Գորիսյան զրույցներ. Ի՞նչ ուղղությամբ պետք է գնա Հայաստանը` Արևե՞լք, թե՞ Արևմուտք

Գորիսեցիները դժվարանում են ընտրություն կատարել հին բարեկամ Ռուսաստանի ու նոր բարեկամ Արևմուտքի միջև
Միջազգային ասպարեզում պայքար է մղվում իշխանության ու ազդեցության ոլորտների համար: Ռուսաստանը փորձում է վերականգնել իր տնտեսական ու քաղաքական գերիշխանությունը Եվրասիայում, իսկ Արևմուտքը ձգտում է ամրապնդել իր կապերը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ու Եվրամիության ընդլայնումով և տնտեսական նախաձեռնություններով:

Հայաստանի հաջորդ նախագահը կնախանշի երկրի արտաքին քաղաքականությունը այս դժվար ժամանակներում, սակայն որքանո՞վ են հետաքրքրվում շարքային հայաստանցիները նման համաշխարհային հարցերով:

Գորիսը փոքր քաղաք է` 29.000 բնակիչ, մեկուսացած աշխարհից ամենատարբեր ձևերով, և նրա բնակիչները պետք է լուծեն բազմաթիվ առօրյա խնդիրներ, ինչը հեռացնում է այն մնացյալ աշխարհից: Սակայն մենք այստեղ գտանք բազմաթիվ մարդկանց` հասարակ աշխատավորից մինչև մտավորական, որոնք ունեին իրենց սեփական տեսակետներն արտաքին քաղաքականության մասին, որ համահունչ էին հանրապետության մյուս շրջաններում արտահայտված տեսակետներին:

Մելս Բարխուդարյանը փորձառու տնտեսագետ է: Երբ խոսք է լինում արտաքին քաղաքականության մասին, նա կարևորում է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ: «Դժվար է պատկերացնել, թե ինչ վիճակում կհայտնվեր մեր երկիրը, եթե, Աստված մի արասցե, խզվեին հարաբերությունները Ռուսաստանի հետ»:

Վերջերս Երևանում անցկացված հայ-ռուսական գործարար ֆորումի ամփոփիչ զեկույցը հաստատում է Բարխուդարյանի տեսակետը: Ըստ զեկույցի տվյալների` 1991-2007 թթ. Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են մոտ 1 միլիարդ դոլար` բոլոր արտասահմանյան ներդրումների գրեթե մեկ երրորդը: Ֆորումում նաև նշվեց, որ 2007 թ. Հայաստանում գրանցվել է ռուսական կապիտալով 852 ձեռնարկություն, և որ ռուս-հայկական գործարար համագործակցության ծավալներն ամեն տարի ավելանում են 50 տոկոսով:

Ֆորումում նաև նշվեց, որ Ռուսաստանում տեղի ունեցող լուրջ տեխնոլոգիական փոփոխությունները կարող են բազմաթիվ նոր հնարավորություններ բացել հայ մասնագետների ու ձեռնարկությունների համար:

«Թույլ տվեք մի օրինակ բերել,- ասաց Բարխուդարյանը: - «Որոտանի հիդրոէլեկտրակայան» ՓԲԸ-ն, որն այսօր շատ կարևոր է երկրի տնտեսության համար, ներդրումների և մատակարարումների մեծ մասը ստանում է Ռուսաստանից շուկայականից ցածր գներով: Դա նշանակում է բարձր աշխատավարձ, վաղը` բարձր կենսաթոշակ, էժան էլեկտրաէներգիա»:

Այլ կարծիքի է Նաիրի Շալունցը: Նա պատկանում է բիզնես խորհրդատուների երիտասարդ սերնդին և իր հասակակիցներից շատերի նման ավելի արևմտամետ է: «Ինձ համար կարևոր է գործարար ցանցի ընդլայնումը: Կարո՞ղ եք պատկերացնել փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը Հայաստանում առանց ՄԱԿ-ի ծրագրերի, առանց ամերիկյան ու եվրոպական մեթոդական, փոխանակման ու տեխնիկական օժանդակության տասնյակ ծրագրերի: Իսկ ազատ շուկայական հարաբերությունների հաստատումն ու զարգացո՞ւմը:

Ըստ «Wall Street Journal»-ի և «Heritage Foundation»-ի` 2008-ին հրապարակած զեկույցի` աշխարհի 157 երկրների շարքում տնտեսական ազատությամբ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ տեղը և ԱՊՀ երկրների մեջ առաջատարն է:

