«Մեկ ազգ, մեկ մշակույթ». տարաբնույթ արձագանքներ երկու տարին մեկ անգամ անցկացվող մշակութային իրադարձության մասին

«Մեկ ազգ, մեկ մշակույթ». տարաբնույթ արձագանքներ երկու տարին մեկ անգամ անցկացվող մշակութային իրադարձության  մասին

Photolure

Երևանում, Հայաստանի մարզերում և Արցախում հուլիսի 22-29-ն անցկացվող «Մեկ ազգ, մեկ մշակույթ» 4-րդ մշակութային փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» միջոցառումների շարքն անցնում է մերթ սփյուռքից ժամանած մասնակիցների` փառատոնի վերաբերյալ գոհունակության արտահայտություններով, մերթ էլ դրա կազմակերպչական մակարդակի վերաբերյալ դժգոհություններով:

Փառատոնին մասնակցող որոշ երկրների պատվիրակություններ իրենց դժգոհությունն են հայտնել, որ փառատոնի մասին գովազդ չի իրականացվել, ինչը կարող էր միջոցառումների ժամանակ ավելի շատ հանդիսատես ներգրավել:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնն անցկացվում է 2004 թվականից` երկու տարին մեկ անգամ: Փառատոնի նպատակն է ամրապնդել Հայաստան-սփյուռք-Արցախ հոգևոր-մշակութային կապերը, ազգային մշակույթի պահպանման գործում ներգրավել սփյուռքի ստեղծագործող երիտասարդությանը, ինչպես նաև մշակութային ոլորտում հայտնաբերել համահայկական մասնագիտական ներուժ: Այս տարի փառատոնի կազմակերպիչները որոշել են փառատոնի շրջանակներում անցկացվող տարաբնույթ միջոցառումներն անցկացնել ամբողջ տարվա ընթացքում: Փառատոնի կազմակերպիչներն են ՀՀ սփյուռքի նախարարությունը և «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամը:

Այս տարի փառատոնի «Կատարողական արվեստի օրեր» միջոցառումների ցանկը շատ հագեցած է: Փառատոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիետա Մակարյանն ասում է, որ Երևանում, մարզերում և Արցախում օրական 7-8 տարբեր միջոցառումներ են անցկացվում: Ամենամեծ պատվիրակություններ գալիս են սովորաբար Ռուսաստանից, Իրանից և Վրաստանից: Այս տարի փառատոնին շուրջ 18 երկրներից մասնակցում է 1200 մարդ, ընդ որում` շատ են պարախմբերը և երգչախմբերը:

«Մի համերգին մասնակցում են տարբեր երկրների ներկայացուցիչներ, նրանք, ուզեն թե չուզեն, իրար հետ շփվում են, հասցեներ փոխանակում, մտերմանում են, միասին շրջում, խանդավառություն կա մասնակիցների մեջ: Փառատոնի հիմնական նպատակը հայապահպանությունն է, և մենք դրան արդեն հասել ենք»,- ասում է Մակարյանը:

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը երեկ` հուլիսի 26-ին, Լիբանանից ժամանած պարախմբի ելույթից առաջ ասաց, որ փառատոնն արդեն կայացած իրողություն է:

«Այսօր մենք բոլորս միասին երջանկությամբ փաստում ենք, որ այս սերունդը ոչ միայն մեր մշակութային ժառանգության տերն է, այլև այդ ժառանգության կրողը: Այն ազգը, որ ունի այսպիսի հիշողություն, այսպիսի մշակույթ և այսպիսի համախմբվածություն, նրա բոլոր իղձերն իրականանալի են»,- ասաց Պողոսյանը:

Չնայած դրան ԱՄՆ-ից ժամանած դաշնակահար Հովիկ Քեոշկերյանի ուսուցիչ Հմայակ Հովհաննիսյանն «ԱրմենիաՆաուին» փոխանցեց, որ փառատոնի վերաբերյալ գովազդ չի արվել, և մարդկանց մեծ մասն անգամ տեղյակ չէ, որ նման միջոցառումների շարք է անցկացվում:

«Բացի այդ, չգիտենք` ո´ւր ենք գնալու, այսինքն` իմանում ենք, բայց միայն վերջին պահին»,- իր վրդովմունքը չթաքցրեց Հովհաննիսյանը` ավելացնելով, որ դեռ վաղ է խոսել փառատոնի գաղափարի իրականացման մասին:

Իրանից ժամանած «Արարատ» հայ մշակութային միության Արամայիս Աղամալյանի անվան թատերախմբի 12 հոգանոց թատերախմբի (թատերախումբը, որը երկրորդ անգամ է Հայաստանում, երեկ գրեթե կիսադատարկ դահլիճում ներկայացրեց ամերիկացի գրող Արթուր Միլլերի «Իմ բոլոր զավակները» պիեսը) գեղարվեստական ղեկավար Վահագն Ազիզյանը «ԱրմենիաՆաուին» ասաց, որ այս տարի փառատոնը իրենց ոչ մի արդյունք չի տվել:

«Հույս ունեի, որ գոնե էսօր հանդիսատես կունենանք, որովհետև երկու օր առաջ էլ խաղացինք, հանդիսատես չկար»,- ասում է Ազիզյանը` ավելացնելով, որ իրենց համար ոչ մի գովազդ չի արվել, ինչը կազմակերպիչների պարտականությունը պետք է լիներ:

Ազիզյանը պատրաստվում է իր նկատառումները նամակով փոխանցել փառատոնի կազմակերպիչներին:

«Մեզ համար երազանք է գալ Երևան և որևէ դահլիճում խաղալ, բայց հիմա ի՞նչ: Ներկայացմանը իմ թեհրանահայ ծանոթներն էին եկել, նրանք, ովքեր այստեղ են ապրում կամ էլ եկել են այստեղ հանգստանալու»,- հավելեց նա:
Inside Armenianow