Photolure
Ոստիկանության սպա Հարությունյանը պնդում է, որ ինքն անմեղ է:
Ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի նախկին պետ Աշոտ Հարությունյանը, որը մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, որից հետո Խալաֆյանն ինքնասպան է եղել, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարել է, որ իր դեմ ցուցմունք տված նույն բաժանմունքի երեք օպերլիազորները գործարքի մեջ են մտել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) հետ` փորձելով կոծկել ճշմարտությունը:
Ապրիլի 13-ին 24-ամյա Վահան Խալաֆյանին գողության կասկածանքով բերման են ենթարկել Չարենցավանի ոստիկանության բաժանմունք, որտեղ նույն օրն ավելի ուշ Խալաֆյանը մահացել է:
Զոհվածի ծնողները և մի խումբ հայտնի իրավապաշտպաններ վիճարկում են դեպքերի զարգացման նման մեկնաբանությունը` պնդելով, որ վերջինիս նկատմամբ բռնություն է իրականացվել, որի պատճառով էլ Խալաֆյանը մահացել է:
Քրեական բաժանմունքի նախկին պետը դատարանում ցուցմունք տալիս հայտարարել է, որ Խալաֆյանի հետ կատարվածը տեղի է ունեցել իր բացակայության ժամանակ: Ինքն այնտեղ է գնացել միայն «աղմուկը լսելուց հետո»:
«Երբ մտա աշխատասենյակ, աթոռները խառնված էին, գետնին մի աթոռ էր ընկած: Սա վկայում է այն մասին, որ այդտեղ քաշքշուկ է եղել, այդտեղ պայքար է եղել»,- ասել է նա:
Օպերլիազոր Մորիս Հայրապետյանի ցուցմունքում նշվում է, որ Աշոտ Հարությունյանը ծեծի է ենթարկել Խալաֆյանին, որն էլ այնքան է վախեցել, որ, վերցնելով խոհանոցային դանակը, ինքնասպան է եղել:
Մորիս Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխվել է. նա չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակվել:
Հարությունյանը դատարանում հայտարարել է, որ ՀՔԾ-ն փորձել է գործարքի մեջ մտնել նաև իր հետ` առաջարկելով «ցուցմունք տալ իր ղեկավարների դեմ»:
«Ես պարզ ասեմ. նման առաջարկ եղել է, որ` արի քո պետերի վրա դու էլ գրիր, տեսնենք ինչ ենք անում: Եթե ես արած լինեի ինչ-որ մի բան, մեխանիկորեն ես կընդունեի, որպեսզի այս պատժից շուտ պրծնեմ... Բայց ես հիմա հայտարարում եմ, որ ոչ մի բան չեմ արել»,- ասել է Հարությունյանը:
Նրա խոսքով` ոստիկանությունը փորձում է իր «հեղինակությունը փրկել»: Նա ասում է, որ ոստիկանությունում սարսափում են այն մտքից, որ ոստիկանի ձեռքով մարդ է մահացել, ու չեն մտածում ճշմարտությունը բացահայտելու մասին:
Խալաֆյանի գործով դատական հաջորդ նիստը կկայանա ուրբաթ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.