Features | 10.11.06 | 16:00

Վերադարձ տո՞ւն. մարդիկ ու անձնագրերը կրկին դառնում են քննարկման առարկա

By Gayane Mkrtchyan
ArmeniaNow reporter
Այս շաբաթ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ քննարկվեցին քաղաքացիության և միգրացիայի խնդիրները Հայաստանում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն իր զեկույցում ներկայացրեց Հայաստանում 1988-2006 թթ. ժամանակահատվածում միգրացիայի հետ կապված տեղաշարժերը:

Այս շաբաթ «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախաձեռնությամբ և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ քննարկվեցին քաղաքացիության և միգրացիայի խնդիրները Հայաստանում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանն իր զեկույցում ներկայացրեց Հայաստանում 1988-2006 թթ. ժամանակահատվածում միգրացիայի հետ կապված տեղաշարժերը:

«Առաջին փուլը` 1988-1992 թվականներին, պայմանավորված էր հարկադիր բնույթի գործողություններով,- ասաց Եգանյանը: - Այդ տարիներին Հայաստան ներգաղթեց 350 հազար մարդ` [Ադրբեջանում իրականացված] էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով, 530 հազար մարդ բնական աղետի հետևանքով մնաց անօթևան: Եվս 72 հազար ներքին տեղահանվածներն էին»:

1992-1995 թվականներին արտագաղթի երկրորդ փուլի հիմնական պատճառներն էին ծանր սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյահոգեբանական պայմանները Հայաստանում: Այդ տարիներին երկրից հեռացել է 800 հազարից ավելի հայաստանցի, թեև նրանցից 400 հազարը, Եգանյանի հաշվարկներով, հետագայում վերադարձել է:

«Ներհոսքի բացասական սալդոն սկսել է նվազել և 2003-ին հասել է արդեն 9-10 հազար: Իսկ 2004-ից ներհոսքի սալդոն դարձել է դրական և կազմել է 2000 մարդ,- ասում է Եգանյանը: - Այդ թիվը աճելով` 2004-ին կազմել է 12500 մարդ: Այս տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ներհոսքի սալդոն դարձյալ դրական է` 12500 մարդ»:

Գործակալության պետն ասում է, որ ամեն օր իրաքահայերից 3-4 դիմում են ստանում: 600-ից ավելի իրաքահայերի, ինչպես նաև 390 լիբանանահայերի շնորհվել է ժամանակավոր կացության կարգավիճակ:

«Հակամարտություններ ունեցող երկրների քաղաքացիները որպես ապահով երկիր ընտրում են Հայաստանը: Կարևոր է նաև, որ Լիբանանի քաղաքացիներից 20-ը ծագումով արաբ են, որոնք կարող էին ապաստան գտնել այլ երկրներում: Վերադարձողների վերաբերյալ տվյալներ չունենք: Այդպիսի պարտավորություն չկա, որ գնալիս մեզ տեղեկացնեն»,- նշում է նա:

Պետության ֆունկցիան սահմանափակվում է մուտքի վիզա և պաշտպանված անձի ժամանակավոր կարգավիճակ շնորհելով: Բնակարանի, փոխադրամիջոցների կամ այլ փոխհատուցում չի տրամադրվում:

Այն հարցին` արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դիմագրավելու իրավիճակին, եթե Ռուսաստանը հանկարծ որոշի վտարել Հայաստանի քաղաքացիներին, ինչպես վերջերս վարվեց Վրաստանի քաղաքացիների հետ, Եգանյանը պատասխանեց. «Ասել, թե երկիրն ունի մշակված, մեծածավալ ծրագիր հանկարծահաս հոսքերին դիմագրավելու համար, սխալ կլինի: Եթե, Աստված մի արասցե, այդպիսի վիճակ ստեղծվի, ոչ միայն պետությունը, այլև սփյուռքը, հասարակությունը կաջակցեն»:

ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Նարինե Սոլոմոնյանը տվյալներ ներկայացրեց երկքաղաքացիների իրավական կարգավիճակի և միջազգային փորձի մասին:

Ըստ նրա` Սահմանադրության երկքաղաքացիության մասին դրույթն ուղղված է Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երկքաղաքացիություն ստանում են «տվյալ պետության ծագում ունեցող անձինք», այսինքն` տվյալ դեպքում Հայաստանի քաղաքացիություն ունեցողները:

Սոլոմոնյանը նաև նշում է, որ պասիվ խտրականությունը միջազգայնորեն ընդունելի է, հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը կարող է օտարերկրացիներին երկքաղաքացիություն չտալ:

Ըստ ՀՀ Սահմանադրության` երկքաղաքացիները պետք է օգտվեն Հայաստանի քաղաքացիների բոլոր իրավունքներից, բացառությամբ ընտրական իրավունքի հետ կապված որոշ հարցերի:

«Ընտրելու հետ կապված ՀՀ Սահմանադրությամբ, կարծես, սահմանափակումներ չկան, սակայն ընտրվելու հետ կապված որոշակի նստակեցության ցենզի խնդիր է առաջանում»,- ասում է Սոլոմոնյանը:

Երկքաղաքացիության հակառակորդները մտավախություն ունեն, որ Հայաստանը կարող է իսպառ կորցնել ինքնիշխանությունը` որոշիչ ձայնի իրավունքը զիջելով դրսում ծնվածներին:

«Եթե ՀՀ քաղաքացի դարձած երկքաղաքացին ունենալու է ընտրելու իրավունք, ապա հնարավոր է, որ շուտով Հայաստանի բարձրագույն իշխանությունները ձևավորվեն դրսից, և հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիների ձայները որոշիչ չլինեն ընտրություններում»,- ասում է Սոլոմոնյանը:

«Համաձայն նոր Սահմանադրության` երկքաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները պետք է կարգավորվեն համապատասխան օրենքով: Այդպիսի օրենք մենք դեռ չունենք, բայց Սահմանադրությամբ պարտավոր ենք ընդունել երկու տարվա ընթացքում: Քանի որ դեռ պաշտոնական շրջանառության մեջ օրինագիծ չկա, ես իրավասու չեմ շատ բան ասել այդ մասին: Շատ սփյուռքահայեր, լսելով սահմանադրական փոփոխության մասին, դիմում են մեզ երկքաղաքացիություն ստանալու խնդրանքով: Սակայն նրանք տեղյակ չեն, որ օրենք դեռ չի ընդունվել: Իսկ քանի դեռ հարցը կարգավորող օրենք չկա, նրանք զրկված են երկքաղաքացիություն ստանալու իրավունքից»:

Սակայն կան երկու օրինագծեր, որոնց նա քիչ թե շատ ծանոթ է: Դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, այսինքն` ունեն Եվրամիության չափանիշների վրա հիմնված ազատական մոտեցում: Օրինակ` եթե Ռուսաստանի քաղաքացին ստանում է ՀՀ քաղաքացիություն, սակայն Ռուսաստանի բնակիչ է և այնտեղ զինվորական ծառայություն է անցել, ապա Հայաստանը չի կարող հարկադրման լծակ ունենալ այս քաղաքացիների նկատմամբ (ստիպել նրանց ծառայել ՀՀ բանակում):

Ոչ ոք իրավունք չունի քաղաքացիություն շնորհել: Նախագահը կարող է շնորհել «պատվավոր քաղաքացու» կոչում, որը չի ենթադրում քաղաքացիական ինստիտուտի ոչ մի կարևոր ֆունկցիա:



Source URL: http://www.armenianow.com/node/6811


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.