Վերանայել է. Կարապետ Ռուբինյանը ներողություն է խնդրել ՀԱԿ-ի հասցեին ուղղված հայտարարությունների համար

Վերանայել է. Կարապետ Ռուբինյանը ներողություն է խնդրել ՀԱԿ-ի հասցեին ուղղված հայտարարությունների համար


Ճանաչված ընդդիմադիր գործիչ Կարապետ Ռուբինյանը մեկ շաբաթ առաջ իր կուսակցությունից դուրս գալուց հետո նոր հայտարարությամբ է հանդես եկել` ներողություն խնդրելով և հետ վերցնելով այն մեղադրանքները, թե ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը կեղծել է վերջին համագումարի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքները:

Ռուբինյանը (Քաղբանտարկյալների և հալածյալների կոմիտեի համահիմնադիր և համակարգող) «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նոր հայտարարության մեջ ասում է, որ համոզվել է, որ ընտրությունների ժամանակ առաջացած խնդիրները կազմակերպչական թերությունների հետևանք են եղել:

Ռուբինյանը հատկապես մեղադրել էր Լևոն Տեր-Պետրոսյանին այն բանում, որ ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հետագա ծրագրերի մասին խոսելու փոխարեն խոսել է այդ պայքարի անիմաստության մասին. նա ասել էր, որ նախ պետք է լուծել հայ-թուրքական հակասություններն ու Լեռնային Ղարաբաղի հարցը, ապա նոր` երկրի ներքին խնդիրները:

Սակայն Ռուբինյանն ընդգծում է, որ իր վերջին հայտարարությունները չեն ենթադրում, թե ինքը լքել է ընդդիմության շարքերը, և շարունակելու է գործել այնպես, ինչպես ճիշտ է համարում:

«Եթե Հայ ազգային կոնգրեսը շարունակի պայքարել ավազակապետության դեմ, օրինականություն պահանջի, արտահերթ ընտրություններ, ես ամեն կերպ կաջակցեմ այդ պայքարին, իսկ եթե նկատեմ պայքարի իմիտացիա, ոչ մի բան էլ չեմ անի»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Ռուբինյանը:
Inside Armenianow