Վերլուծություն. որո՞նք են Ղարաբաղի առնչությամբ Կոսովոյի անկախության մոդելի կիրառման թույլ կողմերը

Վերլուծություն. որո՞նք են Ղարաբաղի առնչությամբ Կոսովոյի անկախության մոդելի կիրառման թույլ կողմերը

Source: Wikipedia

Արդարադատության միջազգային դատարան. կհասնի՞ արդյոք Ղարաբաղի անկախության հարցը Հաագա:

Հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Հաագայում տեղակայված միջազգային դատարանի որոշումն այն մասին, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենսդրությանը, դարձավ թիմ մեկ նորությունը Հայաստանում, որտեղ կարծում են, որ նման որոշումը սնանկ է դարձնում ադրբեջանական կողմի այն պնդումները, թե հայ ժողովուրդը չի կարող ինքնորոշվել երկու անգամ և երկու պետություն ունենալ:

«Այդ որոշումից հետո ակնհայտ է, որ այն ամենը, ինչի մասին խոսում է Ադրբեջանը, ամբողջությամբ հակասում է միջազգային իրավունքին: Միջազգային դատարանը, ըստ էության, ասել է` երկու ալբանական պետություններ` Ալբանիան և Կոսովոն, անկախություն են ստացել»,- ասել է արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը` այդ կերպ արտահայտելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը:

Քոչարյանը նաև նշել է, որ որոշումը, իրոք, աննախադեպ է եղել այն առումով, որ առաջին անգամ միջազգային դատարանը անդրադարձել է ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության և դրանց հարաբերակցության խնդրին` ընդունելով հենց այն որոշումը, որը բխում է ՄԱԿ-ի կանոնադրություննից:

2008 թ. փետրվարի 17-ին Կոսովոյի ալբանական իշխանությունները միակողմանի կարգով հռչակեցին երկրամասի անկախությունը Սերբիայից: Անցած տարիների ընթացքում ավելի քան 69 երկիր արդեն ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Այդուհանդերձ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ` Ռուսաստանը և Չինաստանը, չեն ճանաչում Կոսովոյի անկախությունը:

Այսօր դժվար է ասել, թե ինչ ազդեցություն կունենա միջազգային դատարանի որոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների վրա, առավել ևս, որ արևմտյան շատ դիվանագետներ բազմիցս հայտարարել են, թե Կոսովոն և Ղարաբաղը միանգամայն տարբեր խնդիրներ են:

Նախքան «Կոսովոյի նախադեպի» կիրառման մասին խոսելն առաջին հերթին պետք է որոշել` իսկ ի՞նչ է «Կոսովոյի նախադեպը»: Սա երկսայր սուր է. որքան որ կոչված է խարխլելու երկակի ստանդարտների հիմքերը, նույնքան էլ վկայելու անվտանգության միջազգային երաշխիքների վիրտուալության մասին:

Բավական է հիշել, թե ընդամենը չորս տարի առաջ ի~նչ համընդհանուր միջազգային ցնծությամբ ընդունվեց Սերբիայի նոր սահմանադրությունը: Այդ իրադարձությունը կատարվեց 2006 թ.` Չերնոգորիայի անջատումից մի քանի ամիս անց, երբ թվում էր, թե ամեն ինչ ավարտված էր, առավել ևս, որ Սերբիան զրկվեց նաև այն ժամանակ դեպի ծով դուրս գալու վերջին ելքից:

Եվ ահա շարունակական զիջումների հենց այս պայմաններում ընդունվեց Սերբիայի գործող սահմանադրությունը, որը կոչված էր ցույց տալու և ապացուցելու, որ Սերբիայի զիջումները ոչ մի դեպքում միակողմանի չեն:

Փաստաթղթի նախաբանում ասվում է. «Սերբիայի քաղաքացիներն ընդունում են Սերբիայի Հանրապետության սահմանադրությունը` ելնելով սերբ ժողովրդի պետական ավանդույթից և Սերբիայի բոլոր քաղաքացիների ու էթնիկ համայնքների իրավահավասարությունից, ինչպես նաև այն բանից, որ Կոսովոյի և Մետոխիայի երկրամասը կազմում է Սերբիայի տարածքի բաղկացուցիչ մասը և էական ինքնավարության իրավունք ունի Սերբիայի ինքնիշխան պետության սահմաններում»:

Այս նախադասությունն ասես նշանակում էր, որ արդեն վերջ, հետայսու Սերբիային ոչ ոք ձեռք չի տա: Թե ինչ եղան «միջազգային երաշխիքները», հայտնի է բոլորին: Այսպիսով, «Կոսովոյի նախադեպը», իրոք, երկսայր սուր է, ընդ որում, մեր դիտարկած երկրորդ սայրն ավելի սուր է և առավել կիրառելի միջազգային փորձում:

Այս «սայրն» ապացուցում է, որ միջազգային երաշխիքներ` որպես այդպիսիք, չկան: «Միջազգային հանրության» ճնշման տակ ընդունված սահմանադրությունն այսօր արդեն վերածվել է թղթի կտորի նույն այդ հանրության ձեռքում:

Երկրորդ կողմն առավել բարդ է: Բանն այն է, որ բոլոր նոր քաղաքական սուբյեկտները, այդ թվում` ճանաչված, չճանաչված, «կիսաճանաչված» (Էրիթրեա, Արևելյան Թիմոր, Կոսովո, Աբխազիա, Հարավային Օսիա…), պետական ինքնիշխանություն են հռչակել հակամարտության պահին ձևավորված վարչական սահմաններում, մինչդեռ Ղարաբաղի պարագայում «ներկայիս ԼՂՀ»-ն և «նախկին ԼՂԻՄ»-ը խիստ տարբեր հասկացություններ են:

Ներկայիս ԼՂՀ-ն զբաղեցնում է 13000 քառ. կմ մակերես, նախկին ԼՂԻՄ-ը` 4500 քառ. կմ:

Երբ այսօր խոսվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների առնչությամբ Կոսովոյի նախադեպի կիրառման անհրաժեշտության մասին, ապա ոչ մեկը կարգին չգիտի էլ, թե ի´նչ մակերեսի մասին է խոսքը:

Ի դեպ, այս հարցում անորոշությունը հենց Հայաստանի Հանրապետության կողմից ԼՂՀ անկախությունը չճանաչելու գլխավոր պատճառներից մեկն է:

Դժվար է ասել, թե հայ հասարակության ներկայիս վիճակը որքանով է հնարավորություն ընձեռում բանավիճելու այս նուրբ թեմայի շուրջ, սակայն պարզ է մի բան. վաղ թե ուշ Հայաստանում այս հարցը կդառնա գլխավոր ներքաղաքական հարցը, որը նույնիսկ որոշակի հանգամանքներում կարող է հրահրել իշխանության ճգնաժամ:

Համենայն դեպս, հենց այսօր Կոսովոյի սկզբունքների մեքենայորեն տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի վրա անհնար է: Մինչ այն պահը, երբ միջազգային հանրությունը պատրաստ կլինի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը կիրառելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դեռևս անորոշ հեռանկարում, հարկ կլինի հաղթահարել վերը նշված առնվազն երկու խոչընդոտները:
Inside Armenianow