Բաց հաղորդակցություն. Սարգսյան-Ահմադինեժադ հանդիպումը էներգետիկ և տրանսպորտային հնարավորություններ է ստեղծում
Նախագահներ Սարգսյանը և Ահմադինեժադը արդյունավետ հանդիպում անցկացրին Իրանում
Նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձավ այս շաբաթվա սկզբին Իրան կատարած այցից, որի ընթացքում ստորագրել է մի շարք փաստաթղթեր` հույսով, որ հարավային հարևանի հետ մի քանի գլխավոր նախագծեր կյանքի կկոչվեն:
Երկօրյա բանակցությունների ընթացքում ստորագրված ութ փաստաթղթերի թվում են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիրը, Արաքս գետի վրա հէկի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը: Սարգսյանը և Իրանի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադը ստորագրել են նաև համատեղ հռչակագիր:Նախագահ Սերժ Սարգսյանը վերադարձավ այս շաբաթվա սկզբին Իրան կատարած այցից, որի ընթացքում ստորագրել է մի շարք փաստաթղթեր` հույսով, որ հարավային հարևանի հետ մի քանի գլխավոր նախագծեր կյանքի կկոչվեն:
Երկօրյա բանակցությունների ընթացքում ստորագրված ութ փաստաթղթերի թվում են Հայաստան-Իրան երկաթուղու նախագծի իրականացման համագործակցության հուշագիրը, Արաքս գետի վրա հէկի կառուցման ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանի և Իրանի միջև ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը: Սարգսյանը և Իրանի իր պաշտոնակից Մահմուդ Ահմադինեժադը ստորագրել են նաև համատեղ հռչակագիր:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանի համոզմամբ` համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը կունենա հայ-իրանական նախագծերի վրա, սակայն դրանց իրականացումը կասեցնել չի կարող, քանի որ «դրա համար կարևոր տնտեսական նախադրյալներ կան»։
«Այս բոլոր նախագծերը Հայաստանին հնարավորություն են տալիս քայլեր ձեռնարկել շրջափակումը հաղթահարելու և տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար»,- ասում է նա:
Հայաստան-Իրան գազատարը տնտեսական համագործակցության միայն մի մասն է: Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը կարող են նոր լիցք հաղորդել միջպետական հարաբերություններին: Նման ծրագրերի իրականացումը չի կարող զուտ հայ-իրանական հարաբերությունների մաս հանդիսանալ: Այն կապված է Իրանի տարածաշրջանային և որոշ իմաստով միջազգային ռազմավարության հետ և իր մեջ պարունակում է հստակ քաղաքական և տնտեսական բաղադրիչներ:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, ասում է. «Այս ծրագրի իրականացումը մեր երկիրը դուրս է բերում ճանապարհային և հաղորդակցական մեկուսացումից»:
«Սա վերջին քսան տարվա ընթացքում կատարված լրջագույն ծրագիրն է, որ Իրանի հետ իրականացնում է Հայաստանը»,- ավելացնում է նա:
Սերժ Սարգսյան-Մահմուդ Ահմադինեժադ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը, կարևորելով հայ-իրանական հարաբերությունների խորացումը, նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները ենթակա են ընդլայնման, քանի որ առկա են «համընդհանուր մոտեցումներ»:
«Մեր հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։ Հայաստանի զարգացումը և կայունությունը ողջ տարածաշրջանի և, մասնավորապես, Իրանի օգտին են: Ես հույս ունեմ, որ հայ–իրանական հարաբերությունները կընդլայնվեն նաև միջազգային ասպարեզում»,- ասել է Ահմադինեժադը:
Սարուխանյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը, նշում է, որ այդ ձևով Հայաստանը կարող է կարճ երկաթուղային ճանապարհ ունենալ դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան: Բացառված չէ, որ հենց այս հանգամանքն առաջնային դեր խաղա Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման համար ֆինանսավորման հայթայթման տեսանկյունից։
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ անցյալ տարի Չինաստան կատարած այցի ժամանակ քննարկվել է նաև երկաթգծի կառուցման հարցը, որը, ըստ պաշտոնական տեղեկատվության, հետաքրքրել է չինական կողմին։
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը չի պատկերացնում, որ հնարավոր կլինի զուտ երկկողմանի ջանքերով ու ներդրումներով կյանքի կոչել Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությունը:
«Պետք է քննարկման առարկա դառնա այդ նախագծում երրորդ կողմեր ներգրավելու խնդիրը, որոնք կմասնակցեն երկաթգծի շինարարությանը և նաև կֆինանսավորեն այն: Այդ առումով, կարծում եմ, կարող են շահագրգռված լինել, օրինակ` Չինաստանը, Հնդկաստանը կամ Պարսից ծոցի ավազանի երկրները»,- ասում է նա:
