Features | 06.04.07 | 16:00

Վտանգավոր սեզոն. սպանությունը որպես հայ քաղաքական կյանքում հարց լուծելու միջոց

By Gayane Abrahamyan
ArmeniaNow reporter
Գյումրու քաղաքապետի դեմ մահափորձը, որի հետևանքով սպանվեց 3 և վիրավորվեց 3 մարդ, 8-րդ նման աղմկահարույց հանցագործությունն էր վերջին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակահատվածում: Այդ բոլոր հանցագործությունների առնչությամբ ձերբակալվել է ընդամենը երկու մարդ, իսկ դատարանի առջև չի կանգնել և ոչ մեկը:

2006 թվականին գրանցվեց 6 աղմկահարույց հանցագործություն, սպանվեց 8 մարդ, այդ թվում` երկու պատահական անցորդ, երկուսն էլ` կին. մեկը դուրս էր եկել գնումներ անելու, մյուսը Արմավիրի ճանապարհին ապրանք էր վաճառում:

Անցյալ տարվա սպանությունները համարվում էին հիմնականում անձնական հաշիվները մաքրելու հետևանք: Երկուշաբթի օրվա մահափորձը, երբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերադառնում էր կուսակցության բարձրաստիճան նիստից, անխուսափելի հարց է առաջ բերում. արդյո՞ք այս և մյուս սպանությունները պայմանավորված են քաղաքական չարակամությամբ:

Գյումրու քաղաքապետի դեմ մահափորձը, որի հետևանքով սպանվեց 3 և վիրավորվեց 3 մարդ, 8-րդ նման աղմկահարույց հանցագործությունն էր վերջին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակահատվածում: Այդ բոլոր հանցագործությունների առնչությամբ ձերբակալվել է ընդամենը երկու մարդ, իսկ դատարանի առջև չի կանգնել և ոչ մեկը:

2006 թվականին գրանցվեց 6 աղմկահարույց հանցագործություն, սպանվեց 8 մարդ, այդ թվում` երկու պատահական անցորդ, երկուսն էլ` կին. մեկը դուրս էր եկել գնումներ անելու, մյուսը Արմավիրի ճանապարհին ապրանք էր վաճառում:

Անցյալ տարվա սպանությունները համարվում էին հիմնականում անձնական հաշիվները մաքրելու հետևանք: Երկուշաբթի օրվա մահափորձը, երբ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը վերադառնում էր կուսակցության բարձրաստիճան նիստից, անխուսափելի հարց է առաջ բերում. արդյո՞ք այս և մյուս սպանությունները պայմանավորված են քաղաքական չարակամությամբ:

Հաշվի առնելով Հայաստանում առկա կլանային կուսակցական տարաբաժանումը` շատերը համոզմունք են հայտնում, որ այս միջադեպերը վերջինը չեն կիրակի պաշտոնապես մեկնարկող ընտրարշավի ընթացքում:

Ստորև ներկայացնում ենք վերջին 13 ամսվա դեպքերը.

• Մարտի 4-ին (2006 թ.), ժամը 13:00-ի մոտ, Սայաթ-Նովայի պողոտայում հրազենի կիրառմամբ սպանվել է «Քաղցրիկ» ՍՊԸ տնօրեն, 54-ամյա Աշոտ Վարդանյանը:

• Հունիսի 10-ին, ժամը 15:00-ի մոտ փողոցում հրազենի կիրառմամբ սպանվել է նախկին պատգամավոր, Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին` երևանյան հայտնի սրճարաններից մեկի սեփականատեր 26-ամյա Սեդրակ Զատիկյանը: Սպանվել է նաև մի պատահական անցորդ` 3 երեխայի մայր 37-ամյա Կարինե Սարգսյանը:

• Օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ի մոտ, Աշտարակի ճանապարհին հրազենի կիրառմամբ սպանվել է քրեական հեղինակություն 52-ամյա Ալեքսանդր Գիվոևը: Պատահաբար սպանվել է նաև ճանապարհին առևտուր անող Գյուլնարա Կարապետյանը:

• Օգոստոսի 30-ին, առավոտյան 9:30-ի մոտ, Արարատի մարզի Դալար գյուղի իր տան մոտակայքում հրազենի կիրառմամբ սպանվել է գյուղապետ 42-ամյա Տիգրան Պետրոսյանը:

• Սեպտեմբերի 6-ին պայթեցվել է հարկային պետական ծառայության օպերատիվ-քննչական վարչության պետ 48-ամյա Շահեն Հովասափյանի մեքենան: Հովասափյանը մահացել է, վիրավորվել են նրա որդին` Գրիգորը, և վարորդը`Անդրանիկ Չարչյանը:

• Դեկտեմբերի 20-ին, ժամը 15:00-ի մոտ, իր տան մոտակայքում հրազենի կիրառմամբ սպանվել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետ 60-ամյա Ռոլանդ Մկրտչյանը:

• Փետրվարի 15-ին (այս տարվա) «Ռելաքս» դիսկո-ակումբում հրազենի կիրառմամբ սպանվել են 32-ամյա Արտաշես Համբարձումյանը և 34-ամյա Մհեր Պողոսյանը (համարվում է, որ երկուսն էլ կլանների անդամ էին):

• Ապրիլի 3-ին Երևան-Գյումրի մայրուղում սպանվել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի թիկնապահներ 37-ամյա Հովհաննես Միրզախանյանը, 26-ամյա Սիսակ Վարդանյանը և 22-ամյա Արտյոմ Ադամյանը: Վիրավորվել են քաղաքապետը, փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը և վարորդ Վարազդատ Ղուկասյանը: Քաղաքապետի և ուղեկցող մեքենաների վրա արձակվել է ինքնաձիգի առնվազն 77 գնդակ:

Վարդանյանի սպանությունը բացահայտված չէ, քանի որ թեև կա կասկածյալ, նա մինչև օրս հետախուզման մեջ է: Միակ դեպքը, երբ ոստիկանությունը ձերբակալել է հանցագործին, Դալարի գյուղապետի սպանությունն է (մարդասպանին տեղում են բռնել):

Տիրող անպատժելիության մթնոլորտով ու քրեական տարրերի ակտիվացմամբ քաղաքական գործիչները սկսեցին անհանգստանալ 2005-ի փետրվարին, երբ տեղի ունեցավ «Տեցի կռուգի» հայտնի «ռազբորկան», որին մասնակցել էին որոշ պատգամավորների շրջապատի անձինք ու թիկնապահներ: Իրավապահներն իմացան այդ գործի մասին միայն այն ժամանակ, երբ հրազենային վնասվածքներով, ծանր վիճակում 3 երիտասարդներ տեղափոխվեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն (նրանցից մեկը հետագայում մահացավ): Սկզբում լրատվամիջոցները հաղորդեցին, թե «ռազբորկային» մասնակցել է մոտ 30 մարդ, սակայն հետագայում պարզվեց, որ մասնակիցների թիվը 200-ի մոտ է եղել: Դեպքի առիթով կալանվեց 6 մարդ, որոնց մեղավոր ճանաչեցին անզգույշ մարդասպանության, ապօրինի հրազեն կրելու և խուլիգանության մեջ: Նրանց դատապարտեցին 18 ամսից մինչև 5 տարվա ազատազրկման: Ամենախիստ պատժի արժանացած Արմեն Նովիկովը չորս ամսից ազատ արձակվեց: Ազատվելուց քիչ անց նա ինքը ենթարկվեց հարձակման ու դաժան ծեծի: «Ռազբորկայի» մասնակիցներից մեկը ճանաչվեց կազմակերպիչ և դատապարտվեց պայմանական ազատազրկման:

Այս գործը նույնիսկ դարձավ Ազգային ժողովում քննարկման առարկա, որի ընթացքում դեռ իշխանական կոալիցիայի մեջ մտնող ՕԵԿ անդամ Գագիկ Ավետիսյանը համեմատեց այն Ավարայրի ճակատամարտի հետ:

Պատգամավորը բարձրաձայնեց իր մտահոգությունը կրիմինալի և իշխանության սերտաճման առնչությամբ: Նրա տեսակետն անցած տարիների ընթացքում ավելի հիմնավոր է դառնում, ավելի շատ հասարակական ու քաղաքական գործիչներ են համաձայնում նրան:

«Անպատժելիությունը ծնում է նոր հանցանքներ,- ասում է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղխորհրդի անդամ Գրիգոր Հարությունյանը: - Դա իշխանությունների ստեղծած համակարգն է, այս ամենը ղեկավարվում և կառավարվում է նրանց կողմից, և ամենակարևորըª ցանկացած նման հանցագործություն կոծկվում է հենց իշխանությունների կողմից»:

