
Անցյալ շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները 2006 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում բարձր նոտայով:
Սակայն մասնագետների գնահատմամբ` ինչպես ակումբները, ազգային հավաքականն էլ, ընդհանուր առմամբ, տապալեց այս խաղաշրջանը:
Անցյալ շաբաթ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները 2006 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում բարձր նոտայով:Սակայն մասնագետների գնահատմամբ` ինչպես ակումբները, ազգային հավաքականն էլ, ընդհանուր առմամբ, տապալեց այս խաղաշրջանը:
Այդուհանդերձ, հոկտեմբերի 12-ին Անդորրայի նկատմամբ տարած հաղթանակը թույլ տվեց Հայաստանի հավաքականին ոչ միայն բարձր տրամադրությամբ ավարտել մրցաշրջանը, այլև նվաճել 2006 թ. հունվարի 27-ին Շվեյցարիայում կայանալիք 2008 թ. Եվրոպայի գավաթի վիճակահանության նախավերջին` 6-րդ զամբյուղում ընդգրկվելու իրավունքը: (Վիճակահանությունն անցկացվում է յոթ զամբյուղներով, որոնցում ընդգրկված են 50 երկրների հավաքականներ` ըստ վերջին արդյունքների:)
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և հավաքականի գլխավոր մարզիչը հուսով են, որ այս հաղթանակը տղաներին հոգեբանորեն դրական լիցք կհաղորդի գալիք խաղաշրջանում հաջող հանդես գալու համար:
Ու թեև մասնագետները նույնպես դրական են գնահատում վերջին խաղում հավաքականի ցուցադրած խաղը ու գոհ են արդյունքից, շատերը նաև կարծում են, որ Անդորրան (որն ունի 43 հազար բնակչություն և չունի պրոֆեսիոնալ ֆուտբոլ և մեծ նվաճումներ այդ բնագավառում) այն թիմը չէ, որի հետ խաղից կարելի է պատկերացում կազմել Հայաստանի հավաքականի իրական հնարավորությունների մասին:
«Ֆուտբոլ+» մարզական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Աշոտ Մարտիրոսյանը հավաքականի 2006 թ. ընտրական փուլը համարում է տապալված: Հայկական ֆուտբոլին երկար տարիներ հետևող փորձագետը գտնում է, որ Հայաստանը երբեք այսքան անհաջող հանդես չի եկել 1992 թվականից հետո, երբ առաջին անգամ դուրս եկավ միջազգային ասպարեզ որպես անկախ պետություն: (Իր առաջին պաշտոնական հանդիպումը Եվրո-96-ի ընտրական փուլում հավաքականն անցկացրել է 1994 թվականին:)
«Թիմն այսօր կանգնել է սերնդափոխության խնդրի առջև: Այն ֆուտբոլիստները, որոնք հավաքականի կազմում էին 10 տարուց ավելի, այս փուլում չխաղացին: Նրանց բացակայությունը վնասեց թիմին, իսկ նրանց տեղը զբաղեցրած երիտասարդ ֆուտբոլիստները չկարողացան լիարժեք փոխարինել նրանց»,- ասում է Մարտիրոսյանը:
Մասնագետը դրա հիմնական պատճառները համարում է միջազգային փորձի և խաղային պրակտիկայի պակասը, ինչպես նաև մարզիչների սխալները, հատկապես ֆրանսիացի Բեռնար Կազոնիի, որին, գարնանն ընտրական փուլի մեկնարկը տապալելուց հետո, փոխարինեց հոլանդացի Հենկ Վիսմանը:
Մարտիրոսյանը կարծում է, որ արտասահմանում հանդես եկող խաղացողներից բացի, հավաքական պետք է հրավիրվեն ոչ միայն «Փյունիկի» ֆուտբոլիստները, որպեսզի հավաքականի կազմի ընտրությունն օբյեկտիվ լինի:
Բանն այն է, որ Հայաստանի մարզիչը գլխավորում է նաև Հայաստանի վերջին տարիների լավագույն թիմը` «Փյունիկը», որն այս տարի ձգտում է հինգերորդ անգամ անընդմեջ նվաճել չեմպիոնի կոչումը: Վերջին տարիների հավաքականի գրեթե բոլոր մարզիչները մարզել են նաև «Փյունիկը»:
