
89 տարի առաջ այս օրը` նոյեմբերի 7-ին (հին տոմարով` հոկտեմբերի 25-ին), Վլադիմիր Լենինի գլխավորությամբ պատմության մեջ տեղի ունեցավ առաջին սոցիալիստական հեղափոխությունը, որի արդյունքում կործանվեց ցարական Ռուսաստանը և ստեղծվեց Խորհրդային Միությունը:
70 տարի Հայաստանում իշխած կուսակցության շարքերը թեև այսօր բավականին նոսրացել են, սակայն մոտ 18 հազարանոց կուսակցության անդամները (հիմնականում` տարեցներ) հավատով սպասում են անցյալի վերադարձին:
«Այն ժամանակ ունեինք անվճար կրթություն, առողջապահություն, մարդիկ ապահովված էին աշխատանքով,- ասում էին հավաքի մասնակիցները՝ ծաղիկներ դնելով Մյասնիկյանի և Շահումյանի արձաններին: - Սոցիալիստական գաղափարախոսությունը և կոմունիզմը մարդկանց իրական ազատություն էին պարգևում»:
Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց հայ ժողովրդին և մաղթեց նորանոր հաջողություններ «միայն սոցիալիստական գաղափարախոսության պայմաններում»:
«Նախկին Խորհրդային Հայաստանը մեր աչքի առջև բզկտվում է, թալանվում: Հիմա, երբ չկա Հոկտեմբերի գաղափարը, իշխանությունները կարծում են, թե իրենց առաքելությունը ժողովրդին թալանելն և իր երկրից քշելն է»,- ասաց Թովմասյանը:
Նրա համոզմամբ` ԽՍՀՄ փլուզման պատճառը ոչ թե հակակոմունիստական ապստամբությունն էր կամ ժողովրդի դժգոհությունը, այլ կուսակցության ղեկավարությունում տեղ գտած դավաճանությունը:
Կուսակցության սակավաթիվ երիտասարդ անդամներից մեկը` ՀԿԿ երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար Հովհաննես Մանուկյանը, 17 տարեկանում սեփական համոզմունքներից ելնելով է դարձել կոմունիստ:
Նա վստահ չէ, որ կոմունիստները երբևէ կկարողանան նորից իշխանության գալ, բայց կարծում է, որ Հայաստանում ինչ-որ բան, այնուամենայնիվ, կփոխվի:
«Կարելի է ժողովրդին հիմարացնել 5 տարի, 10 տարի, բայց ստի վրա հիմնված պետությունը երկար չի գոյատևի, ինչ-որ բան հաստատ կփոխվի»,- ասում է նա: