Photolure
Հայ երկրպագուները մեծ հույսեր ունեն Եվրո-2012 ընտրական փուլի մեկնարկից առաջ:
Եվրո-2012-ի որակավորման խաղերին ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խաղացողների ավելի լայն ընտրության հնարավորություն ունի, որոնց թվում է նաև սփյուռքահայ հայտնի մի ֆուտբոլիստ: Եվրո-2012-ի շրջանակներում Հայաստանի ընտրանու առաջին հանդիպումը կկայանա ուրբաթ`Իռլանդիայի Հանրապետության հավաքականի հետ:
Երևանում տեղի ունենալիք խաղից հետո` սեպտեմբերի 7-ին, Հայաստանի հավաքականն արտագնա խաղում իր ուժերը կչափի Մակեդոնիայի ներկայացուցիչների հետ:
(2011 թ. աշնանը կայանալիք մրցաշարում Հայաստանի մյուս մրցակիցները կլինեն որակավորման B խմբում ընդգրկված Ռուսաստանի, Սլովակիայի և Անդորրայի հավաքականները:)
Գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է 28 թեկնածուների ցուցակը և առաջիկա խաղին ընդառաջ կկազմի 18 հոգուց բաղկացած ընտրանին:
Դանիայի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող «Ռենդերս» ակումբի հարձակվող 23-ամյա Յուրի Մովսիսյանը ամենայն հավանականությամբ կընդգրկվի մեկնարկային կազմում:
Ադրբեջանում ծնված ամերիկահայ ֆուտբոլիստն օգոստոսի 11-ին առաջին անգամ ընդամենը 15 րոպե խաղաց Հայաստանի ընտրանու կազմում` այդ կերպ պաշտոնապես դառնալով ազգային հավաքականի անդամ: Իրանի դեմ ընկերական հանդիպումն ավարտվեց 1:3` հօգուտ հյուրերի:
Մովսիսյանն ամենահայտնի ֆուտբոլիստներից է, որին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) մինչ օրս ընտրել է: Նախքան ազգային հավաքականում իր առաջին մրցելույթը Մովսիսյանն ասել է, որ նախընտրել է խաղալ իր պատմական հայրենիքի ընտրանու կազմում` չնայած ԱՄՆ հավաքականում հանդես գալու հնարավոր հրավերի:
«Միշտ էլ հետաքրքրված եմ եղել Հայաստանի ազգային հավաքականում խաղալով…: Կարծում եմ` կկարողանամ ուժեղացնել Հայաստանի հավաքականը, և միասին կարող ենք լավ արդյունքների հասնել»,- ասել է ֆուտբոլիստը, որը դանիական ակումբում հայաստանցի պաշտպան Ռոբերտ Արզումանյանի թիմակիցն է:
Հայաստանի հավաքականի մարզիչ Մինասյանը և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նույնպես լավատեսորեն են տրամադրված և կարծում են, որ Մովսիսյանը կկարողանա օգնել Հայաստանին ավելի լավ արդյունքներ ցույց տալ միջազգային ասպարեզում: (Վերջին պաշտոնական մրցաշարում Հայաստանի ընտրանին իր հաշվին գրանցել է 1 հաղթանակ (Բելգիայի հավաքականի նկատմամբ), 1 ոչ-ոքի և 8 պարտություն:)
Փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին հավանաբար Հայաստանի դարպասը պաշտպանող միակ հույսը կմնա մեկնարկելիք որակավորման մրցաշարում: 36-ամյա դարպասապահը, որը ներկայումս խաղում է Ռուսաստանի «Խիմկի» ֆուտբոլային ակումբի համար, նորից հրավիրվել է առաջիկա միջազգային մրցաշարում պաշտպանելու Հայաստանի ընտրանու դարպասը Իռլանդիայի Հանրապետության և Մակեդոնիայի դեմ խաղերում:
Հայաստանի հավաքականի երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը, որը մի քանի միլիոնանոց տրանսֆերի գործարք է կնքել և Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Դոնեցկի «Մետալուրգից» տեղափոխվել է նույն քաղաքի ավելի հեղինակավոր թիմ` «Շախտյոր», հավանաբար նույնպես կընդգրկվի ազգային հավաքականի կազմում և հոլանդական «Այաքսի» նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ, որն այս մրցաշրջանի սկզբում վերադարձել է իր նախկին թիմ` «Փյունիկ», լարվածություն կստեղծի մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում:
Մխիթարյանը, որը հանդես է գալիս հարձակվող կիսապաշտպանի կարգավիճակում, Իրանի հետ խաղին չմասնակցեց, քանի որ այլ հայազգի երիտասարդ խաղացողների, այդ թվում` «Փյունիկի» հարձակվող Հովհաննես Գոհարյանի հետ ընդգրկված էր մինչև 21 տարեկանների ազգային հավաքականում, որը նույն օրը մրցութային խաղ էր անցկացնում Վրաստանի ընտրանու դեմ:
(Հայաստանի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականը Եվրո-2011-ի որակավորման խաղերում իր վերջին հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում` Վրաստանի ընտրանու դեմ: Դանիացի մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևի սաներն անգամ տեսականորեն կորցրել են Եվրո-2011-ի որակավորման փուլը հաղթահարելու հնարավորությունը, թեև Հայաստանի երիտասարդ ներկայացուցիչները բավական լուրջ խաղամակարդակ են ցույց տվել ամբողջ մրցաշարի ընթացքում: Օգոստոսի 11-ին Երևանում Վրաստանի հավաքականի հետ լարված պայքարում Հայաստանի երիտասարդական ընտրանին, բաց թողնելով մի քանի գոլային հնարավորություններ, 2:3 հաշվով պարտվեց հյուրերին:)
Այս շաբաթից ազգային երկու հավաքականներն էլ առաջիկա հանդիպումներից առաջ հավաքներ և մարզումներ կանցկացնեն նորակառույց մարզաբազայում, որի շինարարությունը տևել է երեք տարի և իրականացվել է միջազգային ֆուտբոլի կառավարող մարմինների աջակցությամբ:
Անցյալ շաբաթվա վերջին հանդես գալով Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ` ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ մայրաքաղաքի Ավան թաղամասում գտնվող մարզաբազան, որի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին, կօգնի Հայաստանի ազգային հավաքականներին ավելի լավ պայմաններում, տարվա ընթացքում գործնականում անվճար, անցկացնել իրենց մարզումները, այդ թվում` առաջիկա պաշտոնական հանդիպումներից առաջ:
Կենտրոնում գործում են նաև ֆուտբոլի երիտասարդական ակադեմիա և տեխնիկապես հագեցած ժամանակակից կենտրոն ազգային հավաքականների համար` մարզումների համար նախատեսված մի քանի մարզադաշտերով և սպորտի ու հանգստի համար այլ հարմարություններով:
Այն նաև լավ հնարավորություններ է ընձեռում այլ թիմային ու անհատական մարզաձևերի պարապմունքների, ինչպես նաև ֆուտբոլի մասսայականացման համար:
Նախատեսվում է, որ չորեքշաբթի կայանալիք բացման պաշտոնական արարողությանը կմասնակցեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.