Politics | 01.02.10 | 16:01
Հայ-թուրքական հարաբերությունների բացակայություն. Էրդողանը մատնացույց է արել Մինսկի խմբի համանախագահող երկրներին` որպես մեղավորների
Photolure
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր մեղավորներ է գտել, թե ինչու է
հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը տեղապտույտ տալիս:
Կիրակի վարչապետը թուրքական TRT-1 հեռուստաալիքով հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները (Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան) անբարեխիղճ վերաբերմունք են ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում, ինչն իր հերթին խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։
«Եթե վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները այս գործին լրջորեն վերաբերվեին, Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը չէին ունենա այսօրվա խնդիրները»,- ասել է Թուրքիայի վարչապետը:
Ըստ Էրդողանի` Մինսկի խումբը պետք է ավելի հաստատուն լինի իր սկզբունքների մեջ. «Նրանք պետք է ասեին` Հայաստանը հողեր է «բռնազավթել», և դա ապացուցել է ՄԱԿ-ը: Այդ «բռնազավթման» ավարտից անմիջապես հետո ոչ մի խնդիր չի մնում: Սակայն ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան սպասողական դիրք են ընդունել»:
Մինչդեռ Էրդողանի այս հայտարարությունից ուղիղ մեկ օր առաջ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի ընթացքում բարձր է գնահատել Ռուսաստանի աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:
Էրդողանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, հայտարարել է, թե Հայաստանը լրջորեն չի վերաբերվել հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին։
«Հայաստանի սահմանադրական դատարանի որոշումը մեզ մոտ տպավորություն է ստեղծել, որ հայկական կողմը ցանկանում է վերանայել դրանք։ Երևի դրանով Սերժ Սարգսյանը փորձում է ամրապնդել իր դիրքերը երկրի ներսում,- ասել է նա` շեշտելով,- Անկարան առանց որևէ փոփոխությունների և լրացումների արձանագրությունները փոխանցել է խորհրդարան, իսկ հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու մեր միակ պահանջը մեկն է՝ ազատել Ադրբեջանի գրավյալ տարածքները»։
Էրդողանի հերթական հայտարարությունների վերաբերյալ դեռևս պաշտոնական արձագանք չկա, սակայն մի շարք պատգամավորներ արդեն իրենց վրդովմունքն են հայտնել:
«Էրդողանն արդեն անցնում է բոլոր սահմանները: Իրականում նման պահվածքը հենց իր երկրին է վնասում»,- «ԱրմենիաՆաուին» ասում է հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ կարծում է, թե Թուրքիան լուրջ նպատակներ ունի ներգրավվելու ղարաբաղյան հակամարտության մեջ և «նրանց թվում է` եթե շատ խոսեն, կկարողանան դառնալ Մինսկի խմբի անդամ, բայց դա անհնար է»,- ասում է Շարմազանովը: