Մահվան դեպք ծառայության ընթացքում. ՊՆ վարկածով` լեյտենանտն ինքնասպան է եղել, ընտանիքի անդամների կարծիքով` նրան սպանել են

Մահվան դեպք ծառայության ընթացքում. ՊՆ վարկածով` լեյտենանտն ինքնասպան է եղել, ընտանիքի անդամների կարծիքով` նրան սպանել են

Photolure

31-ամյա Նազարյանը մարտական հենակետում մահացել է կասկածելի հանգամանքներում:

31-ամյա լեյտենանտը վերջին զինծառայողն է, որը մարտական հենակետում մահացել է կասկածելի հանգամանքներում:


Արտակ Նազարյանը մահացել է երեքշաբթի Տավուշի մարզում, որտեղ անցկացնում էր իր ծառայությունը: Պաշտպանության նախարարության վարկածով` Նազարյանը, որը ութ ամիս առաջ էր զինվորագրվել` որպես պայմանագրային զինծառայող, ինքնասպան է եղել` օգտագործելով ինքնաձիգը:


Սակայն, զոհվածի ընտանիքի անդամները հերքում են ինքնասպանության վարկածը:

Նազարյանի մոր խոսքով` դատաբժշկական փորձաքննության ժամանակ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բութ առարկայով հասցված բռնության հետքեր:

«Մի քանի օր առաջ, երբ խոսեցի, զգացի, որ շատ անհանգիստ էր ու նեղված: Սա ակնհայտ սպանություն է: Որդուս սպանել են առավոտյան, իսկ մեզ դրա մասին ասել են երեկոյան ժամը 5-ից հետո, այսինքն` մինչ այդ փորձում էին սպանության հետքերը մաքրել»,- ասում է զինծառայողի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը:

Նազարյանին ընկերները բնորոշում են որպես խիստ հավասարակշռված ու հանգիստ մարդ, որը չէր կարող ինքնասպանություն գործել, առավել ևս, որ նա պարզապես զինվոր չէր, այլ հրամանատար:

Նազարյանը բանակում ծառայել է 2000-2001թթ. որպես ժամկետային զինծառայող, սակայն հետագայում, քանի որ մասնագիտությամբ արևելագետ էր ու պարսկերենի հրաշալի մասնագետ, մեկ տարի ծառայությունն անցկացրել է Թեհրանում`որպես դեսպանի կցորդ, թարգմանիչ:

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է, որ տեղի ունեցածն ակնհայտորեն սպանություն է:

«Սա սարսափելի ողբերգություն է, որը նաև սարսափելի միտում է արձանագրում, այն է` բանակում վերջին 2-3 տարում սկսել են բռնության ենթարկվել ու սպանվել ոչ միայն զինվորները, այլ նաև սպաներ, հրամանատարներ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Սաքունցը: Պաշտոնական տվյալներով` սա բանակում տեղի ունեցած այս տարվա առաջին մահվան դեպքն է, որը տեղի է ունեցել ոչ մարտական գործողությունների ընթացքում: Նախորդ տարիների ընթացքում, սակայն, հայկական բանակում զինվորը զինվորի և սպան զինվորի նկատմամբ բռնության տասնյակ դեպքեր են գրանցվել, որոնք ավարտվել են մահվան ելքով:

Inside Armenianow