ Սևանա լիճը ողջ էկոհամակարգի գլխավոր տարրն է:

Կառավարությունը, որը բազմիցս հայտարարել է լճի մակարդակի բարձրացումը բնապահպանական գերակա նպատակ լինելու մասին, նշել է, որ կհետևի, թե արդյոք բնապահպանների բարձրացրած հարցերի շուրջ համապատասխան քայլեր ձեռնարկվո՞ւմ են, թե՞ ոչ:

Արգիճին Սևանը սնուցող 28 գետերից ամենախոշորն է: Այն տարեկան 12 սանտիմետրով ապահովում է Սևանի ջրի մակարդակի բարձրացումը և շրջակա վեց գյուղերի շուրջ 30000 բնակիչների կողմից օգտագործվում ոռոգման նպատակով: Այժմ Արգիճին սնուցող Գայլաձոր վտակի հունը փոխելու ծրագիրն իրականացնելու դեպքում ջրերի մի մասը կուղղվի դեպի Վայոց ձոր, որը Սևանի հակառակ կողմում է:

Ըստ բնապահպանների` խախտվում է «Սևանի մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` արգելվում է Սևանի ավազանի ջրային պաշարներն օգտագործել այլ նպատակներով` հէկի կառուցում, ոռոգում թե այլ: Բացի այդ, դա վտանգավոր է ձկների, մասնավորապես` իշխանի համար, քանի որ նրանք ձվադրում են հենց այդ գետի ակունքում:

«Նրանք ասում են, թե ոռոգման նպատակով են ուզում ջուրը տանել, այնինչ մենք սեփական աչքերով ենք տեսել, թե ինչ ծավալի շինարարություն է արվել` 1,5 կմ երկարությամբ տարածքում փոս են փորել ու կառուցել երկու պատվար, որը նշանակում է, որ նրանք հէկ են կառուցում` շահույթ ստանալու և ոչ թե ոռոգման նպատակով»,- համոզված է «Օրհուս» կենտրոնի Գեղարքունիքի մարզի աշխատակից Լիաննա Ասոյանը: «Օրհուսը» (որն իր անվանումը ստացել է դանիական քաղաքի անունից, որտեղ 1998 թ. ստորագրվել է ՄԱԿ-ի հայտնի կոնվենցիան` նպաստել «տեղեկատվության հասանելիությանը, հասարակության մասնակցությանը որոշումներ կայացնելու հարցերում և շրջակա միջավայրի հարցերի շուրջ արդարության հասնելը») միջազգային կազմակերպություն է, որը գրասենյակներ ունի տարբեր երկրներում, ի թիվս որոնց` Հայաստանում:

Վերին Գետաշեն գյուղի բնակիչ Վարդան Գալստյանն էլ հարցնում է, թե ինչպե՞ս են ոռոգման նպատակով այդ ջուրն օգտագործելու 60-80 աստիճան թեքության ջրագծերով:

«Ես միայն այդ ջրով եմ ջրում իմ 2300 քմ տարածքը, որից ստանում եմ 15 տոննա կարտոֆիլ, նաև կաղամբ, որն օգտագործում եմ 13 շնչից բաղկացած ընտանիքս պահելու համար: Հիմա որ այդ ջուրը կտրեն, ես ինչո՞վ եմ կերակրելու իմ տղաներին, որոնց բանակ պիտի ուղարկեմ»,- զայրանում է նույն գյուղի բնակիչ 57-ամյա Պայծառ Աղաբաբյանը:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները պնդում են, որ չգիտեն, թե ով է շինարարության հեղինակը և այն որակում են ապօրինի, քանի որ չեն տվել համապատասխան թույլտվություն, իսկ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության տարածքային բաժնի պետ Սողոմոն Սողոմոնյանը նշում է, որ մարզպետարանը միշտ էլ տեղյակ է եղել, քանի որ դեռ 2006 թ.-ից մինչև 2009 թ. նոյեմբերը այդ ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու թույլտվություն եղել է:

«Բայց մենք ամեն ինչ կանենք, որ այդ շինարարությունը չշարունակվի»,- «ԱրմենիաՆաուին» հավատացնում է Սողոմոնյանը:

Սակայն բնապահպանները թերահավատորեն են վերաբերվում նրանց խոստումներին, քանի դեռ հէկի շինություններն ամբողջությամբ չեն ապամոնտաժվել: Բնապահպան Գագիկ Սուխուդյանն ասում է, որ արդեն որոշվել է, որ վտակի հունը կփոխվի, և այժմ միայն ժամանակի խնդիր է, քանի որ «կան բոլոր նախադրյալները դրա համար»:

Այս տարի Սևանի մակարդակը ևս բարձրացել է 50 սանտիմետրով` հասնելով 1900 մ 3 սմ նշակետի` հեղեղելով ավտոճանապարհը, ինչպես նաև հարյուրավոր ապօրինի շինություններ: Ըստ փորձագետների`Սևանի մակարդակը պետք է հասնի առնվազն 1905 մ-ի, որպեսզի կանխվի լճի հետագա գոլորշիացումը և ճահճացումը:

Inside Armenianow