Կապտուկներ Թեղուտի համար. հանքավայրի շուրջ կրքերը դեռ չեն հանդարտվել
Ակտիվիստները ՎՏԲ-ից պահանջում էին «կասեցնել Թեղուտի հակաէկոլոգիական և անօրինական ծրագրի ֆինանսավորումը, հանրայնացնել բանկի բնապահպանական չափորոշիչները և դրանք մշակողների անունները, վերջ տալ հասարակության նկատմամբ արհամարհական վերաբերմունքին, հարգել և ի կատար ածել հաշվետվության և թափանցիկության սկզբունքները, նաև պահանջում էին հստակ պատասխան էկոլոգիական և իրավապաշտպան կազմակերպությունների նամակներին»: ՀՀ կառավարությունը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումը կայացրել է 2007 թ. նոյեմբերին` հանքավայրի շահագործման լիցենզիան 25 տարով տրամադրելով ACP ընկերությանը: Սա առաջին դեպքն է, երբ ՀՀ կառավարությունը թույլատրում է անտառի տեղում հանքի շահագործումը: Թեղուտի հանքավայրը Հայաստանում մեծությամբ երկրորդն է` Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո: Համաձայն մասնագետների հաշվարկների` հանքավայրը պարունակում է 1,6 միլիոն տոննայից ավելի պղինձ և 100 հազար տոննա մոլիբդեն: Հանքավայրի շահագործման որոշմանը Հայաստանի բնապահպաններն ի սկզբանե մեծ դիմադրություն ցույց տվեցին` անընդհատ ահազանգելով շրջակա միջավայրին անդառնալիորեն հասցվող վնասի մասին (անտառի էկոհամակարգի, Կարմիր գրքում գրանցված որոշ կենդանիների և բույսերի ոչնչացում, թափոնների պատճառով մարդկանց առողջությանը հասցվող մեծ վնաս և այլն): Իսկ ACP ընկերության ղեկավարությունը մատնացույց է անում տեղացիների համար ստեղծված և ստեղծվելիք աշխատատեղերը և հանքարդյունաբերության մեծ դերը ՀՀ տնտեսական աճի մեջ: Չնայած դրան` ACP-ն չէր կարողանում ֆինանսական գործընկեր գտնել` հանքավայրի շահագործումը վարկավորելու համար: Ռուսական ՎՏԲ-ն որոշել է այս տարի ACP ընկերությանը տրամադրել խոստացված շուրջ 300 մլն դոլար վարկը: Մինչև օրս վարկի մի փոքր մասն է միայն տրամադրվել, իսկ հիմնական գումարի տրամադրումը ձգձգվում է ֆինանսական ճգնաժամի պատճառով: Սկզբում ակտիվիստները պահանջեցին ՎՏԲ-ի ղեկավարությանը հանդիպել իրենց հետ, սակայն երբ նրանց այդպես էլ ոչ ոք չմոտեցավ, նրանք որոշեցին նստել բանկի դիմացի աստիճաններին` այսպիսով փակելով բանկի հաճախորդների և աշխատակիցների մուտքն ու ելքը: Ցուցարարները բանկի հաճախորդներին կոչ էին անում չօգտվել «Հայաստանի կործանմանը նպաստող» բանկի ծառայություններից: Ցուցարարներին ցրելու համար ոստիկաններ ժամանեցին: Սկսված ծեծկռտուքի ժամանակ հատկապես շատ տուժել է Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմեն Դովլաթյանը, ում ոստիկանները բերանքսիվայր վայր նետեցին աստիճաններից: Ակտիվիստները դիմեցին նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, որի ներկայացուցիչը լսեց նրանց և, «մենք կորոշենք` ինչ անենք» ասելով` հեռացավ: Բնապահպան Կարինե Դանիելյանը, ով վերջում ևս միացել էր ցուցարարներին, ասում է, որ հանքավայրի շահագործումից ստացած տնտեսական օգուտն ու դրա պատճառած բնապահպանական վնասն ուղղակի անհամեմատելի են: Ըստ նրա` ոչնչացող անտառների փոխհատուցումը տարիներ կտևի: «Ընդ որում, կոչնչանան անտառներ ոչ միայն հանքի շահագործման տարածքում, այլև վերևի անտառները, որովհետև ջուրը կիջնի էդ խոռոչը, և կչորանան վերևի անտառները»,- ասում է Դանիելյանը` ավելացնելով, որ աղտոտվում են նաև տեղի ջրային ռեսուրսները, վերանում է անտառի կենսաբազմազանությունը:
Other Articles in Environment
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.