News | 22.01.10 | 15:39

Համամասնությո՞ւն, թե՞ լռություն. անկեղծ խոսող պատգամավորին հեռացրել են ԵԽԽՎ պատվիրակությունից

Փոստանջյանի խոսքով՝ այդ որոշման նպատակն է թույլ չտալ այլակարծություն:


Փոստանջյանի խոսքով՝ այդ որոշման նպատակն է թույլ չտալ այլակարծություն:

By Gayane Abrahamyan
ArmeniaNow reporter
«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին հեռացրել են Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ՀՀ պատվիրակության հիմնական կազմից`զրկելով ելույթ ունենալու և քվեարկելու իրավունքից: Անկեղծ խոսող պատգամավորին իր իրավունքներից զրկելու որոշումը կայացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Այն բանից հետո, երբ Դաշնակցությունն ընդդիմադիր կուսակցություն դարձավ, խախտվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմի մշտական անդամների 4 հոգանոց համամասնությունը: ՀՅԴ-ի այդ քայլից հետո ԵԽԽՎ պատվիրակության երկու ներկայացուցիչները, այսինքն`50 տոկոսը, ներկայացնում են ընդդիմությունը, մինչդեռ ընդդիմությունը չպետք է 15 տոկոսից ավելին լինի:

Այս հիմնավորմամբ ընդդիմության մեկ տեղը տրվում է «Օրինաց երկիր» կուսակցությանը, և, որոշման համաձայն, ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը հիմնական կազմում կփոխարինի Փոստանջյանին:

«Սա միանգամայն օրինական որոշում է, քանի որ «Ժառանգությունն» ավելի քիչ մանդատ ունի, քան Դաշնակցությունը, ուստի «Ժառանգությունը» պետք է զիջի իր տեղը»,- «ԱրմենիաՆաուին» ասում է ՕԵԿ խմբակցության նախագահ Հեղինե Բիշարյանը:

Փոստանջյանն այլ կերպ է մեկնաբանում իրեն հանելու որոշումը:

«Սա ակնհայտորեն անօրինական որոշում է, որը դեռ կբողոքարկվի տարբեր ատյաններում, ի թիվս որոնց` ԵԽԽՎ-ում: Պարզ է, որ հիմնական պատճառը մեզ լռեցնելն է»,-«ԱրմենիաՆաուին» ասում է պատգամավոր Փոստանջյանը: (Սպասվում էր, որ ԵԽԽՎ-ում Փոստանջյանը կրկին ներկայացնելու էր «քաղբանտարկյալների» և 2008 թ. մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ անաչառ քննարկում իրականացնելու ձախողված ջանքերի մասին հարցերը:)

Փոստանջյանը նաև պնդում է, որ Դաշնակցության դիրքորոշումը ներքաղաքական հարցերում ընդդիմադիր չէ, և նրանք չեն կարող ներկայացնել «իրական ընդդիմությունը» ԵԽԽՎ-ում:

Փոստանջյանի հեռացման վերաբերյալ ԵԽ պաշտոնյաներին իրենց բողոք-նամակն են հղել մարտիմեկյան զոհերի ծնողները` նշելով, որ իրենց իրավունքների միակ բարձրաձայնողը եղել է «Ժառանգություն» կուսակցությունը, իսկ ՀՅԴ-ն չի կարող լինել ընդդիմության ներկայացուցիչ:

«Դաշնակցությունը միշտ էլ հնարավորություն է ունեցել արտահայտվելու մարտի 1-ի ու դրա հետևանքների մասին, սակայն երբեք չի արտահայտվել, հավանաբար այն պարզ պատճառով, որ թե´ նախկին, թե´ ներկայիս իշխանությունների մի մասն է եղել»,- գրում են մարտիմեկյան զոհերի ծնողները`հավելելով.

«Եթե դուք [ԵԽԽՎ] շահագրգռված եք Հայաստանի հարցի համալիր քննարկմամբ ու ձեր իսկ ընդունած փաստաթղթերի իրականացմամբ, ապա դա ապացուցելու լավագույն հնարավորություններից մեկը Հայաստանի պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանի՝ հիմնական անդամի կարգավիճակի վերականգնումն է»:


Source URL: http://www.armenianow.com/node/20514


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.