Դալարի գյուղապետ Պետրոսյանի սպանությունից հետո պարզվեց, որ մարդասպան Գեղամ Բադալյանը մի քանի մահափորձ է կատարել Պետրոսյանի դեմ, ոստիկանությունը բռնել է նրան, հետո` բաց թողել:

«Միայն կարելի է զարմանալ, թե ինչպես է ազատ արձակվում մի մարդ, որի դեմ քրեական գործ է հարուցված, որը մի քանի անգամ կրակել է գյուղապետի տան վրա, և այս ամենից հետո նրան բռնում են և հետո բաց թողնում: Սա այլ բան չէ, քան ամենաթողություն»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Սարգսյանը զարմանք է հայտնում, որ լրագրող Արման Բաբաջանյանի դեպքում զինակոչից խուսափելու համար գործի քննության ընթացքում խափանման միջոց են ընտրում կալանքը, իսկ կրկնահանցագործի համար` ոչինչ:

«Փաստորեն, այս երկրում այս իշխանությունները մարդկանց դատում են միայն ընդդիմադիր լինելու համար»,- ասում է Սարգսյանը:

Ընդդիմադիր գյուղապետին, գյուղացիների հավաստմամբ, բոլորը հարգում էին և, չնայած ճնշումներին, ընտրել էին իրենց կամքով:

«Գյուղապետ Պետրոսյանը փորձում էր արդար աշխատել, ու նրա բերանն էլ փակեցին: Այս սպանությունները հատուկ ժողովրդին կոտրելու, վախի մթնոլորտի մեջ պահելու համար են արվում, քանի որ այլ կերպ հնարավոր չէ վերարտադրել կրիմինալ-կոռուպցված իշխանությունը»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:

Երբ Արմավիրի մարզում սպանվեց չորս ամիս առաջ գյուղապետ ընտրված Ռոլանդ Մկրտչյանը, նրա կինը Երևանում ցույց կազմակերպեց` անվանելով կատարվածը քաղաքական սպանություն:

Ասում են, թե Մկրտչյանի միակ հակառակորդը հանրապետական Անդրանիկ Հազրոյանն է եղել: Մինչև ընտրությունները Մկրտչյանն էլ է հանրապետական եղել, սակայն ընտրություններից առաջ դարձել է «Բարգավաճ Հայաստանի» անդամ և վերընտրվել` Հազրոյանից կրկնակի ավելի ձայն հավաքելով:

ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանն ասում է, որ գյուղապետի սպանությունը ակնհայտ ցույց է տալիս ՀՀԿ-ԲՀԿ «գլադիատորական» կռիվը (ՀՀԿ նախագահն է նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանը, իսկ ԲՀԿ ղեկավարը մեծահարուստ Գագիկ Ծառուկյանն է):

Նման պատերազմի մասին շահարկումներ սկսվեցին Գյումրու քաղաքապետի դեմ երկուշաբթի կատարված մահափորձից հետո, քանի որ լուրեր էին շրջանառվում, թե հանրապետական Ղուկասյանը մտադիր է անցնել ԲՀԿ շարքերը:

«Գյուղապետի սպանությունն ու Գյումրու քաղաքապետի դեմ մահափորձը իշխանությունը բաժանելու համար մեծ կռվի միայն սկիզբն են»,- ասում է պատգամավոր Գասպարյանը:

Թեև սպանությունները հիմնականում որակվում են որպես քաղաքական դրդապատճառներ ունեցող, Գլխավոր դատախազության ներկայացրած 2006-ի հանցագործությունների վիճակագրությամբ այդ տարում ոչ մի քաղաքական սպանություն չի գրանցվել:

Ըստ Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սոնա Տռուզյանի` 2006-ի այս գործերը, բացառությամբ Դալարի գյուղապետի սպանության գործի, դեռևս նախաքննության փուլում են:

«Գործերը չեն բացահայտվում, իսկ ամենաթողությունն ու «բեսպրեդելը» շարունակվում են, վտանգավոր է նույնիսկ դուրս գալ փողոց»,- ասում է «Հայոց համազգային շարժում» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը:



Source URL: http://www.armenianow.com/node/7212


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.