Շախմատ. ՖԻԴԵ-ն տեղափոխում է հավակնորդների խաղերը Բաքվից Կազան

Շախմատ. ՖԻԴԵ-ն տեղափոխում է հավակնորդների խաղերը Բաքվից Կազան


ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն` ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ 2011 թ. աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը, որոնք ավելի վաղ որոշվել էր անցկացնել Ադրբեջանում, այժմ կանցկացվեն Ռուսաստանում: Անվտանգության նկատառումներից ելնելով` հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր, թե հրաժարվում է մասնակցել Ադրբեջանում անցկացվելիք մրցաշարին:

Սակայն, ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի խնդրանքով ՖԻԴԵ-ն փոխել է որոշումը:

ChessBase շախմատային նորությունների առցանց կայքը հաղորդում է, որ որոշումն ընդունվել է ի հակառակ այն բանի, որ Ադրբեջանում կազմակերպիչների հետ արդեն պայմանագիր էր կնքվել, և նրանք նույնիսկ 150.000 դոլար էին փոխանցել ՖԻԴԵ-ի բանկային հաշվին:

Նույն աղբյուրի համաձայն` Իլյումժինովը երեքշաբթի ասել է, որ մրցախաղերը կանցկացվեն Ռուսաստանի Կազան քաղաքում: Առցանց կայքի հաղորդմամբ` մի քանի օր առաջ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան նամակով դիմել էր ՖԻԴԵ-ին` խնդրելով խաղերը տեղափոխել Կազան: Պարբերականը չի մասնավորել, թե ո´րն է Ռուսաստանի նման խնդրանքի ստույգ պատճառը, սակայն նշել է, որ Արոնյանն ասել է, թե որպես հայ իր համար անվտանգ չէ Ադրբեջանում խաղալը, մի երկրում, որի հետ Հայաստանը հակամարտում է Լեռնային Ղարաբաղի շուրջ 1990 թվականից:

Մինչ այդ, մրցախաղերի մեկ այլ հավակնորդ` բուլղարացի Վեսելին Տոպալովը բաց նամակ էր հրապարակել, որում հրաժարվում էր Ռուսաստանում խաղալուց:

ՖԻԴԵ-ի վերջին հայտարարությունը հաստատում է, որ մրցախաղերի ութ մասնակիցները չեն փոխվել: Նրանք են` Կարլսենը, Կրամնիկը, Արոնյանը, Տոպալովը, Ռաջաբովը, Կամսկին, Գելֆանդն ու Մամեդյարովը:

Հաղթողը կդառնա 2011 թ. աշխարհի չեմպիոնի համար խաղի հավակնորդ:
Inside Armenianow