Politics | 30.11.09 | 16:00
Հանրապետականները հանրապետության համար. նախագահ Սարգսյանը հորդորում է իր կուսակիցներին ստանձնել «արդիականացման առաջամարտիկի դերը». ըստ նրա` արձանագրությունները կարագացնեն ցեղասպանության ճանաչումը
Photolure
Շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ՀՀԿ նախագահ: Սարգսյանն իր ելույթում հորդորել է Հայաստանի իշխող կուսակցության անդամներին ստանձնել առաջամարտիկի դերը նոր քաղաքական մշակույթ ձևավորելու և կյանքի այլ ոլորտներն արդիականացնելու գործընթացում:
ՀՀԿ համագումարին ներկա ավելի քան հազար մասնակից քվեարկեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի (որը հանրապետականների շարքերում նորեկ է և շատերին հայտնի` որպես բարեփոխիչ վարչապետ)` կուսակցության գործադիր մարմնում ընտրվելու օգտին:Շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) համագումարի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է ՀՀԿ նախագահ: Սարգսյանն իր ելույթում հորդորել է Հայաստանի իշխող կուսակցության անդամներին ստանձնել առաջամարտիկի դերը նոր քաղաքական մշակույթ ձևավորելու և կյանքի այլ ոլորտներն արդիականացնելու գործընթացում:
ՀՀԿ համագումարին ներկա ավելի քան հազար մասնակից քվեարկեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի (որը հանրապետականների շարքերում նորեկ է և շատերին հայտնի` որպես բարեփոխիչ վարչապետ)` կուսակցության գործադիր մարմնում ընտրվելու օգտին: (Կառավարության մի շարք առանցքային անդամներ, այդ թվում` էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները, այս ամսվա սկզբին նույնպես անդամակցել են ՀՀԿ-ին, ինչը ենթադրաբար կուսակցությանն ավելի մեծ ուժ է տալիս առաջ տանելու տնտեսական իր բարեփոխումները: Առանցքային պաշտոնյաների անդամակցումը ՀՀԿ-ին կարելի է դիտել նաև որպես ուժի ցուցադրում, քանի որ ՀՀԿ գաղափարախոսությունը վերջերս բախվել էր այլ կուսակցությունների հետ տարբեր հարցերի, այդ թվում` հայ-թուրքական արձանագրությունների շուրջ:)
Քաղաքականության մասին իր ելույթում նախագահ Սարգսյանը, անդրադառնալով արդիականացման ու բարեփոխումների անհրաժեշտությանը, նաև ՀՀԿ-ի ներսում, հորդորել է կուսակիցներին «ստանձնել քաղաքական, հասարակական և տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը», որին, նրա խոսքով, հնարավոր կլինի հասնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում:
«ՀՀԿ-ն իր անցած ճանապարհով, քաղաքական փորձով, կադրային ու պրոֆեսիոնալ ներուժով ապացուցել է, որ մեր երկրի առաջատար քաղաքական ուժն է, և այդ կարգավիճակը պետք է պահպանի նաև տեսանելի ապագայում»,- ասաց Սարգսյանը:
Նախագահը փորձեց նաև հանրապետականներին ներկայացնել կուսակցության կառուցվածքի և գործունեության առնչությամբ իր մոտեցումները:
«Հանրապետականը Սերժ Սարգսյանինը չէ, Սերժ Սարգսյանը պարզապես հանրապետական է: Վստահաբար ասում եմ, որ սա երկրի զարգացման համար կարևորագույն ազդակ է: Իշխանության մեջ սեփական դերի ընկալման ազդակ է այսօրվա և վաղվա իշխանավորի համար: Եվ եթե սա ինչ-որ տեղ էլ այսօր դեռ չի ընկալվում, վաղն անհրաժեշտաբար արմատավորվելու է»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, ՀՀ նախագահը կոչ արեց երկխոսության վրա հիմնված նոր քաղաքական մշակույթ ձևավորել, որը, ըստ նրա, կենսական է երկրի քաղաքական կայունության և կարողության համար, որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել «արագ փոփոխվող աշխարհում արտաքին մարտահրավերներին»:
«Քաղաքական կայունությունը չի´ նշանակում ոսկրացած միտք, լճացած գաղափարախոսություն կամ անվիճարկելի հեղինակություն: Քաղաքական կայունության մեր պատկերացումը ենթադրում է մտքի ազատություն,- ասել է նա: - Սուր բանավեճը երբեք չպետք է թերագնահատել, սակայն մեր երկրի քաղաքական կայունությունը ապահովելու ենք` հենց քաղաքական երկխոսության ուղին ընտրելով»:
Իր ելույթում նախագահ Սարգսայնն անդրադարձել է նաև որոշ մարտահրավերների, որոնք ծառացել են Հայաստանի առջև աշխարհի հետ իր հարաբերություններում:
Մասնավորապես` Սարգսյանը, անդրադառնալով վերջերս ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, ասել է, որ իր կառավարությունն ի վիճակի է լուծել ամենաբարդ խնդիրները և առաջ շարժվել նույնիսկ ամենացավոտ հարցերում:
«Թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը... Սա անշուշտ կնպաստի թե´ մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, թե´ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը»:
Միևնույն ժամանակ Սարգսյանը հերքել է այն հայտարարությունները, թե Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը նշանակում է Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում:
«Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում»,- ասել է նա:
Սարգսյանը կրկնել է նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող Հայաստանի դիրքորոշումը, սակայն, անդրադառնալով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ասել է. «Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»:
Սարգսյանը, որը Ադրբեջանի հետ երկարատև հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում հանդես է գալիս Հայաստանի անունից, ասել է, որ հակամարտությունները երկարաժամկետ և կայուն լուծում են ստանում միայն այն դեպքերում, երբ հիմնված են արդարության ու խելամիտ փոխզիջումների վրա: Նա նաև շեշտել է, որ «ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը»: