Տեսողություն և ճիշտ ժամանակին. կուրությունը շրջանցեց վաղաժամ ծնված հայ երեխաներին` շնորհիվ պահի ընտրության և լավ բժշկության

Տեսողություն և ճիշտ ժամանակին. կուրությունը շրջանցեց վաղաժամ ծնված հայ երեխաներին` շնորհիվ պահի ընտրության և լավ բժշկության

Courtesy of AECP

Հայաստանում վաղաժամ ծնված երեխաների մայրերն այժմ հնարավորություն ունեն բուժելու անհասության ռետինոպաթիայով հիվանդ իրենց երեխաներին:

Հինգ հայ երեխաներ, որոնց շաբաթներ անց սպառնում էր կուրությունը, այժմ բնականոն կյանքի հնարավորություն ունեն` շնորհիվ մի քանի արտասահմանցի և տեղացի բժիշկների մարդասիրության ու նվիրումի, ինչպես նաև այն բարերարների օգնությամբ, որոնք գուցե երբեք չիմանան, թե ինչպես է իրենց բարեգործությունը փոխել մարդու կյանքը:


Այս երեխաների առողջացումը պատահականությա՞ն, թե շրջահայացության արդյունք էր` չգիտենք, սակայն համոզված ենք, որ ժամանակի ճիշտ ընտրության և բարի մտադրությունների արդյունքն է:

Հատուկ ֆոտոխցիկը, որը տրամադրել է Բըրնսի կոմիտեն, իր տեսակով առաջինն է Հայաստանի ակնաբուժության ասպարեզում:


Անցյալ շաբաթ Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) Հայաստանում մեկնարկեց հերթական առաքելությունը, որը 1992 թ.-ից անցկացվում է տարին երկու անգամ, երբ կալիֆորնիացի ակնաբույժ Ռոջեր Օհանեսյանը հիմնեց այս նախագիծը:

Այս ամառվա առաքելության նպատակն էր վերապատրաստել Հայաստանի ակնաբույժներին` վաղաժամ ծնված երեխաներին բուժելու համար: Մասնավորապես, վերապատրաստման նպատակն էր հայտնաբերել և բուժել անհասության ռետինոպաթիան (ԱՌ): ԱՌ ռիսկի խումբ են համարվում վաղաժամ ծնված բոլոր երեխաները: Հիվանդությունն ախտահարում է երեխայի աչքի շուրջը գտնվող արյունատար անոթները և կարող է հանգեցնել կուրության: Ռիսկի գործոնն ավելանում է, երբ նորածնի քաշը նորմայից ցածր է:

ՀԱՆ-ի շրջանակներում բժիշկների նախորդ այցելությունների ընթացքում Հայաստանի ակնաբույժները հորդորել էին արտասահմանցի մասնագետներին վերապատրաստման դասընթացներ նվիրել ԱՌ-ի կանխարգելմանը: Երևանում Սերգեյ Մալայանի ակնաբուժության կենտրոնի (աչքի հանրապետական հիվանդանոց) հետ ունեցած վաղեմի կապերի շնորհիվ ՀԱՆ-ը տարեկան կրթաթոշակ է սահմանել, որպեսզի իր հայաստանցի գործընկերներից որևէ մեկը հնարավորություն ունենա Ամերիկայում վերապատրաստվելու նեոնատալոգիական ակնաբուժության ոլորտում:

Նյու Յորքում` Ակնաբույժների ակադեմիայում կայացած հանդիպման ընթացքում Օհանեսյանը մոտեցել էր մի քանի բժիշկների, որոնք այսօր դասվում են աշխարհի լավուգույն մասնագետների շարքը և հարցրել նրանց, թե արդյոք կցանկանայի՞ն միանալ իր թիմին, որը պետք է համապատասխան առաքելությամբ Երևան մեկներ:

Հետևողականության և կազմակերպական աշխատանքների շնորհիվ` ՀԱՆ-ին հաջողվեց Երևան բերել Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժության կենտրոնի ռետինայի ինստիտուտի տնօրեն դոկտոր Թոմաս Լիին, Նյու Յորքի կենտրոնական հիվանդանոցի ակնաբուժության բաժանմունքի վարիչ դոկտոր Ջեյմս Վ. Փոլ Չենին, Կալիֆորնիայի Անահայմ քաղաքի հայտնի մանկաբույժ դոկտոր Պատրիկ Ուոլշին և Ավստրալիայից դոկտոր Ջամես Սմիթին, որն աշխարհի ԱՌ-ի բուժման առաջատար մասնագետներից է:

Բժիշկները (ինչպես նաև ՀԱՆ-ի մյուս գործընկերները) Հայաստան են եկել սեփական միջոցներով և կամավոր մեկշաբաթյա դասախոսություններ ու խորհրդատվություններ են անցկացրել: Նրանց մտքով իսկ չէր անցնի, որ վերապատրաստման դասընթացները նման կարևորություն ձեռք կբերեն:

Երևանի «Անի» հյուրանոցում երկու օր դասախոսություններից հետո, որոնց մասնակցում էին շուրջ 200 բժիշկ, վերապատրաստման դասընթացների երրորդ օրը նվիրվեց մայրաքաղաքի հիվանդանոցների նեոնատալոգիական բաժանմունքներում երեխաների զննմանը:

Ըստ Օհանեսյանի` զննման նպատակն էր տեղի բժիշկներին ծանոթացնել ԱՌ-ի հայտնաբերման ժամանակակից փորձին: Այն նաև առիթ էր սովորեցնելու ակնաբույժներին, թե ինչպես պետք է օգտվել ռետինալ ֆոտոխցիկներից, որոնք նախատեսված են աչքի հատակը լուսանկարելու համար, որոնց օգնությամբ ախտորոշում են:

Նման ֆոտոխցիկ Հայաստանում մինչև Բըրնսի կոմիտեի նվիրատվությունը գոյություն չուներ: Կոմիտեն ամեն տարի հունվարին Երևանում կազմակերպում է ավանդական «Բըրնսի ընթրիքը», որի ընթացքում կազմակերպվում է աճուրդ: Դրանից ստացված գումարն օգտագործվում է Հայաստանում բարեգործական նպակներով: (Կարդացե´ք այստեղ http://www.armenianow.com/news/20625/burns_supper_in_armenia):

Բժիշկները մի երեխայի մոտ հայտնաբերեցին ռետինալ արյունատար անոթների ախտահարում, ինչը զարմանքի և տագնապի առիթ:

Զննման ընթացքում դոկտոր Սմիթը մի կողմ տանելով Օհանեսյանին ասաց. «Եթե այս երեխային չվիրահատենք, նա մեկ շաբաթից կկուրանա»:

Հանրապետական հիվանդանոցի նեոնատալոգիական բաժանմունքում նրանք զննեցին շուրջ 30 երեխաների: Մեկ ուրիշ դեպք էլ արձանագրվեց: Հետո մեկ ուրիշը: Եվ այսպես` հինգ դեպք: Բժիշկներն ապշած էին:

«Այս բժիշկներն իրենց ողջ աշխատանքային գործունեության ընթացքում գուցե ԱՌ-ով շատ քիչ հիվանդ տեսնեն,- ասում է Օհանեսյանը: - Նեոնատալոգիական մեկ բաժանմունքում հինգ դեպքն արտասովոր է»:

Օհանեսյանի կարծիքով` հիմքեր չկան ենթադրելու, թե ԱՌ-ով տառապող հիվանդները Հայաստանում ավելի շատ են, քան այլ երկրներում, սակայն ՀԱՆ-ը հույս ունի, որ կկարողանա միջոցներ հայթայթել` ուսումնասիրելու այս երևույթը: Սակայն նա համոզված է, որ իրադարձությունների նշանակալի շրջադարձ էր հինգ երեխաների մոտ հիվանդության հայտնաբերումն ու շուտափույթ բուժումը:

Ավստրալիացի և ամերիկացի բժիշկները պետք է մեկնեին Երևանից վերապատրաստման դասընթացներից հետո` առավոտյան: Սակայն ԱՌ-ի առաջին երկու դեպքերը հայտնաբերելուց հետո Սմիթն Օհանեսյանին ասաց. «Ես այստեղից չեմ հեռանա, մինչև չզննեմ քաղաքի վաղաժամ ծնված բոլոր երեխաներին»:

