Ընդդիմադիր Հայոց համազգային շարժում կուսակցությունում շարունակվում են ներքին պառակտումները: Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀՇ-ից հեռանալու մասին հայտարարություն է տարածել ՀՀՇ հայտնի անդամ Կարապետ Ռուբինյանը` հայտարարելով, որ չի կարող հանդուրժել հուլիսի 17-ին անցկացված ՀՀՇ համագումարում ՀՀՇ վարչության անդամների կեղծված ընտրությունները:
«Իմ դիտարկումներով և համաձայն ինձ հասած տեղեկությունների` ՀՀՇ հուլիսի 17-ին կայացած համագումարում ՀՀՇ վարչության անդամների ընտրությունների արդյունքները կեղծվել են:
Սա շատ տարօրինակ և ցավալի երևույթ է, քանի որ կատարվել է ազատական-ժողովրդավարական սկզբունքներ դավանող կուսակցությունում, մի կուսակցությունում, որը երկու տարուց ավելի է` Հայ ազգային կոնգրեսի կազմում բողոքում ու պայքարում է 2008 թ. անարդար, կեղծված նախագահական ընտրությունների դեմ»,- ասում է Ռուբինյանն իր բաց նամակում, ով ՀՀ քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի հիմնադիրներից է և 2008-ի նախագահական ընտրություններից հետո 71 օր պահվել է բանտում:
Միաժամանակ հրաժարական է ներկայացրել ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Կարապետյանը` պատճառաբանելով, որ ՀՀՇ լրատվական ծառայության ղեկավարը պետք է լինի ՀՀՇ վարչության անդամներից, իսկ ինքը համագումարի ժամանակ չի առաջադրվել վարչության կազմում ընդգրկվելու կամ չընդգրկվելու համար։
ՀՀՇ համագումարին նախորդել էին նախ կուսակցության փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի, ապա ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի հրաժարականները: Երկուսն էլ մեղադրվում էին իշխանությունների հետ բանակցություններ վարելու մեջ:
Ռուբինյանին հատկապես զայրացրել է այն, որ պայքարի առաջնորդը համագումարում (այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը) պայքարի հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսել է այդ պայքարի անիմաստության մասին`«միևնույն է` մինչև փոխզիջում չլինի, ոչ մի բան դուրս չի գա»:
Հրաժարական ներկայացրած երկու անձինք էլ «ԱրմենիաՆաուին» ասացին, որ դեռ ՀՀՇ-ից ոչ մի արձագանք չեն ստացել:
«Ես երեկ ուշ երեկոյան եմ տեղադրել իմ բաց նամակը, և մեկ շաբաթ զերծ կմնամ որևէ մեկնաբանություն անելուց»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Ռուբինյանը: Իսկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ինքը շարունակում է մնալ ՀՀՇ շարքային անդամ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.