ՀՀ նախագահ. բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ

ՀՀ նախագահ. բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ

www.president.am

Նախագահ Սարգսյանը Ստեփանակերտում:

ՀՀ նախագահը Արցախ կատարած վերջին աշխատանքային այցի ընթացքում`օգոստոսի 29-ին, ևս մեկ անգամ հայտարարել է` ՀՀ գործունեությունը պետք է մշտապես ուղղված լինի այն բանին, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև մյուս երկրները համոզված լինեն, որ բացառվում է Ղարաբաղի վերադարձն Ադրբեջանի կազմ, որ Արցախն արդեն իսկ կայացած պետություն է:


Հունիսի 17-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 6-րդ հանդիպումից, դրան հաջորդած ադրբեջանական կողմի սադրանքից հետո, երբ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում ադրբեջանական կողմի իրականացրած հարձակման հետևանքով հայկական կողմից 4 զինծառայող զոհվեց, կարծես թե հանգիստ էր արձանագրվել ԼՂՀ հիմնահարցի շուրջ:

Սակայն մի քանի փաստեր կրկին ուշադրությունը բևեռեցին ղարաբաղյան խնդրի վրա. Ադրբեջանը հերթական հակահայկական բանաձևի նախագիծ է առաջ քաշել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում, որը կկայանա սեպտեմբերի 9-ին, օգոստոսի 20-ին ռուս-հայկական արձանագրության համաձայն ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչև 2044 թվականը, իսկ սեպտեմբերի 2-3-ը սպասվում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը Ադրբեջան:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից առաջադրված «Ադրբեջանի գրավյալ տարածքներում մարդու իրավունքների ոլորտում միջազգային հումանիտար իրավունքի և միջազգային ստանդարտների նորմերի պահպանումը» բանաձևի ընդունելը կամ չընդունելը չեն կարող էական ազդեցություն ունենալ Արցախի և Հայաստանի ո′չ քաղաքական, ո′չ տնտեսական կյանքում, ո′չ էլ անվտանգության բնագավառում: Նախագահը համոզված է, որ այդ բանաձևին կողմ կքվեարկեն միայն իսլամական երկրները, որոնք մշտապես համերաշխություն են ցուցաբերում Ադրբեջանի հետ:

«Բայց վստահ եմ, որ բոլոր այն երկրները, որոնք ցանկանում են, որպեսզի այդ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով, դեմ են քվեարկելու այս բանաձևին: Առնվազն, գոնե ձեռնպահ են մնալու, որովհետև նրանք շատ լավ գիտակցում են, որ այդպիսի բանաձևերի ընդունումը չի կարող որևէ դրական ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա»,- ասել է ՀՀ նախագահը:

Նշենք, որ ձեռնպահ մնալու պարագայում անգամ, եթե բանաձևի օգտին քվեարկող երկրների թիվը գերազանցի դեմ քվեարկողների թվին, բանաձևը կընդունվի, ինչպես եղավ, օրինակ` 2008 թ.:

Inside Armenianow