Politics | 13.01.10 | 12:55
Արձանագրությունների գործընթացը. փաստաթղթերը կարծես «սահմանադրական» էին, սակայն հարաբերությունների կարգավորմանը դեռևս փորձություններ են սպասում
Photolure
ՀՀ Սահմանադրական դատարանը վճռել է, որ արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը:
Հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների կարծես սառեցված գործընթացը երեքշաբթի շարժվեց` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, որից հետո դրանք ուղարկվելու են խորհրդարան` վավերացվելու:
Թեև ՀՀ Ազգային ժողովը դեռ նոր է սկսել լսումները, Թուրքիայի խորհրդարանին արձանագրությունները փոխանցվել են դեռևս անցյալ հոկտեմբերից, սակայն դրանք առ այսօր քննարկման չեն դրվել:
Սահմանադրական դատարանի որոշման վրա, ինչպեսև սպասվում էր, ազդեցություն չունեցան ո´չ դատարանի շենքի մոտ անցկացված Հայ հեղափոխական դաշնակցության և նրան միացած 14 այլ կուսակցությունների երկօրյա ցույցերն ու արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների» խորհրդանշական այրումը, ո´չ էլ ՀՅԴ ներկայացրած այն ծավալուն փաստաթուղթը, որը կցվել էր ՍԴ գործին, որտեղ մանրամասնորեն նշվում էր, թե արձանագրությունների որ դրույթները Սահմանադրության և ՀՀ օրենքների որ կետերին են հակասում:
ՍԴ որոշումը «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը բնորոշում է որպես պարտադրված, որը «[ՀՀ նախագահ] Սերժ Սարգսյանի վարած արտաքին խայտառակ քաղաքականության լեգիտիմացումն է»:
Արձանագրությունների ընդդիմախոսները պայքարի հաջորդ դաշտը խորհրդարանն են համարում, մինչդեռ այդ անիրատեսական պայքարը շատերն անվանում են «դոնկիխոտյան կռիվ», քանի որ երկու ուժերի` «Ժառանգության» ու դաշնակցության ընդամենը 24 ձայնով հնարավոր չէ կասեցնել վավերացման գործընթացը (131 պատգամավորից 66-ը պետք է ասեն «այո», որպեսզի արձանագրությունները վավերացվեն):
Հայ ազգային կոնգրեսը, որն առաջնորդում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դաշնակցությանն ու Սահմանադրական դատարանին համարում է իշխանության «խամաճիկներ»: Թեև Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը քննադատում է Սարգսյանին ներքին քաղաքականությանն առնչվող շատ հարցերում, ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությանն այնքան էլ քննադատական չի վերաբերվում և ընդհանուր առմամբ հավանություն է տալիս դրան:
Մինչդեռ դրա կասեցման միակ հնարավորությունը, շատերի կարծիքով, Թուրքիայի կողմից դրա չվավերացումն է և պարբերաբար հնչող նախապայմանները:
Սրա պարզ վկայությունն է դեկտեմբերի 19-ին թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուզ» թերթին տված ՀՀ վարչապետի հարցազրույցը, որում նա հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի «նախապայմաններ» առաջադրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար, ապա Հայաստանը չի վավերացնի փաստաթղթերը: (Վարչապետը նկատի ուներ Անկարայի կողմից հնչեցրած այն հայտարարությունները, որոնցում հայ-թուրքական հարաբերությունների «նորմալացումը» կապվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ:)
«Հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից դատելով (արված դեկտեմբերի 7-ին` Վաշինգտոնում), փոփոխություններ է կրել Թուրքիայի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է նախապայմաններ առաջ քաշել: Եթե Թուրքիան նախապայմաններ առաջ քաշի, ապա Հայաստանն ազատ է լինելու նույն կերպ վարվել»,- ընդգծել է Սարգսյանը հարցազրույցի ընթացքում:
Սակայն որոշ վերլուծաբաններ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում խոսում են թուրքական «նախապայմաններով» քաղաքականության մեղմացման մասին:
Այս կարծիքին է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը` նշելով, որ Թուրքիայի սպառնալից կեցվածքը «որոշակի դրական էվոլյուցիա է ապրել»:
«Եթե մեկ տարի առաջ նրանք պահանջում էին դուրս բերել հայկական զինված ուժերը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող հինգ շրջաններից, ապա այժմ խոսվում է միայն ղարաբաղյան կարգավորման գործընթացում որևէ առաջընթացի անհրաժեշտության մասին»,- ասում է Գրիգորյանը:
Նման միտում նկատվեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վերջին` հունվարի 10-ին Մարդինում թուրք դեսպանների կոնֆերանսում արված հայտարարության մեջ.
«Ոչ ոք թող չմտածի, թե գծած սահմանները մշտական են։ Այս սահմանները պատից պետք է վերափոխենք դռան։ Իսկ դուռը մտնելու համար է, դուռը բաց է, իսկ պատը չես կարող բացել»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը` առանց փակագծերը բացելու։
Սրան զուգահեռ, սակայն, Թուրքիայում դեռ շարունակում են հայ-թուրքական հարաբերությունները չտարանջատել հայ-ադրբեջանականից:
Թուրքական «Թըդեյս զաման» թերթի հունվարի 10-ի “Armenia ready to take further steps but warns Ankara not to Linger” («Հայաստանը պատրաստ է առաջընթացի քայլերի, սակայն զգուշացնում է Թուրքիային չհապաղել») հոդվածում նշվում է, որ, համաձայն իրենց արտաքին գործերի նախարարության աղբյուրի, Թուրքիան հակված է վավերացնելու արձանագրությունները, սակայն հավելում է. «Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առաջընթաց լինի, ընդդիմությունն ու հասարակությունը կհամոզվեն, որ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը շահավետ է»:
«Հայաստանի հետ արձանագրությունները ստորագրելիս Թուրքիան անկեղծ էր: Մենք անկեղծորեն ցանկանում ենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը, սակայն այն կօգնի նաև լուծելու տարածաշրջանի շատ խնդիրներ»,- հաղորդում է արտգործնախարարության նույն աղբյուրը: http://www.todayszaman.com/tz-web/news-198081-armenia-ready-to-take-further-steps-but-warns-ankara-not-to-linger.html
Թերթը նաև մեջբերում է արտաքին հարաբերությունների փորձագետ Մենսուն Աղյունի խոսքերը, որը վերջերս է վերադարձել Հայաստան կատարած այցելությունից: Աղյունն ասում է, թե հայկական կողմը պնդում է, որ Թուրքիայի նախապայմանները ո´չ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն են օգնում, ո´չ էլ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը:
«Ճի՞շտ է սա, թե՞ ոչ` Թուրքիան պետք է հաշվի առնի դա: Նրանք կարծում են, որ գործընթացները պետք է զուգահեռ ընթանան, սակայն եթե կողմերից մեկը [առաջընթացի համար] մյուսին նախապայմաններ է առաջադրում, հակամարտությունը երբեք չի լուծվի»,- ասել է Աղյունը: