Հոգու երաժշտություն. հայազգի երգիչը փորձում է հանրությանը հաղորդ դարձնել Կոմիտասի ժառանգությանը

Հոգու երաժշտություն. հայազգի երգիչը փորձում է հանրությանը հաղորդ դարձնել Կոմիտասի ժառանգությանը

Source: Wikipedia

Մեծն Կոմիտասը

Հինգշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգահան, երգիչ և ռոք երաժիշտ Վահան Արծրունին ասաց, որ հուլիսի 25-ին կայանալիք իր համերգին պատրաստվում է ներկայանալ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա գրած երգերով: Երաժիշտը կարծում է, որ Կոմիտասին կարելի է դարձնել հայ ժողովրդի այցեքարտն ամբողջ աշխարհում, սակայն ՀՀ մշակույթի նախարարությունը այդ ուղղությամբ ոչինչ չի անում:

«Պարադոքս է, բայց Կոմիտասն ամենակատարվող կոմպոզիտորներից է, նրա երգերը եկեղեցում են կատարվում պատարագների ժամանակ, անընդհատ հեռարձակվում են Հանրային և «Վեմ» ռադիոկայաններով, սակայն հանրությունն անհաղորդ է Կոմիտասի արվեստին»,- ասում է Արծրունին, որը դեռ 2002-ին թողարկել է «Կոմիտաս. Տասը հայտնություն» ձայնասկավառակը: Այս ձայնասկավառակի երգերն էլ ներկայացվելու են նրա համերգում:
Երաժշտի կարծիքով` այս երևույթը կարելի է բացատրել հայկական հեռուստատեսությամբ 20 տարի շարունակ միայն փոփ կամ ցածրաճաշակ երաժշտության քարոզումով:

Հայ հայտնի երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) (1869-1935) համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը, նրա շնորհիվ պահպանվել են բազմաթիվ հայկական ժողովրդական երգեր: Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որ դարձել էր Փարիզի Միջազգային երաժշտական ընկերության անդամ։ 1915 թ. ապրիլի 24-ին նա Թուրքիայում բազմաթիվ այլ հայ մտավորականների պես ձերբակալվել է, ապա աքսորվել Անատոլիա, որտեղ ականատես է դարձել մտավորականության սերուցքի դաժան ոչնչացմանը: Սակայն Օսմանյան կայսրությունում այն ժամանակվա ԱՄՆ դեսպանի և իր թուրք բանաստեղծ ընկերոջ միջամտությամբ ազատվել է: Կոմիտասի հավաքած աշխատանքի մի մասը ոչնչացել է այս դեպքերի ժամանակ: Կյանքի վերջին տարիներին Կոմիտասը տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում` չկարողանալով դիմանալ Հայոց մեծ եղեռնի արհավիրքներին:

«Խորհրդային շրջանում Կոմիտասը հայ ազգի խորհդանիշներից մեկն էր` իր ճակատագրով, երաժշտությամբ: Սակայն անցյալ տարի, երբ Կոմիտասի 140-ամյակն էր, նախարարությունը բավարարվեց միայն Կոմիտասի «Պատարագի» ձայնասկավառակը թողարկելով»,- ասում է Արծրունին` հավելելով, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այս ոլորտում չի վարում համապատասխան քաղաքականություն կամ էլ չունի քաղաքականության անհրաժեշտության գիտակցում:
Inside Armenianow