Մարտիրոսյանի կարծիքով` մարզիչը բոլոր դեպքերում պատասխանատու է խաղի և արդյունքի համար, սակայն զուգահեռ պետք է գործի նաև մարզչական խորհուրդ:
Նույն կարծիքին է նաև նախկին ֆուտբոլիստ, «Արարատ-73»-ի մարզիչներից մեկը` Հովհաննես Աբրահամյանը:
«Ֆեդերացիան պետք վերահսկողություն սահմանի բոլոր մարզիչների նկատմամբ: Այդ վերահսկողության շնորհիվ էր նաև, որ 70-ականներին Երևանի «Արարատը» մեծ նվաճումների հասավ նախ Խորհրդային Միությունում, ապա նաև միջազգային ասպարեզում»,- ասում է նա:
Մարտիրոսյանը նաև կարևորում է ազգային առաջնությունը, որը, նրա խոսքերով, «վերածվել է Երևանի բաց առաջնության»:
«Բոլոր թիմերը փաստորեն ներկայացնում են Երևանը, մինչդեռ անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է առաջ տանել ֆուտբոլը, առանց շրջաններում զարգացնելու,- ասում է նա: - Բացի այդ, մեր շատ թիմեր ֆինանսական ծանր վիճակում են: «Փյունիկը», «Միկան», «Բանանցը» ֆինանսական լավ հիմքեր ունեն, մյուսները` ոչ»:
Մարտիրոսյանի գնահատմամբ` այսօր հայկական ֆուտբոլը հասել է իր ամենավատ կետին. խաղում են այն երիտասարդները, որոնք տասը տարի առաջ կարգին չեն մարզվել, չեն սնվել, խաղից հետո ցնցուղ չեն ընդունել:
«Իսկ հիմա գալիս է վերջին «բարեկեցիկ» տարիների սերունդը, արդեն ինչ-որ բան տեսել են»,- ասում է մասնագետը` վկայակոչելով մինչև 19 տարեկանների վերջին հաջող ելույթները Եվրոպայում:
Բացի այդ, նրա համոզմամբ, հայկական ֆուտբոլը չպետք է ֆինանսավորվի դրսից: «Հայաստանում պետք է ընդունվի օրենք ֆուտբոլի մասին: Եթե ֆուտբոլի մասին օրենք չունենանք, ինչքան էլ գնդակ տշենք դաշտում, ոչ մի բանի չենք հասնի, որովհետև բիզնեսմենը պետք է իմանա` ինչի համար է ներդնում միջոցները: Իսկ ցանկացած ակումբ պետք է լինի բաժնետիրական, որ կախված չլինի մեկ մարդուց ու չարժանանա շատ թիմերի տխուր ճակատագրին»:
Ըստ Մարտիրոսյանի` օրենքը պետք է առաջին հերթին մատնանշի, թե ինչ նպատակների պետք է ծառայի ֆուտբոլը, ու նաև արտոնություններ տրամադրի ֆուտբոլում ներդրում անող գործարարներին:
«Ադրբեջանում ամեն նահանգապետ պատասխանատվություն է կրում նահանգում ֆուտբոլի զարգացման համար, ինչպես, օրինակ` մեր շախմատում, երբ ամեն մարզպետ մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահն է: Ու տեսեք ի~նչ ակնառու են շախմատի հաջողությունները: Մեզ մոտ էլ ամեն մարզ պետք է իր թիմն ունենա, ինչպես Ադրբեջանում, որտեղ դա պարտադիր է»,- ասում է Մարտիրոսյանը:
Մեկ այլ հանգամանք, որ, Մարտիրոսյանի կարծիքով, դրականորեն կազդի ֆուտբոլի վրա, պետական հոգածությունն է:
«Հայաստանում ոչ մի պետական չինովնիկ, ոչ մի պատգամավոր կամ նախարար մարզադաշտ չի գալիս: Համոզված եմ` եթե երկրի նախագահը մարզադաշտ գար, տրիբունայի կեսը չինովնիկներ կլինեին: Մեր ֆուտբոլիստներն ու ժողովուրդը կզգային, որ ֆուտբոլի հետևում պետությունն է կանգնած: Դա զորեղ գործոն է»:
Մասնագետի գնահատմամբ` հաջողություններ կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ հայ ֆուտբոլիստները հասնեն ավելի լավ ֆիզիկական և հոգեբանական պատրաստականության, իսկ ֆուտբոլն ունենա լավ մանկապատանեկան բազա, ինչպես նաև արժանանա պետության հոգածությանն ու ուշադրությանը:
«Ոչ մեկը ֆուտբոլին գիտականորեն չի մոտենում, մինչդեռ ֆուտբոլը մեծ գիտություն է, որովհետև միավորում է և' բժշկությունը, և' հոգեբանությունը, և' մանկավարժությունը, և' ֆիզիկական կուլտուրան»,- եզրակացնում է Մարտիրոսյանը: