Հեռուստաեթերի մաքրում. հանձնաժողովը մշակում է հեռարձակման ժամի վերահսկման ծրագիրը
Photolure
Ըստ Ամալյանի` հեռուստահաղորդումների նոր չափորոշիչները ծայրահեղական չեն:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը (ՀՌԱՀ) ավելի հանգամանալից անդրադարձավ անցյալ շաբաթ արված հայտարարությանը, որի նպատակն է մաքրել Հայաստանի հեռուստաընկերությունների եթերը:
Մոտ մեկ ամսից հայկական հեռուստաընկերությունների հաղորդումները և ֆիլմերը, որոնք նախատեսված չեն անչափահասների համար, կտեղափոխվեն գիշերային եթեր` կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 6-ը: (Ներկայումս հեռուստաընկերություններին թույլատրվում է հեռարձակել այդպիսի հաղորդումներ և ֆիլմեր`ըստ իրենց հայեցողության:)
ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` խոսելով չափորոշիչների վերաբերյալ հայկական մամուլում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների և քննադատությունների մասին ասաց, որ իրենք նպատակ չունեն արգելելու որևէ հաղորդում կամ ֆիլմ:
«Մեր նպատակն է այդ հաղորդումներն ու ֆիլմերը տեղափոխել այնպիսի ժամերի, երբ անչափահասները քնած կլինեն: Չեմ կարծում, թե չափորոշիչները խիստ ծայրահեղական են կամ էլ չափազանց վախվորած»,- ասաց Ամալյանը:
Չափորոշիչների նախագիծը ներառված է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածում: Օրենքի փոփոխություններն ընդգրկված են ՀՀ Ազգային ժողովի գարնանային նստաշրջանում, որը բացվել է փետրվարի 1-ին: Դրանք մշակվել են ՀՌԱՀ-ում ստեղծված 20 հոգանոց աշխատանքային խմբի կողմից:
Այս շաբաթվա վերջին կավարտվեն Հանրային և «Շանթ» հեռուստաընկերությունների բռնության, սպանությունների բազմաթիվ տեսարաններ պարունակող «Որբեր» և «Որոգայթ» սերիալները: Դրանց շուտափույթ ավարտը շատերը միանգամից կապեցին չափորոշիչների սահմանման հետ, սակայն, ըստ Ամալյանի, հեռուստաընկերությունները կարող էին շարունակել իրենց` կոմերցիոն առումով շահութաբեր սերիալները` ուղղակի որոշակի փոփոխություն կատարելով դրանց սցենարների մեջ:
«Ի տարբերություն մամուլի` հեռուստաընկերությունների կողմից դժգոհություններ ու քննադատություններ չեն եղել չափորոշիչների վերաբերյալ: Կարծես թե բոլորն էլ հասկանում են, որ եթերն իսկապես շտկումների կարիք ունի»,- ասաց Ամալյանը:
Նա նաև նշեց, որ եթերի վերահսկողությունը հանձնաժողովի համար բավական բարդ խնդիր կլինի, քանի որ այն տեխնիկապես ու ռեսուրսներով լիովին համալրված չէ, այդ պատճառով էլ իրենք կհետևեն նաև հեռուստադիտողների բողոքներին ու դիմումներին: