News | 04.02.10 | 16:19

Բարի գալուստ Հայաստան. վիզա ստանալու ընթացակարգը թեթևացրել են

Օտարերկրացիների մասին օրենքի նախագծի փոփոխությունները միտված են հեշտացնելու մուտքի արտոնագրի տրամադրումը:

Vaghinak Ghazaryan/ArmeniaNow.com

Օտարերկրացիների մասին օրենքի նախագծի փոփոխությունները միտված են հեշտացնելու մուտքի արտոնագրի տրամադրումը:

By Karine Ionesyan
ArmeniaNow reporter
Հայաստանում երկար տարիներ բնակվող ու ազգությամբ հայ և ոչ հայ օտարերկրացիներից այլևս չի պահանջվի ապացուցել ՀՀ-ում մերձավոր ազգականների առկայությունը`անվճար մշտական կացության կարգավիճակ ստանալու համար:

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ հաստատել է կառավարության ներկայացրած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի 16-րդ հոդվածում այդ կետը վերաշարադրվել է այսպես. «Մշտական կացության կարգավիճակ կարող է տրվել նաև ազգությամբ հայ օտարերկրացուն կամ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն»:

Օտարերկրացին պետք է առնվազն 3 տարի բնակված լինի Հայաստանում, ապահովված լինի բնակարանով և գոյության միջոցներով, իսկ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` ամեն անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

ԱԺ պաշտոնական կայքէջում տեղադրված փաստաթղթում Հայաստան-սփյուռք գործակցության զարգացումը հիմնավորվում է ՀՀ մուտքի վիզա ստանալու ընթացակարգը բարելավելու, դեպի Հայաստան սփյուռքի երիտասարդների ուխտագնացության, Հայաստան-սփյուռք ազգային, մշակութային, առևտրատնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման նպատակով:

Ընդունված օրինագիծը նաև որոշակի առավելություններ է նախատեսում ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացող ուսանողների համար: Նախկին օրենքի համաձայն` նրանց ժամանակավոր կացությունը տրվում էր մեկ տարով և կարգավիճակը երկարաձգելու դիմումը պետք է ներկայացվեր կարգավիճակի ժամկետը լրանալուց առնվազն 30 օր առաջ: Ըստ նոր օրինագծի` ոստիկանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմինը կարող է ավելի ուշ ժամկետ սահմանել:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի տվյալներով`2009 թ. ՀՀ մուտքի վիզա է տրամադրվել 139.957 քաղաքացու, իսկ ՀՀ-ում կացության կարգավիճակ է տրվել 5585 քաղաքացու:


Source URL: http://www.armenianow.com/node/20696


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.