Նախագահ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ու Իրանի ճանապարհների և հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանին ստորագրել են ավելի վաղ Երևանում նախաստորագրված փոխըմբռնման հուշագիր երկաթգծի կառուցման վերաբերյալ:
«Ստեղծվել է աշխատանքային խումբ երկու փոխնախարարների մակարդակով, որն առաջիկա երեք ամսվա ընթացքում կսկսի ձեռնարկել այդ նախագծի իրականացման հետ կապված բոլոր նախնական քայլերը»,- ասել է Գուրգեն Սարգսյանը:
Կապված երկաթգծի կառուցման ժամկետների հետ` Գ. Սարգսյանը նշել է, որ մի շարք հաշվարկներ կան, որոնցից մի քանիսի համաձայն` երկաթգծի կառուցումը կարող է տևել 4-5 տարի: Գումարը նույնպես դժվար է այս պահին հաշվարկել, քանի դեռ հստակ չէ, թե նախագիծը կազմելուց հետո քանի կիլոմետր թունելներ կլինեն:
«Թունելների կառուցման գինը բավականին բարձր է: Ամեն դեպքում կարող է տատանվել 1,5-1,8 միլիարդ դոլարի սահմանագծում` ըստ նախագծի տարբերակի»,- ասել է Գ. Սարգսյանը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ նախագծի իրականացումը բաղկացած կլինի երեք փուլից` նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրություն, երկաթգծի նախագծում և քարտեզագրում ու բուն շինարարական աշխատանքներ: Ըստ նախնական հաշվարկների` երկաթուղին կունենա 470 կմ երկարություն, այդ թվում`60 կմ-ը` Իրանի տարածքում:
Գնահատելով հայ-իրանական համագործակցությունը նավթային ոլորտում` Սարուխանյանն ասում է, որ այսօր Իրանը հում նավթ արտահանող և վերամշակված նավթ ու բենզին ներկրող պետություն է: Ըստ նրա` Իրանի տարածքում գործող 60 խոշոր նավթահորերից 40-ը գերմաշված են կամ մաշված: Իրանի տարածքում գործող 4 խոշոր և 18 փոքր նավթավերամշակման գործարանները չեն կարողանում ապահովել Իրանում վերամշակված նավթամթերքների պահանջարկը, ինչի արդյունքում Իրանն այսօր տարվա ընթացքում օգտագործվող նավթամթերքների գրեթե 40 տոկոսը ներկրում է արտասահմանից:
«Արևմտյան ուղղակի էներգետիկ ներդրումների բացակայության պայմաններում ժամանակակից նոր գործարանների կառուցումն Իրանի տարածքում բարդ է: Իրանցիները չունեն վերամշակման ժամանակակից տեխնոլոգիաներ և հզորություններ: Արևմտյան ներդրողների համար երկրում գայթակղիչ տնտեսական պայմաններ ստեղծված չեն: Այս առումով Իրանի համար շահավետ է Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարանի կառուցումը, որը, ըստ ամենայնի, կարող է հանդիսանալ ռուս-իրանական համատեղ նախագիծ»,- ասում է Սարուխանյանը:
Նավթավերամշակման գործարանի կառուցման մասին առաջին անգամ հայտարարություն արվեց դեռևս 2007 թ. սկզբին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` Ռոբերտ Քոչարյանի և Վլադիմիր Պուտինի կողմից:
Սարուխանյանը կարծում է, որ, իր հերթին, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը մեկ ընդհանուր գծով կմիավորի Իրանի երկաթուղին Հայաստանի երկաթուղու հետ, ինչը (եթե Մեղրին էլ միանա մեկ գծով Հայաստանի ընդհանուր երկաթուղային ցանցին` շրջանցելով Նախիջևանը) հնարավորություն կտա Իսլամական Հանրապետությանն ավելի ապահով և ձեռնտու ելք ապահովել դեպի Վրաստանի սևծովյան նավահանգիստներ:
Իսկ ինչպիսի՞ն կլինի Իրանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում:
Գառնիկ Ասատրյանն ասում է. «Իրանի համար Հայաստանն ունի ռազմավարական նշանակություն, և ուժերի ոչ մի վերադասավորման դեպքում նրա հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չի նվազի»:
Սարուխանյանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբացումը Հայաստանում վերամշակված իրանական նավթի համար նոր շուկա կարող է ստեղծել:
«Ադրբեջանի իշխանությունները դեռևս անցյալ տարի որոշում են ընդունել փակել Բաքվի երկու նավթավերամշակման գործարանները: Հնարավոր նման որոշման մասին են խոսում նաև Վրաստանի իշխանությունները: Բացառված չէ, որ 2 տարի հետո Հարավային Կովկասում չլինի գեթ մեկ նավթավերամշակման գործարան, ինչը կարող է նավթամթերքների արտադրման բիզնեսի և նոր գործարան կառուցելու համար բավական նոր, գայթակղիչ պայմաններ ստեղծել»,- ասում է Սարուխանյանը:
Նավթավերամշակման գործարանի կառուցումը կարևոր է Հայաստանի համար ոչ միայն նրանով, որ կամրապնդվի երկրի էներգետիկ անվտանգությունը, այլև նրանով, որ կկառուցվեն Իրան-Հայաստան նավթատար և երկաթգիծ: