Features | 05.02.10 | 13:02
Պատմության վերանայո՞ւմ. Ադրբեջանը ջանքեր է գործադրում «Խոջալուի դեպքերը» ցեղասպանություն ճանաչելու համար
Այսօր Ադրբեջանը պատրաստվում է փետրվարի 26-28-ը աշխարհի տարբեր երկրներում ակցիաներ անցկացնել` «1992 թ. Խոջալուում տեղի ունեցած փետրվարյան դեպքերը ադրբեջանցիների նկատմամբ հայերի իրականացրած ցեղասպանություն ճանաչելու կապակցությամբ»:
Ութ տարի առաջ ԼՂՀ պաշտպանության բանակը վերջապես իր վերահսկողության տակ վերցրեց Ստեփանակերտից 10 կմ դեպի արևմուտք գտնվող տեղակայված Խոջալու ադրբեջանական ռազմական պլացդարմը, որտեղ Խոջալուի օդակայանն էր, որտեղով էլ Լեռնային Ղարաբաղ էին փոխադրվում վարձկաններ Աֆղանստանից, Պակիստանից, Սուդանից և Չեչնիայից:
Այսպիսով, այդ պլացդարմի գրավումը, որի շրջանում տեղակայված էր նաև ադրբեջանական համանուն գյուղը, կարևոր ռազմավարական խնդիր էր:
Խոջալուն վերահսկողության տակ վերցնելու օպերացիային նախապատրաստվելիս ԼՂՀ իշխանությունները տեղեկացրել էին ադրբեջանական կողմին դեռ դրա սկսելուց առաջ, ինչը բազմիցս հաստատել են նաև Ադրբեջանի պաշտոնատար անձինք, մասնավորապես` այն շրջանի նախագահ Այազ Մութալիբովը:
Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում («Անկախ թերթ» 1992 թ. ապրիլի 2) Այազ Մութալիբովն ընդունել է. «Հայերը այնուամենայնիվ թողել էին այն միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ»: Սակայն, Աղդամի շրջանի սահմանի մատույցների մոտ ադրբեջանցի խաղաղ բնակիչների շարասյան վրա կրակ են բացել հենց ադրբեջանցի զինվորները, ինչն ավելի ուշ հաստատեց Մութալիբովը` այս քայլը կապելով իրեն պաշտոնանկ անելու` ընդդիմության փորձերի հետ, որոնք կատարվածի ողջ պատասխանատվությունը նրա վրա բարդեցին:
Ադրբեջանում հայտնի իրավապաշտպան Արիֆ Յունուսովն ընդգծել է. «Օպերացիայից մի քանի օր առաջ տեղյակ էր պահվել` մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչությանը ժամանակին և անվտանգ դուրս բերելու համար միջանցք տրամադրելու մասին: Միջանցքի մասին գիտեին Խոջալուի, Աղդամի և Բաքվի քաղաքացիական իշխանությունները, ինչպես նաև ռազմական ղեկավարությունը և դաշտային հրամանատարները: Այդ մասին վկայում էին բարձրաստիճան պաշտոնյաները, տեղական ղեկավարները և շարքային խոջալուցիները»:
Հեյդար Ալիևի իշխանության գալուց և մասնավորապես 1994 թ.-ից (պատերազմի ավարտից) հետո պաշտոնական Բաքուն սկսեց «ադրբեջանցիների նկատմամբ իրականացրած Խոջալուի դեպքերը ցեղասպանություն ճանաչելու» քաղաքականություն վարել:
Եվ ահա այսօր Ադրբեջանը ակտիվորեն պատրաստվում է փետրվարի 26-28-ը աշխարհի տարբեր երկրներում համապատասխան ակցիաներ անցկացնել:
Անցյալ շաբաթ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության (ԻԿԿ) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուն ադրբեջանական «Թրենդ նյուզ» գործակալությանը հայտարարել է. «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու և Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու հարցերում Բաքվին աջակցող ամենագործուն կառույցն է: Մենք միշտ կսատարենք հօգուտ Ադրբեջանի արված միջազգային որոշումները»:
«Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը ստեղծվել է 1969 թ. և միավորում է Ասիայի, Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի 57 մահմեդական երկրներ, ինչպես նաև Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը:
2007 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվեց «Ադրբեջանի գրավյալ տարածքների դրության մասին» բանաձևը, որում ընդգծվում է «Ադրբեջանի Հանրապետության բոլոր գրավյալ տարածքներից հայկական ողջ զինուժի անհապաղ, ամբողջական և անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը:
Պաշտոնական Բաքվի առաջարկած բանաձևի նախագծի օգտին քվեարկեց 39 երկիր, ձեռնպահ` 100-ը, ընդ որում` Ադրբեջանի նախաձեռնությանն աջակցող երկրների մեծ մասն ԻԿԿ անդամներ են եղել:
Օրերս ԻԿԿ անդամներն ընդունել են Խոջալուի դեպքերը խստորեն դատապարտող հայտարարություն:
2004 թ. հունիսին, երբ կազմակերպության նոր գլխավոր քարտուղար ընտրվեց Թուրքիայի ներկայացուցիչ` Իսլամի պատմության և մշակույթի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էքմելեդին Իհսանօղլուն, ԻԿԿ գործունեությունն ընդգծված հակահայկական ուղղվածություն ձեռք բերեց:
Փետրվարի 3-ին, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Երևանում հայտարարել է. «Խոջալուի դեպքերը չեն ճանաչվի «ցեղասպանություն» «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության անդամ-երկրների կողմից, չնայած ԻԿԿ խորհրդարանական վեհաժողովի ժամանակ ընդունված հայտարարությանը»:
Նախարարն ընգծել է, որ ԻԿԿ անդամների հետ ակտիվ դիվանագիտական աշխատանք է տարվում. «Շատ հաճախ` ԻԿԿ շրջանակներից դուրս, նրա որոշ ներկայացուցիչներ միանգամայն այլ դիրքորոշում ունեն այդ հարցի վերաբերյալ, և միանգամայն այլ կերպ են քվեարկում»:
Սակայն արդյոք դա բավական կլինի՞, որ այս տարի «Խոջալուի հարցը» «չփոխակերպվի» Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև կարևոր «դիվանագիտական հարցի» (հենց դրան են հատկապես այսօր ձգտում Անկարան և Բաքուն), հայ նախարարը չի կարող իմանալ:
Այս տարվա մայիսին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում անցկացվելու է ԻԿԿ անդամ երկրների արտգործնախարարների նիստը, որի ժամանակ, հնարավոր է, որ «Խոջալուի հարցը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշնանային նստաշրջանի օրակարգ մտցնելու նոր նախաձեռնություն ընդունվի:
Հենց սրանով է նախևառաջ թելադրված Ադրբեջանի և Թուրքիայի ներկայիս ակտիվությունը: