Սևանի վտանգները. բնապահպանները զգուշացնում են` լճի մակարդակը հասնում է կրիտիկական նիշի

Սևանի վտանգները. բնապահպանները զգուշացնում են` լճի մակարդակը հասնում է կրիտիկական նիշի


Ջրի մակարդակի բարձրացման հետևանքով` Սևանալիճը ճահճանում է:

Հայ բնապահպանները վերջերս շարունակաբար իրենց մտահոգություններն են հայտնում Սևանա լճի ճահճացման վերաբերյալ, որի մակարդակը վերջին տարիներին անընդհատ բարձրացել է և այժմ հասել է 1901 մ-ի, ինչի հետևանքով ջրի տակ են մնացել հարյուրավոր ապօրինի և օրինական շինություններ, Սևանի շուրջը տնկված արհեստական անտառներ, ավտոճանապարհներ, նույնիսկ գազատար խողովակաշարեր:


Ջրի տակ մնացած կանաչ զանգվածը չի հասցնում արագ քայքայվել և, ըստ բնապահպան Կարինե Դանիելյանի` հնարավոր է` լիճը չհասցնի ինքնամաքրման միջոցով հաղթահարել աղտոտվելու և ճահճանալու վտանգը:


2001 թ. ընդունված «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով նախատեսվում է մինչև 2030 թ. լճի մակարդակը բարձրացնել 6 մետրով՝ հասցնելով այն 1903.5 մետրի` նախատեսելով տարեկան մոտ 20 սմ բարձրացում: Սակայն 2005 թ.-ից սկսած լճի մակարդակի բարձրացման տեմպերը ավելի բարձր են եղել նախատեսվածից` միջինը կազմելով մոտ 37 սմ: Այս տարի Սևանը բարձրացել է մոտ 60 սմ-ով: Սևանի մակարդակի բարձրացումը հնարավոր է դարձել լճից ջրի բացթողնման կտրուկ սահմանափակման շնորհիվ: Բնապահպանության նախարարությունում կարծում են, որ լճի մակարդակի բարձրացման ներկայիս տեմպերը պահպանելու դեպքում 1903.5 մ ցուցանիշին հնարավոր կլինի հասնել արդեն 2020 թ.:

2005-ից մինչև 2008 թվականը ՀՀ կառավարությունը գումար էր հատկացնում տարեկան մոտ 100 հա ափամերձ տարածք մաքրելու համար: 2009-ին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շրջայց կատարեց Սևանում, հանձնարարեց գումար հատկացնել մոտ 600 հա-ի մաքրման համար` տեսնելով, որ 100 հա-ը շատ քիչ է:

Հինգշաբթի ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել բնապահպանության նախարարությանը հատկացնել 30 մլն դրամ (մոտ 82.800 դոլար)` ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ էքսկավատորի ձեռքբերման և տեղափոխման ծախսը ֆինանսավորելու և Սևանում մաքրման աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

«Նախորդ տարիներին չեն ապահովվել այդ աշխատանքի որակն ու ծավալը, քանի որ մրցույթներում հաղթող ճանաչված ընկերությունները չեն ունեցել ստորջրյա անտառածածկ տարածքներում ծառաթփային բույսերի մաքրման բարձրարտադրողական մեքենա-սարքավորումներ»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ:

Inside Armenianow