Դաշնակցության ներկայացուցիչի կարծիքով` Հաագայի դատարանի որոշումը շահեկան է Ղարաբաղի համար

Դաշնակցության ներկայացուցիչի կարծիքով` Հաագայի դատարանի որոշումը շահեկան է Ղարաբաղի համար

Photolure

«… միջազգային իրավունքի նորմերը կամ պետք է բոլորի համար հավասար լինեն, կամ ընդհանրապես չլինեն»,- ասում է Հովհաննիսյանը:

Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության վերաբերյալ ողջունելի է Լեռնային Ղարաբաղի շահի և համաշխարհային արդարության տեսանկյունից:


Հաագայի դատարանը հայտարարել է, որ 2008 թ. Սերբիայից Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումը չի խախտում միջազգային իրավունքը: Մինչ օրս Կոսովոյի անկախությունը ճանաչել է 69 երկիր: Ռուսաստանն ու Սերբիան դեմ են արտահայտվում Կոսովոյի ճանաչմանը: Թեև Հաագայի դատարանի որոշումը պարտադիր ուժ չունի, խորհրդատվական բնույթ ունի, սակայն փորձագետներն ու քաղաքական գործիչները չեն կասկածում, որ նման որոշումը քաղաքական լուրջ հետևանքներ կունենա:

Հայ փորձագետները և քաղաքական գործիչները ևս, արձագանքելով դատարանի այդ որոշմանը, միաձայն պնդում են, որ այն իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին օրինականորեն պնդելու միջազգային ասպարեզում իր անկախ լինելու իրավունքը:

Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօր (հուլիսի 23-ին) ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում ու մյուս շրջաններում տեղի կունենան մեծաթիվ հանրահավաքներ` ի պաշտպանություն Կոսովոյի հարցով Հաագայի դատարանի կայացրած որոշման: Հանրահավաքներով նրանք նաև կարտահայտեն իրենց կամքն այն մասին, որ չեն ցանկանում լինել Ադրբեջանի կազմում:

Վահան Հովհաննիսյանին մտահոգում է ԱՄՆ այն հայտարարությունը, որ անկախ դատարանի վճռից` ԱՄՆ-ը ողջունում է Կոսովոյի անկախությունը:

«Սա նշանակում է, որ էապես արժեզրկվում են միջազգային իրավունքի նորմերը, որոնք կա´մ պետք է հավասարապես աշխատեն բոլորի համար, կա´մ էլ չպիտի լինեն»,- ասում է Հովհաննիսյանը:

Inside Armenianow