Պատրաստ են մրցելու. ՀՌԱՀ-ը հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ է հայտարարել Հայաստանում

Պատրաստ են մրցելու. ՀՌԱՀ-ը հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ է հայտարարել Հայաստանում

Photolure

«…հասարակությունն է դիտում հեռուստատեսությունը, և այն պետք է ոչ թե ՀՌԱՀ-ի ճաշակին համապատասխանի, այլ հանրության ցանկություններին ու պահանջներին»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:

Այն մտավախությունների ֆոնին, որ կառավարության վերահսկողությունը տեղի ԶԼՄ-ների վրա աճում է, այդուհանդերձ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների լիցենզավորման մրցույթ է հայտարարել Հայաստանի հեռուստաընկերությունների համար: Մրցույթը պաշտոնապես սկսվել է հուլիսի 20-ից և նախատեսված է 18 հեռուստածրագրերի համար:

Ըստ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի` հայտարարված մրցույթներն ապահովելու են հանրապետական սփռումը Հայաստանի Հանրապետությունում: Մրցույթին մասնակցելու են թե´ մայրաքաղաքային, թե´ մարզային սփռում ապահովող հեռուստաընկերությունները:

Օրենքով նախատեսվում է հանրապետության ողջ տարածքով սփռվող (բացի Հանրային հեռուստաընկերության 2 ծրագրերից) 5 մասնավոր հեռուստաընկերություն` ընդհանուր ուղղվածության, մի քանիսը` մասնագիտական ուղղվածության, մեկ մասնավոր հեռուստաընկերություն` միջազգային և տեղական լրատվական ու վերլուծական հաղորդումների, և 4 վերահեռարձակող ընկերություն: Կլինի նաև նաև մեկական հեռուստածրագիր զուտ Երևանի և յուրաքանչյուր մարզի համար:

Հոկտեմբերի կեսին արդեն մրցույթին մասնակցող ընկերությունները կներկայացնեն իրենց հայտերը, իսկ դեկտեմբերի կեսին վարկանիշային քվեարկությամբ կկայացվեն համապատասխան որոշումները:

Ազգային ժողովը գարնանային նստաշրջանի վերջին արտահերթ նիստի ժամանակ ընդունեց «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունները, որոնք միտված էին կարգավորելու Հայաստանում հեռուստահեռարձակման թվայնացումը, որը պետք է ավարտին հասցվի մինչև 2013 թվականի հուլիսը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ փոփոխված օրենքով իշխանություններն ընդամենը ջանում են երկարաձգել հեռուստառադիոհեռարձակման նկատմամբ իրենց լիակատար վերահսկողությունը:

«Բազմիցս ենք ասել, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը իսկապես մեծ փոփոխությունների կարիք ունի: Ավելի շատ` ոչ թե արգելող, այլ բազմակարծությունը խթանող: Կարծում եմ` օրենքում տեղ գտած փոփոխությունները բաց ու թափանցիկ մրցույթներ անցկացնելու հնարավորություն չեն տա»,- ասում է նա:

Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը կարծում է, որ մրցութային հայտերը պետք է հանրային լսումներ անցնեին, ինչը չամրագրվեց փոփոխված օրենքով:

«Ներկայացված հայտերը ըստ էության փակ ու գաղտնի են մնում: Հանրության կարծիքը, ում համար նախատեսված է հեռուստատեսությունը, չի լսվում: Մինչդեռ հասարակությունն է դիտում հեռուստատեսությունը, և այն պետք է ոչ թե ՀՌԱՀ-ի ճաշակին համապատասխանի, այլ հանրության ցանկություններին ու պահանջներին»,- «ԱրմենիաՆաուին» ասում է փորձագետը:

Հարությունյանն ընդգծում է ևս մեկ հանգամանք`մրցույթին մասնակցած և լիցենզիայի մերժում ստացած հեռուստաընկերությունների մերժումների չհիմնավորումը:

2002 թվականից եթերազրկված «Ա1+» հեռուստաընկերությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում 2008 թվականի հունիսին հաղթեց Հայաստանի Հանրապետությանը: Դատարանը հաստատված էր համարել այն, որ պետությունը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 10-րդ՝ խոսքի ազատության հոդվածը՝ մի քանի անգամ մերժելով «Ա1+»-ի` հեռարձակման արտոնագիր ստանալու դիմումները:

Անկախ հեռարձակվող «Ա1+» հեռուստաընկերությունը եթերից զրկվել է 2002 թ. ապրիլին` այն բանից հետո, երբ կորցրել է իր հեռարձակման հաճախությունը ՀՌԱՀ-ի կազմակերպած մրցույթում: ՀՌԱՀ-ն իր որոշման հստակ պատճառներ չի ներկայացրել և խոչընդոտել մեկ այլ հաճախություն ձեռք բերելու հեռուստաընկերության բոլոր փորձերը: 2008 թ. Եվրոպական դատարանի որոշման մեջ ասվում է. «Այն ընթացակարգը, որը չի պարտադրում արտոնագրող մարմնին հիմնավորել իր որոշումները, չի կարող արտահայտման ազատության հիմնարար իրավունքը բավարար չափով պաշտպանել հանրային մարմնի ինքնակամ միջամտությունից»։

«Ա1+»-ը նույնպես մասնակցելու է հայտարարված հեռուստահեռարձակման լիցենզավորման մրցույթներին։ Հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանը համոզված է, որ իրենց առաջարկած նախագիծը բավական հետաքրքիր է, և ինչ-որ հաջողության պետք է հասնեն:
Հեռուստաընկերությունը տարիներ շարունակ հայտարարել է, որ Հայաստանում հեռարձակման հաճախություն ստանալու իրենց կրկնվող անհաջողությունները կառավարության ստեղծած խոչընդոտների հետևանք են:

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան կատարած այցի ընթացքում քաղաքացիական հասարակական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ նախագահի Սերժ Սարգսյանի հետ զրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում մամուլի ազատության հետ կապված հարցերի առնչությամբ:

«Ձեզնից շատերը մտահոգված են հեռահաղորդակցության թվայնացմանն առնչվող վերջին օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ: Մենք, ինչպես և ԵԱՀԿ-ն ու Եվրամիությունը, կիսում ենք այդ մտահոգությունը»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարը` հավելելով, որ նախագահ Սարգսյանն իրեն պատասխանել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է առաջիկա աշնանը ևս մեկ անգամ վերանայելու հիշյալ օրենքը:

Չնայած տեղի փորձագետների և միջազգային կազմակերպությունների բարձրաձայնած մտավախություններին` այդուհանդերձ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրենքի ուժ տվեց ԱԺ ընդունած օրենքի փոփոխություններին: Այս օրենքով նախատեսվում է կրճատել Հայաստանում գործող թվային մի շարք հեռուստա- և ռադիոընկերություններ:

Տեղի ընդդիմախոսներն ու ԵԱՀԿ ԶԼՄ-ների փորձագետները նախազգուշացրել են, որ նոր օրենքը կարող է լուրջ սահմանափակումներ դնել Հայաստանում բազմակարծության վրա:

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն ասում է, որ միանշանակ չեն փոխվի մրցույթին առնչվող ընթացակարգերը:

«Չեն սահմանվի նոր պահանջներ, որոնք էապես կանդրադառնային մրցակցային գործոնների վրա այս հայտարարված մրցույթներում»,- ասում է ՀՌԱՀ նախագահը:

Փորձագետ Հարությունյանը կասկածում է, որ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունից հետո իշխանությունները որևէ էական փոփոխություն կիրականացնեն:

«Իմ պատկերացմամբ` 18 հաճախություններն արդեն իսկ բաշխված են: Բայց մենք հույս ունենք, որ մի օր այս օրենքը կփոխվի»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:
Inside Armenianow