Հիվանդ երեխաների ծնողների հետ խորհրդակցելուց հետո վիրաբույժները Մալայան կենտրոնում վիրահատեցին մինչև կես գիշերն անց: Վիրահատությունների ժամանակ արտասահմանցի բժիշկների կողքին էին նաև տեղացի ակնաբույժներ, այդ թվում`Մալայան կենտրոնի ռետինայի մասնագետ Թադևոս Հովհաննիսյանը: Հետևելով լազերով կատարվող մի քանի վիրահատությունների ընթացքին` վերջին երկու վիրահատությունները Հովհաննիսյանը կատարեց, որի աշխատանքից արտասահմանցի մասնագետները գոհ մնացին: Նրանք ուրախ էին, որ տեղացի բժիշկներն այժմ կարող են ստանձնել իրենց գործընկերներին սովորեցնելու գործը:

«Կարևոր է, որ Հովհաննիսյանն այժմ փորձ է ձեռք բերել և կարող է օգնել տեղացի մյուս բժիշկներին հայտնաբերել հիվանդությունը և բուժել երեխաներին,- ասում է Օհանեսյանը: - Հենց սա է ակնաբուժության նախագծի վերապատրաստման դասընթացների նպատակը. նախ հետևել, ապա վիրահատել, իսկ հետո` սովորեցնել մյուսներին»:

Սակայն, բացի այդ, արտասահմանցի բժիշկները, ի զարմանս իրենց` տեսնելով, թե Հայաստանում նման միջոցառումների որքան կարիք կա, պատրաստակամություն հայտնեցին հեռաբժշկության միջոցով մեկ տարի շարունակ ամեն շաբաթ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել տեղացի հայ բժիշկներին:

Երեխայի աչքն արագ է զարգանում, և մեկ շաբաթվա ընթացքում աչքի կառուցվածքը կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ ակնաբույժները յուրաքանչյուր երեխայի զննեն առնվազն շաբաթը մեկ անգամ, որպեսզի անմիջապես նկատեն ԱՌ-ի ախտանշանները:

Ռետինալ ֆոտոխցիկների միջոցով ստացված լուսանկարներըԵրևանի բժիշկները կտեղադրեն ինտերնետային համապատասխան կայքում: Ամերիկացի և հայ բժիշկները, ինչպես նաև ավստրալիացի մասնագետը, կզննեն լուսանկարները և, օգտվելով Skype ինտերնետային հեռախոսակապի ծառայությունից, կքննարկեն հիվանդության դեպքերը:

«Սա շատ լավ հնարավորություն է հայ բժիշկների համար: Նույնիսկ Ամերիկայում երիտասարդ բժիշկները սովորաբար չեն արժանանում նման հայտնի մասնագետ բժիշկների ուշադրությանը»,- ասում է Օհանեսյանը, որը ծնունդով Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքից է: Նա ավարտել է Հարվարդի բժշկական համալսարանը և, նախքան Հարավային Կալիֆորնիայում սեփական կլինիկա հիմնելը, վերապատրաստվել Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցում, այնուհետև հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կենտրոնում:

Օհանեսյանը, որն առաջին անգամ Հայաստան է եկել երկրաշարժից և պատերազմից տուժածներին օգնելու նպատակով, թեև մոտ հիսուն տարի բժշկության ասպարեզում է, սակայն ոգևորված և հուզված է նախագծի վերջին ձեռքբերումով, երբ այս իրադարձությունները բարեպատեհորեն համընկան:

«Այսօր հինգ երեխա և դեռ շատ-շատերը չեն կուրանա, քանի որ այս բժիշկները և նվիրատուներն արտասովոր բան արեցին,- ասում է նա: - Պատկերացնո՞ւմ եք, այս հայ մանուկները կմեծանան, նորմալ կյանքով կապրեն և գուցե երբեք էլ չիմանան, որ ոչ միայն տեղացի բժիշկների, այլև ԱՄՆ-ի և Ավստրալիայի մասնագետների, ինչպես նաև Շոտլանդիայից (որտեղ և հիմնվել է Բըրնսի կոմիտեն) և այլ երկրներից մի խումբ հովանավորների շնորհիվ է, որ իրենք կարողանում են տեսնել»: (Բացի նեոնատալոգիական բաժանմունքի համար ֆոտոխցիկից, ՀԱՆ-ը գնել է նաև շարժական ռետինալ ֆոտոխցիկ, որպեսզի հայաստանյան մասնագետները օգտագործեն դրանք` Հայաստանի 10 նեոնատալոգիական կենտրոն այցելելիս, որից հետո տեղացի և արտասահմանից մասնագետները կկարողանան վերլուծել դրանք:)

