NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow
Թեև իշխանությունները շարունակ ներգնա տուրիզմը խթանելու քայլեր են ձեռնարկում, Հայաստանի քաղաքացիները նախընտրում են նույն գումարով ավելի որակյալ հանգիստ անցկացնել արտերկրում:
Նրանք, ովքեր Հայաստանում հանգիստն անցկացնելը համարում են պակաս մատչելի, նախընտրում են Թուրքիայի և Վրաստանի ծովափնյա հայտնի հանգստի գոտիները:
Ծաղկաձորի, Դիլիջանի, Աղվերանի, Ջերմուկի, Սևանի հանգստյան գոտիներում մեկ շաբաթ անցկացնելու համար Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի ստիպված կլինի ծախսել 80.000-200.000 դրամ (220-500 դոլար)` կախված հյուրանոցային համարի արժեքից: Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ում միջին աշխատավարձը կազմում է 104.000 դրամ (մոտ 283 դոլար), կարելի է ենթադրել, որ շատ ընտանիքների համար սեփական երկրի հանգստավայրերում արձակուրդն անցկացնելը մատչելի չէ (2 տարեկանից բարձր երեխաներից գանձվում է գումարի 50 տոկոսը):
«Հայաստանում գները պետք է այլ լինեին: Իսկ եթե մարդկանց ֆինանսական հնարավորությունները ներում են, գնում են նոր վայրեր, ծովափ, օդափոխվում են»,-«ԱրմենիաՆաուին» ասում է «Լևոն թրավել» տուրիստական գործակալության տնօրեն Անահիտ Փափազյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը համաձայն չէ, որ ներգնա տուրիզմը թանկ է: Նա նշում է, որ Հայաստանում կան վայրեր, որտեղ հնարավոր է մեկ անձի համար 6000-7000 (մոտ 20 դոլար) դրամ օրավարձով հանգստանալ: Սակայն, որպես կանոն, նման տեղերում հյուրանոցները խորհրդային ոճի են` հարմարություններից զերծ, առանց տաք ջրի:
Վրաստանի սևծովյան հանգստյան գոտիներն ու քաղաքները` Բաթումը, Քոբուլեթը, Ուռեկը, ներկայումս հայկական ընտանիքների համար ամենագրավիչ վայրերն են, հատկապես այն բանից հետո, երբ 2007 թ. սկսեց գործել Երևան-Բաթում երկաթգիծը:
Երևան-Բաթում գնացքի մեկ տոմսն արժե մոտ 60 դոլար (երկկողմ ուղևորությունը): Սակայն քիչ տուրիստական գործակալություններ կան, որոնք Վրաստան տուրփաթեթներ են առաջարկում` պատճառաբանելով, որ իրենք աշխատում են այնպիսի հյուրանոցների հետ, որոնց գները շատ բարձր են, մինչդեռ ընտանիքների մեծ մասը նախընտրում է ինքնուրույն տուն վարձել Վրաստանում:
Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ կախված ընտանեկան բյուջեից` մարդիկ ընտրում են հանգիստն անցկացնել Հայաստանում կամ Հայաստանից դուրս: Ու երբ պարզ է դառնում, որ նույն գումարով հնարավոր է հանգիստն անցկացնել դրսում, նախընտրում են դուրս գալ երկրից:
«Այստեղ նաև առկա է հոգեբանական մեկ այլ խնդիր: Չմոռանանք, որ Հայաստանը հետխորհրդային երկիր է, և հասրակության մեջ դեռ նստած է այդ խորհրդային «սինդրոմը»` արտասահման չեն կարող գնալ: Ու հիմա, երբ կան այդ հնարավորությունները, և դա հարիր է մարդկանց գրպանին, ապա մարդկանց իմացական հետաքրքրությունը նրանց տանում է դեպի այլ երկրներ»,- ասում է Նալչաջյանը:
52-ամյա Անուշ Գրիգորյանի հինգ հոգանոց ընտանիքն անցյալ տարի 20-օրյա ամառային հանգստի համար Բաթումում ծախսել է 814.000 դրամ (2200 դոլար, 22 դոլար` մեկ անձի համար):
«Վարձել էինք երեք սենյականոց բնակարան` մեկ օրվա համար վճարելով 60 լարի (մոտ 30 դոլար): Սննդի վրա մեկ հոգու համար ծախսում էինք 15 լարի (6-7 դոլար)»,-ասում է Անուշը:
33-ամյա Մադլեն Հարությունյանն անցյալ տարի հանգիստն ամուսնու ու 4 տարեկան երեխայի հետ անցկացրել է Բաթումում: Այս տարի նույնպես նախատեսում են անցկացնել այնտեղ:
«Ավելի արդյունավետ հանգիստ էր, օգտակար ու էժան: Երկու հոգուս համար մեկ գիշերը վճարում էինք 20 լարի (10 դոլար), սննդի համար՝ 30 լարի (15 դոլար): Ընդհանուր առմամբ 10 օրում ծախսեցինք 550 դոլար: Իսկ Ծաղկաձորում միայն երկու հոգուս գիշերելու համար վճարում էինք 24.000 դրամ (64 դոլար)»,- ասում է Հարությունյանը:
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն արտագնա տուրիզմի զարգացումը կապում է երկրում կենսամակարդակի բարձրացման հետ:
«Դրսից շատ գումարներ են ուղարկում հայ ընտանիքներին, ու մարդիկ այդ գումարներից ռեսուրսներ են կուտակում ամառային հանգիստն անցկացնելու համար,- ասում է Ադիբեկյանը: - Նաև պետք է նշեմ, որ շատերն այսօր աշխատանք ունեն, գործարար դաշտն ավելի կայացած է:
Մարդկանց մեծ մասը (ովքեր վերջին տարիներին աշխատանք էին ձեռք բերել) վերանորոգել է բնակարանները, ավտոմեքենա գնել ու հիմա նաև մտածում է նորմալ, հարմարավետ հանգիստ անցկացնելու մասին»:
Բացի Վրաստանից, հայ զբոսաշրջիկները նախընտրում են նաև Թուրքիայի ծովափնյա քաղաքները: Անթալիայում գները սկսվում են 370.000 դրամից (մոտ 1000 դոլար) մեկ անձի համար, որի մեջ մտնում է չորսաստղանի հյուրանոցը, երեքանգամյա սնունդը, ինքնաթիռի տոմսի արժեքը:
Geographic travel club-ի տնօրեն Աննա Պետրոսյանն ասում է, որ այս տարի մարդկանց հոսքը պակասել է այս ուղղությամբ` կապված քաղաքական իրադարձությունների հետ: Այս տարի տուրընկերությունները նոր փաթեթ են առաջարկում հայ զբոսաշրջիկներին դեպի Թունիսի Հանրապետություն:
14 օրվա համար վճարում են 555.000-592.000 դրամ (մոտ 1500-1600 դոլար), որի մեջ մտնում են ինքնաթիռի տոմսը, վիզայի ձևակերպումը, երեքանգամյա սնունդը:
2009 թ. Հայաստանից զբոսաշրջության նպատակով արտերկիր է մեկնել 526.000 մարդ, որը 1,5-2 տոկոսով ավելի է 2008 թ. ցուցանիշից: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նախորդ տարվա մայիսի համեմատությամբ տեղի է ունեցել 12,4 տոկոս գնաճ:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.