Վերջին զանգ. պատանիները և նրանց ծնողները երկու տարվա մեջ առաջին անգամ նախապատրաստվում են ավարտական միջոցառմանը

Վերջին զանգ. պատանիները և նրանց ծնողները երկու տարվա մեջ առաջին անգամ նախապատրաստվում են ավարտական միջոցառմանը

NAZIK ARMENAKYAN
ArmeniaNow

Միջնակարգ կրթական նոր համակարգի անցնելուց հետո երկու տարվա մեջ առաջին անգամ մայիսի 25-ին Հայաստանի 1400 դպրոցներում շուրջ 40.000 շրջանավարտների համար կհնչի արդեն ավանդական դարձած վերջին դասի վերջին զանգը:


Ի տարբերություն նախորդ տարվա, երբ Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցած փոփոխությունների հետևանքով շրջանավարտներ չեղան, ուստի չեղավ նաև վերջին զանգի արարողություն, այս տարի տոնական օրվա նախօրեին խանութների ցուցափեղկերում տարբեր տեսակի զանգերի առկայությունը, տոնական բազմապիսի ակցիաները վկայում են քաղաքում տիրող տոնական եռուզեռի մասին:

Վերջին զանգի տոնակատարությունը, որը Հայաստանում դեռևս խորհրդային ժամանակներից մնացած բարի ավանդույթ է, սկսվում է դպրոցներում պաշտոնական արարողությամբ և սովորաբար սահմանափակվում է համադասարանցիներից որևէ մեկի տանը կամ ռեստորանում և կամ միջոցառումների անցկացման համար նախատեսված այլ վայրում նշվող հավաքույթով:

Հրաժեշտի խոսքեր, հուզմունքից արցունքով լցված աչքեր, անկեղծ խոստովանություններ ու գրկախառնություններ. սրանք Վերջին զանգի արարողակարգի անբաժան մասն են:

Վերջին զանգի միջոցառումները հավանաբար այս տարի ավելի թանկ կլինեն ծնողների համար:

Շրջանավարտների մեծ մասը նախընտրում են իրենց ավարտական երեկույթն անցկացնել ճոխ ռեստորաններում կամ նման միջոցառումների համար նախատեսված այլ վայրերում, որոնք, բնականաբար, «ճոխ» գումարներ են պահանջում:

Օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատու բոլոր կառույցներին հանձնարարել է «խիստ ուշադրություն դարձնել դպրոցներում դրամահավաքության կանխարգելմանը»: Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախարարության թեժ գծին վերջին զանգի հետ կապված դրամահավաքության ընդամենը 3 ահազանգ են ունեցել, որոնց հետքերով գնացել են և կանխել:

Սակայն դա չի նշանակում, որ դպրոցներում դրամահավաք չկա, պարզապես հիմնականում ծնողներն իրենք են նախաձեռնում դրամահավաքը, և հավաքված գումարը հիմնականում ծախսվում է աշակերտների ավարտական վինետկայի, ուսուցիչներին հուշանվերներ ու ծաղկեփնջեր գնելու, ինչպես նաև ավարտական երեկոյի վրա:

Ի դեպ, ծնողների ծախսերը, կախված բնակության վայրից ու դպրոցից, տարբեր են լինում:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Խաչիկ Մարկոսյանը, որի որդին այս տարի կավարտի Եղեգնաձորի ավագ դպրոցներից մեկը, «ԱրմենիաՆաուին» ասում է, որ աշակերտներից հավաքել են 20 հազար դրամ (մոտ 50 դոլար), որը ծախսվելու է ուսուցիչների համար փոքրիկ հուշանվերներ ու ծաղկեփնջեր գնելու և Եղեգնաձորի «օբյեկտներից» մեկում երեկույթ կազմակերպելու վրա:

Սակայն մինչ այդ 17-ամյա Արման Մարկոսյանի հայրը շուրջ 30 հազար դրամ էլ (մոտ 75 դոլար) ծախսել է որդու հագուստի համար:

Ի տարբերություն մարզերի, որտեղ Վերջին զանգի արարողությունների համար ծնողներից գանձվող գումարը կազմում է մոտ 20-40 հազար դրամ (մոտ 50-100 դոլար), մայրաքաղաքում տոնական ծախսերը տատանվում են 30-100 հազար դրամի սահմաններում (մոտ 75-250 դոլար):

Երևանի Ավան համայնքի բնակչուհիներից մեկը, որը հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ, ասում է, որ իր աղջկա դասարանը հավաքել է մոտ 30 հազար դրամ (մոտ 75 դոլար):

«Ես միայնակ մայր եմ, ինձ համար բավականին դժվար է այդքան գումար տրամադրելը, բայց դե հասկանում եմ, որ երեխուս կյանքում էդ մի վերջին զանգն ա լինելու, դրա համար էլ ստիպված էստեղից -էնտեղից հայթայթել եմ այդ գումարը»,- ասում է նա՝ հավելելով, որ նույնքան գումար էլ արդեն ծախսել է աղջկա հագուստի համար:

«Բացի էս ամենը, աղջիկ երեխա է, վարսավիրանոց պիտի գնա, մազերը սարքի, մակիաժ անի, բայց դե լավ գիտեմ, որ դեռ մեր դպրոցում գները համեստ են, Կենտրոնի դպրոցներում 100 հազար դրամ են հավաքում (մոտ 250 դոլար)»,- ասում է 17-ամյա Աննայի մայրը:

Օրը տոնական է լինելու նաև մայրաքաղաքի գեղեցկության սրահներում, որտեղ արդեն օրեր առաջ գրեթե բոլոր ժամերը պատվիրված են:

«Դեռ մի քանի օր առաջ արդեն զանգում, պայմանավորվում էին վարսավիրների հետ, ու այսօրվա դրությամբ շուրջ 30 պատվեր ունենք գրանցված, վստահաբար դեռ էլի կլինեն»,-«ԱրմենիաՆաուին» ասում են «Ռոբա» գեղեցկության սրահից՝ հավելելով, սակայն, որ նախորդ տարիներին հաճախորդների թիվն ավելի մեծ էր լինում:

Տոնական օրը կեզրափակվի Երևանի քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված բացօթյա համերգով և հրավառությամբ:

Սակայն մինչ այդ` չորեքշաբթի` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը հերթական անգամ կոչ է արել այն ծնողներին, որոնց երեխաներն այս ուրբաթ պատրաստվում են հրաժեշտ տալ դպրոցին, ղեկը չտրամադրել իրենց անչափահաս երեխաներին` խուսափելու դժբախտ պատահարներից:

«Ոստիկանությունն իր կողմից կանի հնարավորը, որ խուսափի միջադեպերից»,- ասել է Սարգսյանը՝ հիշեցնելով, որ անցած Վերջին զանգի օրը, որը 2010-ին էր, արձանագրվել է 5 պատահար` երեխաների մասնակցությամբ, որոնց հետևանքով մի պատանի մահացել է, 4-ը վնասվածքներ են ստացել, իսկ 2009-ին Վերջին զանգի օրը ոստիկանության կողմից տուգանային հրապարակ տարված 33 մեքենաներից 30-ի ղեկին եղել են անչափահասներ:

Inside Armenianow