Հակոբ Ռեգանյանն այդ բախտավոր մանուկներից մեկն է: Նա վաղ է լույս աշխարհ եկել` մայիսի 11-ին` երկու ամիս շուտ, քան մայրը` Մաքրուհին, սպասում էր իր առաջնեկին:

Հղիության 27-րդ շաբաթում ծնված տղայի քաշը 1 կգ 100 գ էր, և մայրը հույս չուներ, թե որդին կապրի:

Ոչ այնքան ոչ վաղ անցյալում տղան Հայաստանում ավելի քիչ հնարավորություն կունենար ապրելու: Հայաստանում 100 երեխաներից 4-ը վաղաժամ են ծնվում: Ըստ ՀԱՆ-ի` անցյալ տարի 600 երեխա է ծնվել, որից 200-ը ԱՌ-ով հիվանդանալու ռիսկային խմբում էին:

Ոչ վաղ անցյալում Հակոբի նման մանուկների կյանքի որակին պակաս ուշադրություն կդարձնեին: Ողջ մնալն արդեն իսկ հրաշք էր:

Բժշկությունը Հայաստանում ընդհանուր առմամբ զարգացել է: Սա արդեն լավ նորություն է: Վտանգված կյանքը պահելու կարողությունից զատ նոր մարտահրավերն է` պահպանել այն:

Վաղաժամ ծնվածներին, որպես կանոն, պահում են կուվեզում, որտեղ նրանց 100 տոկոս թթվածին են ապահովում: Թեև մաքուր թթվածնի առկայությունը իդեալական պայման է կյանքը պահպանելու համար, սա փաստորեն կարող է խոչընդոտել երեխայի աչքի զարգացումը: Ուստի ԱՌ-ով հիվանդանալու ռիսկային խմբում հայտնված երեխաներին պետք է ավելի պակաս` 27 տոկոս, թթվածին տալ (կուվեզում թթվածնի տոկոսը կարգավորվում է բլենդերի միջոցով):

Օհանեսյանը մտավախություն ունի, որ ռիսկային խմբում հայտնված վաղաժամ ծնվածների կեսին, ի վերջո, սպառնում է կուրությունը: Նա շեշտում է, որ դրա պատճառն այն չէ, որ հայ բժիշկներն իրենց մասնագիտական պարտականություններում որևէ բանում թերացել են, այլ որովհետև այնպիսի հիվանդություն, ինչպիսին ԱՌ-ն է, հայտնաբերելը համեմատաբար նոր երևույթ է Հայաստանում, իսկ դրա դեմ պայքարելը տեղի բժիշկներին անելանելի դրության մեջ է դրել:

«Եթե բժշկության ոլորտում ես, շատ ծանր է տեսնել, թե ինչպես վաղաժամ ծնված երեխան կարողանում է ապրել, սակայն աստիճանաբար կուրանում»,- ասում Օհանեսյանը:

Հայաստանում ԱՌ-ի կանխարգելմանն ուղղված աշխատանքների համար ՀԱՆ-ի կարգախոսի հիմքում հենց այս ցավն է ընկած: Երեխաները, նույնիսկ վաղաժամ ծնված, տեսնելու հնարավորություն ունեն: Սակայն կրիտիկական մի քանի շաբաթ անց, հատկապես, 31-36-րդ շաբաթների ընթացքում ԱՌ-ը կարող է տեսողությունը խլել: Այդ պատճառով Հայկական ակնաբուժության նախագիծը դիմում է հովանավորներին. «Մի´ թույլ տվեք, որ նորածնի տեսած առաջին պատկերը նրա համար դառնա վերջինը»: ՀԱՆ-ը հույս ունի, որ կկարողանա հետագայում բարձրացնել ԱՌ-ի մասին իրազեկությունը նեոնատալոգիական ոլորտի հայ մասնագետների, մանկաբույժների և ակնաբույժների շրջանում:

ՀԱՆ-ի մասին մանրամասն տեղեկանալու և նրա աշխատանքներին մասնակից լինելու համար կարող եք այցելել www.eyeproject.com կայք:
Inside Armenianow