Features | 25.12.09 | 15:14

Մշակույթ 2009. հին ու բարի ռոքը և նոր փառատոները

Այս տարվա մշակութային միտումներից էր լեգենդար ռոք խմբերի, այդ թվում` «Յուրայա Հիփի» համերգային այցերը Հայաստան:

Photolure

Այս տարվա մշակութային միտումներից էր լեգենդար ռոք խմբերի, այդ թվում` «Յուրայա Հիփի» համերգային այցերը Հայաստան:

By Karine Ionesyan
ArmeniaNow reporter
Հայաստանի մշակութային կյանքում 2009 թվականը կհիշվի Երևան այցելած համաշխարհային ճանաչում ձեռք բերած ռոք խմբերի աննախադեպ թվով և Հայաստանի փառատոնային տոնախմբությամբ: Ի դեպ, ասենք, որ այս դեպքում «աննախադեպը» ընդամենը 3 խումբ էր: Սակայն, սա դեռ սկիզբն է:

Տարին սկսվեց բրիտանական լեգենդար ռոք խմբի` «Ջեթրո Թալի» մայիսյան այցելությամբ, հոկտեմբերին 4000-ից ավելի հանդիսատեսի առաջ համերգ տվեց 40 տարվա պատմություն ունեցող համաշխարհային բրիտանական մեկ այլ լեգենդար խումբ` «Յուրայա Հիփը»:

Նույն ամսին «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագծի շրջանակներում ռոքի սիրահարներն առիթ ունեցան տեսնելու «Դիփ փարփլ» խմբի մեներգիչ Յան Գիլանին ու «Բլեք սաբաթ» խմբի կիթառահար Թոնի Այոմիին, որոնք եկել էին ՀՀ կառավարության կողմից «Պատվո շքանշան» ստանալու` տարիներ առաջ Սպիտակի աղետի գոտուն օգնելու համար: Նրանք միայն շքանշան են ստացել:

Իսկ տարին ավարտվեց արդեն 2010 թ. նախատեսվող խոշոր ռոք ծրագրի հաստատումով`մայիսի 25-ին Հայասատանում համերգ է տալու «Դիփ փարփլ» խումբն իր ամբողջ կազմով` ռոքային հրավառություն կազմակերպելով երկրպագուների համար:

2009 թ. մշակութային տարին ռոքային էր նաև սփյուռքահայության համար. «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն այս տարի առաջին անգամ մասնակցեց Լոս Անջելեսի ամենամյա հայկական երաժշտության մրցանակաբաշխությանը:

Մշակութային տարին վերահաստատեց նաև նախորդ տարիների կոչումներից մեկը`փառատոնային լինելը: Հուլիսից մինչև աշնան վերջը մոտ 30 փառատոն անցկացվեց («Հայֆեստ», «Բաց երաժշտություն» փառատոն, «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոն, Շեքսպիրյան միջազգային փառատոն, «Արևորդի» բնապահպանական փառատոն և այլն):

Այս փառատոների շարքում նորություն էր «Բաց երաժշտություն» փառատոնը, քանի որ առաջին անգամ էր բացօթյա փառատոն անցկացվում`150-ից ավելի մասնակիցներով «Մոսկվա» կինոթատրոնի 800-տեղանոց ամառային բացօթյա դահլիճում:

«Սա առաջին փառատոնն էր, որ արվեստագետների համար ստեղծեց լուրջ, առողջ ֆորում, որը բացակայում էր մեր իրականության մեջ»,- կարծում է փառատոնի հեղինակ, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:

Մաեստրոյի կարծիքով` փառատոնի առանձնահատկություններից մեկը ամենատարբեր ժանրերի`ջազային, դասական, ավանգարդ, ժողովրդական, իմպրովիզացիոն և ռոք երաժշտությունը միավորելու հնարավորությունն էր:

Այս ամառ ևս (արդեն 6 տարվա պատմություն ունեցող) «Ոսկե ծիրան» կինոփառատոնը «քաղցր էր». ներկայացված էին 110 ֆիլմեր 40 երկրներից:

«Այս փառատոնը հաստատեց իր գոյությունը` մեր կյանքը ևս մեկ անգամ մեկ շաբաթով վերածելով «կինոյի»,- «ԱրմենիաՆաուին» ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

2009 թ. հայ կինեմատոգրաֆիստները նաև առաջին անգամ մասնակցեցին Կաննի միջազգային հեղինակավոր փառատոնի կինոշուկային, որի ժամանակ ներկայացրին 2006-2009 թթ. նկարահանված շուրջ 30 գեղարվեստական, կարճամետրաժ և անիմացիոն ֆիլմեր:

Տարին բեղմնավոր էր նաև հայկական բալետի համար. տասնութ տարի դադարից հետո Հայաստանում բեմադրվեց աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը: Այն բեմադրելու համար Հայաստան ժամանեց ռուս հանրահայտ բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը, որի 1968 թ. «Սպարտակ» բեմադրությունը համարվում է աշխարհում լավագույններից մեկը:

«Հեշտ է, երբ տարբեր արվեստագետներ այցելում են Հայաստան ու հեռանում: Շատ ավելի դժվար է, երբ դու խնդիր ունես ստեղծել սեփական արտադրանք, և այդ իմաստով «Սպարտակը» համարում եմ ձեռքբերում, քանի որ նման ներկայացման բացակայությունը մեծ բացթողում էր մեզ համար»,- «ԱրմենիաՆաուին» ասաց Հասմիկ Պողոսյանը:

Նախարարի հրավերով Հայաստանում այժմ արդեն աշխատում է ԱՄՆ-ում «Արկա» բալետի դպրոցի ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը, որը 2008 թ. բալետի թատրոնի խաղացանկը 7 տարվա ընդմիջումից հետո հարստացրեց երկու ներկայացումներով` «Տանգո» և «Վարդանանք»: Այժմ նա մտածում է Հայաստանում նոր բեմադրությունների մասին:

Հայաստանի արվեստասեր հասարակությունը երկար էր սպասում «Գաֆեսճյան» արվեստի կենտրոնի բացմանը, որի մասին հայտարարվել էր դեռ 2002 թ., ակնկալվում էր` 2007-ին: Այս վիթխարի նախագիծը կոչված էր վերանորոգելու Երևանի Կասկադը, որի վերնամասը պսակելու էր համաշխարհային չափանիշներին համապատասխանող եզակի թանգարանը` հյուրընկալելով բարերար Ջերարդ Գաֆեսճյանի թանկարժեք ապակյա հավաքածուն:

Նախագծի վերջնաժամկետից երկու տարի անց գլխավոր թանգարանը դեռ պատրաստ չէր, սակայն մոտ 35 մլն դոլարի ներդրման և «Գաֆեսճյան ընտանիք» հիմնադրամի տարիներ շարունակ գործադրած ջանքերի շնորհիվ այդ անհրապույր և կիսաքայքայված հետիոտնի սանդուղքներով ու աստիճանահարթակներով Կասկադը վերածվել է տեղաբնակների և զբոսաշրջիկների համար գեղատեսիլ զբոսատեղիի: Հատկապես ուշագրավ է համաշխարհային հռչակ վայելող քանդակագործների, ի թիվս որոնց` Ֆեռնանդո Բոտեռոյի, բազմաթիվ արձաններով զարդարված Թամանյանի պուրակը:

Եվ վերջապես, նոյեմբերի սկզբին բացվեց այդ համալիրի առաջին ցուցահանդեսը` ներկայացնելով «Լիբենսկի -Բրիխտովա. Հայաստանի համար» վերնագրված ապակյա ինստալյացիաների հավաքածուն: Հավաքածուի դիզայներն ու ինստալյացիա անողը չեխ արվեստագետ Յարոսլավա Բրիխտովան է, որն իր հանգուցյալ ամուսնու` Ստանիսլավ Լիբենսկու հետ ստեղծած ավելի քան 100 արվեստի նմուշները տեղ են գտել Գաֆեսճյանի հավաքածուի մեջ:

Արվեստի կենտրոնի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն.

«Հայաստանի համար» հավաքածուի արվեստի նմուշներից շատերը հիշեցնում են Հայաստանի ավանդական խաչքարերը, որոնք հոգևոր խորհուրդ են հաղորդել աշխատանքներին և իրական կապ ստեղծել արվեստագետների ու այն երկրի միջև, որով նրանք հիացած են: Իսկ Լիբենսկու և Բրիխտովայի կապը Հայաստանի հետ սկսվել էր դեռ 1980-ականներից, երբ արվեստագետները ծանոթացան Հայաստանի մշակույթին ու պատմությանը: 1988 թ. ավերիչ երկրաշարժը խոր ազդեցություն թողեց արվեստագետների վրա, որի արդյունքում ստեղծվեց «Քաղաքի ուրվապատկերը» (1989թ.) եռաքանդակը (տրիպտիխ)»:

«Կարծում եմ` Հայաստանի արվեստասեր հասարակությունը կգնահատի և կհասկանա, թե ինչ ենք արտահայտել մեր արվեստով»,- ասաց Յարոսլավա Բրիխտովան` մասնակցելով կենտրոնի, ինչպես նաև ինստալյացիաների հավաքածուի բացման արարողությանը:

Տարին եզրափակվեց խոշոր ներդրումով Ճապոնիայի կառավարության կողմից: Այն Հայաստանի ազգային պատկերասրահին կհատկացնի 27 900 000 (306 590 դոլար) ճապոնական իենի չափով տեխնիկական սարքավորումներ, որոնք կնպաստեն այդ հաստատության տեխնիկական հագեցվածությանը, մասնավորապես` արդիական սարքավորումներով և մեթոդներով պահպանման որակի բարձրացմանը: Արդյունքում` գեղանկարները կվերականգնվեն և փայտե նմուշների վերականգնման արվեստանոցի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք կբերվեն:

Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարության բյուջեն 2008 թ. 7 մլրդ 125 մլն 562 հազար 500 դրամ էր (18 մլն 500 000 դոլար), իսկ 2009 թ.` 8 մլրդ 208 մլն 827 հազար 600 դրամ (21 մլն 300 000 դոլար):


Source URL: http://www.armenianow.com/node/20261


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.