ԱԺ. օրենսդիրները տարաձայնություններ ունեն մասնագիտական էթիկայի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ
Օրինագծին դեմ «Ժառանգություն» խմբակցության անդամները ասում են, որ նոր փոփոխությունները էական արդյունքներ չեն տա: «Մի՞թե խմբակցությունները չունեն լծակներ զուտ էթիկական նորմերի մեջ պահելու համար իրենց պատգամավորներին,- հարց է բարձրացնում «Ժառանգություն» խմբակցությունից Լարիսա Ալավերդյանը: - Եվ եթե պատգամավորը չի վախենում դրժել երդումը, խախտել ՀՀ Սահմանադրությունը, առաջարկվող փոփոխություններով ավելի սահմանափակ ու ճնշված չի լինի»: Նույն խմբակցությունից Անահիտ Բախշյանն էլ ասում է, որ շատ պատգամավորներ, գրանցվելով ու քվեարկելով իրենց ընկերների փոխարեն, խախտում են օրենքները և նպաստում ԱԺ-ի նկատմամբ հասարակության վստահության ու հարգանքի կորստին: «Ո՞ւմ հաշվին եք լավություն անում ձեր ընկերներին: Ուզում եք նախագահին ցույց տալ, թե որքան արդյունավե՞տ եք աշխատում: Ես սևեռվում եմ այս անօրինականության վրա, որովհետև ուրիշի ձայնը կեղծելը կամ խլելը սկսվում է այստեղից: Հենց այստեղ է երևում առաջիկա ընտրությունների ժամանակ արդար քվեարկություն անցկացնելու իշխող քաղաքական ուժերի իրական կամքը»,- ասում է Բախշյանը: Երեքշաբթի խորհրդարանի դահլիճում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, չնկատելով, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի խոսափողը միացված է, շշնջում էր, որ դահլիճի 59 պատգամավորները գրանցվել են 68-ի փոխարեն: Խոսակցությունը լսելի էր լրագրողների համար: «Տպավորություն ունեմ, որ այս նախագիծը գրվել է գրելու և ցույց տալու, որ իշխանությունը պայքարում է օլիգոպոլիայի դեմ, հետո էլ ասելու են` ուզում էինք լավ բան անել, բայց ստացվեց ինչպես միշտ, և ավելի ենք հեղինակազրկելու ԱԺ-ը, այսինքն` պետությունը»,- ասում է Բախշյանը: Օրինագծի համահեղինակներից հանրապետական Դավիթ Հարությունյանը, նկատի ունենալով նախընտրական շրջանը, ասում է, որ ելույթները բարոյագիտական, քննադատական և նախընտրական ուղղվածություն ունեն և շատ քիչ առնչություն օրինագծի բովանդակությանը:
Other Articles in News
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.