«Եկեք տեղայնացնենք սա մեր փոքր շրջանում, մեր փոքր քաղաքում,- ասում է Շալունցն ու շարունակում: - Քաղաքացիական ինստիտուտներ ու հասարակական կազմակերպություններ կային նաև խորհրդային տարիներին: Սակայն չնայած ձեռնարկված լուրջ քայլերին, դրանք լուրջ հաջողության չհասան, մինչև չհայտնվեցին դրամաշնորհային մեծ ծրագրեր: Մեկ օրինակ` Գորիսի գործարար կենտրոնը 10 տարուց ավելի համագործակցում է 20 տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, որի շնորհիվ էլ ավելացել է հաճախորդների թիվը»:

Շատերի կարծիքով` Հայաստանը չափից ավելի արագ հրաժարվեց կրթության խորհրդային մոդելից: Ասում են, որ այն չպետք է այդպես գրկաբաց ընդունի արևմտյան արժեքները:

Նունե Ավետիսյանը մանկավարժ է գյուղատնտեսական քոլեջում: Նրա հինգ զավակներն էլ ուսանող են, չորսը սովորում են Երևանում, մեկը` Գորիսում: Նրանց պահելու և ուսման ծախսերը ծանր բեռ են ընտանիքի համար: «Մեր երկիրը գնաց եվրոպական ինտեգրման ուղիով՝ առանց հաշվի առնելու պատերազմը, սովն ու շրջափակումը, որը ժողովուրդը ստիպված էր հաղթահարել: Իսկ ինչ վերաբերում է մեծ աշխարհին»,- ասում է նա:

Գագիկ Հակոբջանյանը համամիտ է նրան: Նա 50 տարուց ավելի մանկավարժ է եղել Գորիսում և, չնայած իր մեղմ բնավորությանը, խիստ է խոսում արտաքին հարաբերությունների մասին:

«Ի՞նչ արտաքին քաղաքականություն թոշակի անցած, ասենք, ամսական 20.000 դրամ ստացող թոշակառուի համար: Սա արժանապատվության ցեղասպանություն է: Ի՞նչ է անելու մեր ժողովուրդը, եթե Ռուսաստանից ստացվող օգնությունը չլինի: Կարող է ծայրահեղություն թվալ, բայց ես, իրոք, կարոտում եմ ստալինյան ժամանակները, մարդու կենսապայմանները չէին անտեսվում: Հիսուն տարի է անցել նրա մահից հետո, բայց նրան շարունակում են հիշել: Հայհոյում են նրա սխալների համար, բայց նաև հիշում են` նրա ուժի ու շիտակության համար»:

Մյուս կողմից`Սուսաննա Ադամյանի ու նրա ընտանիքի երազանքների իրականացմանն օգնել է Ամերիկան: Ադամյանը ծայրը ծայրին է հասցնում տիկնիկ սարքելով: Երեք տարի առաջ դուստրը` Լուիզան, դուրս մնաց բուհից, որովհետև ընտանիքն ի վիճակի չէր վճարել ուսման վարձը: Ինտերնետային որոնումների շնորհիվ Լուիզան գտավ մի ծրագիր, որը հնարավորություն տվեց գնալ Ամերիկա սովորելու: Այժմ նա սովորում է Նեբրասկայի համալսարանում և մեկն է այն հազարավոր հայ երիտասարդներից, որոնք կրթություն են ստանում ԱՄՆ-ում ու Եվրոպայում:

Նա շնորհակալ է այն հնարավորության համար, որ Արևմուտքն ընձեռել է դստերը, բայց հուսով է, որ ուսումն ավարտելուց հետո նա կվերադառնա: «Մեր երեխաների ներուժն ու փորձը մեզ շատ անհրաժեշտ են: Նրանք նաև պարտք ունեն հայրենիքի առաջ»:

Չնայած արտահայտված հստակ, նեղ անձնական, երբեմն հակասական կարծիքներին` զարմանալի համաձայնություն կար արտաքին քաղաքականության տեսլականի հարցում: Բնորոշ էին հետևյալ երկու տեսակետները:

Շալունց. «Ես կողմ եմ բաց ու ճկուն քաղաքականությանը, առանց կոշտ ու կտրուկ շեղումների»:

Ավետիսյան. «Կարծում եմ` լավագույն արտաքին քաղաքականությունը արժանապատվությամբ ապրելն ու աշխարհի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելն է»:

Inside Armenianow