Հացի խնդիր. Հայաստանում հացն ու ալյուրը թանկանում են, քանի որ Ռուսաստանը արգելք է դրել հացահատիկի արտահանման վրա

Հացի խնդիր. Հայաստանում հացն ու ալյուրը թանկանում են, քանի որ Ռուսաստանը արգելք է դրել հացահատիկի արտահանման վրա

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Այս տարի Ռուսաստանում երաշտի պատճառով հայաստանյան հացի շուկայում գրանցվեց հացի գնի 30 տոկոս և ալյուրի գնի 20 տոկոս գնաճ: Ռուսաստանն աշխարհի հացահատիկ արտադրող ամենախոշոր երկրներից է, որը նաև Հայաստանի ցորենի հիմնական մատակարարն է:


Սեփական շուկայում հացահատիկի պակասից խուսափելու նպատակով ՌԴ կառավարությունը մինչև այս տարեվերջ արգելք է դրել ցորենի արտահանման վրա, ինչը ցորենի միջազգային շուկայում հանգեցրել է գնաճի, որն էլ իր հերթին ազդել է Հայաստանում հացահատիկի գնի վրա:

ՀՀ գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը վստահեցնում է, որ հետագայում ցորենի գնի էական աճ չի սպասվում, և այս պահին էլ անհրաժեշտ քանակությամբ ցորենի պաշարները Հայաստան արդեն ներկրված են:

Հացահատիկի 80 տոկոսը Հայաստան է ներկրվում Ռուսաստանից: Հացի գինը Հայաստանում բարձրացել է հուլիսի վերջից:

Ռուսաստանի կողմից ցորենի արտահանման վրա արգելք դնելուց հետո հայաստանյան ներմուծող կազմակերպությունները սկսել են ցորեն ներմուծելու հնարավորություններ փնտրել Բուլղարիայում, Ղազախստանում, Ուկրաինայում, Իրանում:

Այժմ ՌԴ կառավարության հետ բանակցություններ են ընթանում աշնանը ցորենի որոշակի խմբաքանակներ ստանալու շուրջ:

«Խոսքն այն պայմանագրերի մասին է, որոնք կնքվել են, սակայն ի կատար չեն ածվել`ցորենի արտահանման էմբարգոյի կիրառումից հետո»,- ասում է Ալավերդյանը:

ՀՀ-ում տարեկան օգտագործվում է 650-720 հազար տոննա պարենային ցորեն, որի երկու երրորդը ներմուծվում է: Այս տարի սպասվում է 280 տոննա ցորենի բերք, ինչը 90 հազարով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Հաշվարկվել է, որ Հայաստան է ներմուծվում տարեկան գրեթե 440 հազար տոննա ցորեն:

Այսօր ցորենը ներմուծվում է 80-140 դրամով` նայած որակին, տեսակին և այլն: Գնի բարձրացումը գյուղնախարարը պայմանավորում է նաև տրանսպորտային ծախսերի ավելացմամբ:

Օրերս ՀՀ կառավարությունը հաստատել է 2010-14 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության ազգային ծրագիրը, ինչի իրականացման դեպքում մի քանի տարիների ընթացքում հանրապետությունում ցորենի պաշարները կբավարարեն 50-55 տոկոսով:

Inside Armenianow