«Սենատի առյուծի» հիշատակը. Քենեդու ժառանգությունն ընդգրկում է հայկական հարցերի սատարումը
Այսօր Հայաստանում շատերն են հիշում սենատոր Թեդ Քենեդուն: Մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում` ցավակցական գրառումներ անելով Երևանում ԱՄՆ դեսպանությանը բացված սգո մատյանում:
77-ամյա սենատորը, որը 47 տարի ներկայացրել է Մասաչուսեթս նահանգը, մահացավ անցյալ շաբաթ և թաղվեց Արլինգթոնի գերեզմանատանը:Այսօր Հայաստանում շատերն են հիշում սենատոր Թեդ Քենեդուն: Մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում` ցավակցական գրառումներ անելով Երևանում ԱՄՆ դեսպանությանը բացված սգո մատյանում:
77-ամյա սենատորը, որը 47 տարի ներկայացրել է Մասաչուսեթս նահանգը, մահացավ անցյալ շաբաթ և թաղվեց Արլինգթոնի գերեզմանատանը:
Հայաստանում Քենեդուն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին հավատարմագրված դեսպաններ, պաշտոնյաներ, ինչպես նաև շարքային քաղաքացիներ, օրինակ` 64-ամյա ինժեներ Գագիկ Թադևոսյանը, որը կնոջ` Գրետայի հետ քաղաքի մի ծայրից հասել էր Ամերիկայի պողոտայում գտնվող ԱՄՆ դեսպանություն:
«Ես նրան ու նրա եղբայրներին շատ եմ հարգում, և որքան էլ դժվար էր այստեղ հասնել, չէի կարող չգալ, քանի որ պետք է իմ հարգանքի տուրքը մատուցեի նրան` հայերին օգնելու և ընդհանրապես հանուն ժողովրդավարության պայքարելու համար»,- ասում է ԳԱԱ ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Թադևոսյանը:
Վաշինգտոնում հայկական հարցերի, այդ թվում` Ցեղասպանության ճանաչման, լոբբինգով զբաղվող քաղաքական գործիչները սգում էին սենատորի մահը` հիշելով նրա աջակցությունը հայկական հարցերին:
«Իր ողջ գործունեության ընթացքում սենատոր Քենեդին մարմնավորում էր այն սկզբունքները, որոնք թանկ էին մեզ համար` ջատագովելով ժողովրդավարությունը, պաշտպանելով քաղաքացիական իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերը, սատարելով նրանց, ովքեր կարիքի մեջ են,- ասաց Ամերիկայի հայկական համագումարի խորհրդի տնօրեն Քերոլին Մուգարը: - Անգնահատելի է նրա ավանդը հայ ժողովրդին աջակցելու և Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ դիրքորոշման վերահաստատման գործում: Մենք շնորհակալ ենք նրան այս ազգին ցուցաբերած իր արտակարգ ծառայությունների, ինչպես նաև աշխարհում հանուն ազատության ու ժողովրդավարության պայքարի համար: Սենատոր Քենեդու պակասը շատ կզգացվի»:
Քենեդու ժառանգությանը նվիրված մամուլի հաղորդագրությունում համագումարն այսպես է գրել է սենատորի մասին.
«Տասնամյակներ շարունակ նա օրինակ է ծառայել, երբ հարցն առնչվել է հայ ժողովրդին սատարելուն: 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո, երբ երկիրը կարիքի մեջ էր, սենատոր Քենեդին դիմեց բազմաթիվ մասնավոր կազմակերպությունների` Հայաստանին նվիրատվություններ կատարելու համար: 1990 թ. սկզբին նրա նախաձեռնությամբ մի նամակ ուղարկվեց ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Չեյնիին, որով հորդորում էր արտոնել օդային փոխադրումները դեպի Հայաստան: Այս ավիափոխադրումներով անկողնային սպիտակեղեն, էլեկտրական ջեռուցիչներ, տաք հագուստ և այլ անհրաժեշտ պարագաներ էին հասցվում Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին, ինչպես նաև երկրաշարժից տուժածներին: Սենատոր Քենեդիի աջակցությունը ժամանակին էր և դժվարին օրերին օգնեց բազմաթիվ մարդկանց կյանք փրկելու:
Սենատոր Քենեդին նախաձեռնեց նաև մի շարք ծրագրեր` օգնելու աշխարհասփյուռ հայկական համայնքներին, ներառյալ նրանց, ովքեր եկել էին Իրանից` շահի գահընկեց արվելուց հետո, ինչպես նաև նրանց, ովքեր Լիբանանում հայտնվելով քաղաքացիական պատերազմում` վերակառուցում էին իրենց համայնքները: 1980-ականներին նա նաև օգնեց Խորհրդային Միությունից հայ փախստականների հեռանալուն: Հայկական հարցին իր նվիրումի համար սենատոր Քենեդին արժանացավ ամերիկահայ համայնքի դրվատանքին, ի թիվս որոնց` Ամերիկայի հայկական թեմի «Հայ ժողովրդի բարեկամներ» պարգևին:
Համագումարը հիշում է նաև, որ Քենեդին պաշտպանում էր նաև Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և իր լուման ներդրեց կրճատելու Ադրբեջանին հատկացվող ԱՄՆ օգնություն, քանի որ այն շրջափակում է Հայաստանը:
Հաղորդագրության մեջ նաև ասվում է. «Սենատոր Քենեդին Հայոց ցեղասպանության ճանաչման անխոնջ ջատագով էր և ԱՄՆ մեծ մարդասեր: Բոստոնում` Քոփլի հրապարակի Սուրբ Երրորդություն եկեղեցում, Զատիկից հետո` Հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցի ժամանակ, 2 հազար մարդու ներկայությամբ համագումարի նախագահ Մուգարը պատիվ ունեցավ ներկայացնելու սենատորին: Երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Առաջինը և ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելեցին ԱՄՆ, սենատոր Քենեդին Նոր Անգլիայի շրջանի ամերիկահայ համայնքի հետ Բոստոնում ընդունեց նրանց Ջոն Ֆ. Քենեդու նախագահական գրադարանում և թանգարանում:
Սենատորի հասցեին դրվատանքի խոսքեր ասաց նաև Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ԱՆԿԱ), որը հիշեց, որ «սենատոր Քենեդին եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործի համոզված, բացահայտ և բարձրաձայնող գործիչ: 1989 թ. լինելով Սենատի դատական կոմիտեի անդամ` սենատոր Քենեդու և այն ժամանակվ ա կոմիտեի նախագահ (այժմ փոխնախագահ) Ջո Բայդընի ու Իլինոյսի նահանգի նախկին սենատոր Պոլ Սայմնի նախաձեռնությամբ 1990 թ. կոմիտեում ընդունվեց մի բանաձև, որով ապրիլի 24-ը նշվելու էր որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ի հեճուկս ԱՄՆ Սենատի և Թուրքիայի կառավարության դիմադրությանը` կոմիտեն ընդունեց թիվ 212 բանաձևը` 8-ը 6-ի հարաբերությամբ»:
«Մենք միանում ենք «ԱՆԿԱ»-ի ազգային, տարածաշրջանային և տեղական ղեկավարներին և Մասաչուսեթսի մեր համայնքին` հարգանքի տուրք մատուցելու սենատոր Քենեդիի կյանքին ու գործին, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Քենեդիների ընտանիքին»,- ասաց Մասաչուսեթսի հայ ազգային կոմիտեի համանախագահ Տիգրան Կալիգյանը: