Ավելի դյուրին արտահանման համար. Հայաստանն ավելի բարձր կարգավիճակ է ձեռք բերում ԻՍՕ-ում
Միջազգային ասպարեզում SARM անվանումով հայտնի Ստանդարտների ազգային ինստիտուտը ԻՍՕ-ի լիիրավ անդամ է դեռ 1997-ից: (ԻՍՕ-ն (International Organization for Standardization) աշխարհի միջազգային ստանդարտներ մշակող և տարածող ամենախոշոր կազմակերպությունն է: Այն 163 երկրների (մեկ անդամ յուրաքանչյուր երկրից) ստանդարտների ազգային ինստիտուտների համացանց է: Գլխավոր քարտուղարությունը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում, որը համակարգում է համակարգը:) ԻՍՕ-ի խորհրդի կազմում ընտրվելու ճանապարհը հեշտ չէր Հայաստանի համար, սակայն Հայաստանի առաջադրումը պաշտպանել են խորհրդի անդամ 50 երկրներ: Ներկայումս SARM-ը մասնակցում է ԻՍՕ-ի 35 տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, որոնցից 17-ին` դիտորդի կարգավիճակով: SARM-ի փոխտնօրեն Արտակ Շահբազյանն ասում է, որ այժմ ինստիտուտն ունի միջազգային լաբորատորիա, որտեղ ստուգվում են Հայաստանում արտադրվող կոնյակներ և գինիներ, որոնք արտահանվում են Եվրոպա: «Մենք ունենք ալկոհոլային խմիչքների համար VI1 սերտիֆիկատ, առանց որի հնարավոր չէ կոնյակի և գինու արտահանումը Եվրոպա»,- «ԱրմենիաՆաուին» տեղեկացրեց Շահբազյանը: Ըստ Շահբազյանի` ԻՍՕ-ի խորհրդի կազմում ընդգրկված լինելու տարիներին Հայաստանն իր ստանդարտացման նորմատիվային բազան կհամապատասխանեցնի համաշխարհայինին, որն էլ հնարավորություն կտա կոնյակից ու գինիներից բացի` այլ ապրանքատեսակներ նույնպես արտահանել համաշխարհային շուկա: Հայաստանը ստանդարտացման հետ բավական լուրջ խնդիրներ ունեցավ 2007-ին, երբ ԱՄՆ սննդի և դեղորայքի վարչությունը մի նախազգուշացում տարածեց, համաձայն որի ԱՄՆ ներմուծվող հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի մեջ արսենի թույլատրված պարունակությունը 50-60 անգամ ավելի է: Հայկական կողմն էլ պնդում էր, որ Ջերմուկում արսենի քանակը համապատասխանում է Հայաստանի ստանդարտներին: SARM-ում ասում են, որ միջազգային նորմատիվները վավերացնելուց հետո նման խնդիրներ չեն լինի:
Other Articles in Economy
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.