Բենզինի խուճապ. Վառելիքի պակասը օգոստոսին ծանր կացության մեջ դրեց հայ վարորդներին
Բենզինի ճգնաժամի հետևանքները Հայաստանում
Վրաստանում ստեղծված պատերազմական վիճակը ցույց տվեց, թե որքանով է կախված Հայաստանում մարդկանց կենսագործունեությունը արտերկրից ներկրվող ապրանքներից:
Նախնական ենթադրությունները, հետո բենզինի պաշարի իրական պակասը սկսեցին ազդել Հայաստանի շուկայի վրա արդեն օգոստոսի 10-ից` հարևան Վրաստանում սկսված պատերազմական գործողություններից անմիջապես հետո, և տևեց մի քանի շաբաթ: Կառավարության ու բենզին ներկրողների հավաստիացումներին հակառակ` օգոստոսի վերջին երկու շաբաթը երկրում գրեթե բենզին չկար:Վրաստանում ստեղծված պատերազմական վիճակը ցույց տվեց, թե որքանով է կախված Հայաստանում մարդկանց կենսագործունեությունը արտերկրից ներկրվող ապրանքներից:
Նախնական ենթադրությունները, հետո բենզինի պաշարի իրական պակասը սկսեցին ազդել Հայաստանի շուկայի վրա արդեն օգոստոսի 10-ից` հարևան Վրաստանում սկսված պատերազմական գործողություններից անմիջապես հետո, և տևեց մի քանի շաբաթ: Կառավարության ու բենզին ներկրողների հավաստիացումներին հակառակ` օգոստոսի վերջին երկու շաբաթը երկրում գրեթե բենզին չկար:
Տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանի պնդումները, թե երկրում բենզինի հետ կապված խնդիրներ չկան, հերքում էին հարյուրավոր վարորդներ, ովքեր ստիպված էին մեքենաները թողնել տանն ու երթևեկել հասարակական տրանսպորտով կամ հոգնեցուցիչ երկար հերթերում կանգնել սահմանափակ քանակով բենզին ձեռք բերելու համար:
1990 թվականից սա վառելիքի ամենախիստ ճգնաժամն էր Հայաստանում: Բենզինը վաճառվում էր կամ չափազանց թանկ, կամ տակից, ինչպես խորհրդային տարիներին էր, կամ կտրոնով, այն էլ` առավելագույնը 10 լիտր: Այդ օրերին նախկին 410-440-ի (1,36 – 1,46 դոլար) փոխարեն բենզինը վաճառվում էր 1 լիտրը 500-700 դրամով (1,65-2,30 դոլար):
Այս ամենին զուգահեռ պետական կառույցները շարունակում էին պնդել, որ երկրում բենզինի հետ կապված խնդիրներ չկան:
Օգոստոսի 8-ից ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Երևանի, Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերում 16 տեսակի 35 անուն ապրանքատեսակների ամենօրյա մոնիթորինգ էր իրականացնում: Օգոստոսի 21-ին հրապարակված արդյունքների համաձայն` «բենզինի ու դիզվառելիքի գները մնացել էին անփոփոխ»:
Ընդհանուր առմամբ, Երևանում բենզինի գինը չէր բարձրացել: Սակայն դեֆիցիտի պատճառով մայրաքաղաքում տակից բենզինը վաճառվում էր 1 լիտրը 500 դրամով (1.65 դոլար), իսկ որոշ մարզերում բենզին կարելի էր ձեռք բերել գրեթե կրկնակի թանկ: Օգոստոսի 24-ին Կարեն Գրիգորյանը բենզին էր գնել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բենզալցակայանից 1 լիտրը 700 դրամով (ավելի քան 2.30 դոլար):
«Ինչ կարող եմ անել, ճանապարհին հո չեմ մնալու, Երևանում ընդհանրապես չեմ կարողացել գնել, էստեղ էլ լավ է, բախտս բերեց, 5 լիտր գնեցի, բայց ավել չտվեցին: Էդ էլ հազիվ մի օր հերիքեց, ու դրանից հետո մի շաբաթ ստիպված էի առանց մեքենայի աշխատանքի գնալ»,- ասաց Գրիգորյանը:
Առանց մեքենայի էր աշխատանքի գնում նաև Արթուր Բաբայանը. «Այն երկու բենզալցակայաններում, որտեղ սովորաբար լիցքավորում էի մեքենաս, բենզին ընդհանրապես չկար, իմ աշխատավայրի մոտակայքում էլ` Երևանի Հարավարևմտյան թաղամասում, չէի կարողանում բենզին գտնել»:
Դեռևս օգոստոսի կեսին, մեկնաբանելով հարևան Վրաստանում ստեղծված իրադրությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել էր նաև բենզինի խնդրին:
Վարչապետը հորդորել էր մարդկանց չմտահոգվել դեֆիցիտով ու ավել բենզին չպահուստավորել. «Բնականաբար, պատերազմական գործողությունները սպասումներ են առաջացնում, և 2 օր առաջ մի պահ եղավ, որ մեր քաղաքացիներն սկսեցին 3-4 անգամ ավելի բենզին ձեռք բերել, քան միջին օրականն էր։ Հանրապետությունում գործող բենզալցակայանների տնօրենները նշել են, որ այսօր (օգոստոսի 14-ին) ընդհանրապես բենզինի վաճառք չի իրականացվել. նախորդ 2 օրերին մարդիկ այնքան բենզին են գնել, որ դեռ գուցե մի շաբաթ նրանց կբավականացնի»։
Բենզինի ներկրման շուկայում առաջատար դիրք ունեցող «Ֆլեշ» ընկերության ղեկավարությունն էլ էր լրատվամիջոցներին բազմիցս փոխանցել, որ բենզինի դեֆիցիտ չկա, ու Վրաստանից հայկական բեռները փոխադրվում են առանց խոչընդոտների: Սակայն սա խիստ հակասում է իրականությանը, եթե նկատի ունենանք երկար հերթերն ու բենզինի բարձր գինը բենզալցակայաններում:
Իսկ Քաղպետրոլծառայության փոխտնօրեն Արայիկ Հովհաննիսյանը «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասաց, որ բենզինի դեֆիցիտի խուճապ երկրում առաջացրել են լրատվամիջոցները.
«Փոխանակ բնակչությանը փոխանցեն, որ բենզին կա, որ պետք չէ խուճապի մատնվել, լրատվամիջոցներն իրենք են խուճապ ստեղծում: Իսկ հետո ինչքան ուզում ես բացատրի, որ բենզին կա, չեն հավատում, գալիս են, հերթ կանգնում, 100-ավոր լիտրերով գնում են:
Արդեն նույնիսկ ագիտատորներ ենք ուղարկում բենզալցակայաններ, որ մարդկանց հասկացնեն, որ պետք չի 100 լիտրով բենզին գնել: Մեկը հարցնի` այ մարդ, էդ 100 լիտր բենզինը, որ լցնում ես, ո՞ւր ես տանում, լցնելուց 2 ժամ հետո ինչո՞ւ ես նորից գալիս»,- հավելեց Հովհաննիսյանը:
Օգոստոսի վերջին Քաղպետրոլծառայության ու քաղաքի մի քանի այլ բենզալցակայանների մոտ բենզին ձեռք բերելու համար ձգվող տասնյակ մեքենաների հերթերը վերացան, քանի որ երկաթգծի վնասման պատճառով Վրաստանում մնացած բենզինով բեռնավորված գնացքները վերջապես Հայաստան հասան: