News | 22.05.09 | 16:00

Ոչ կինոթատրոն, ոչ էլ բժշկական կենտրոն. ճգնաժամի հետևանքով Վանաձորում դադարեցվում են խոշոր շինարարական նախագծերը

Վանաձորի վերականգնողական կենտրոնի կիսակառույց շենքը


Վանաձորի վերականգնողական կենտրոնի կիսակառույց շենքը

By Naira Bulghadaryan
ArmeniaNow Vanadzor reporter
Մայիսին Վանաձորի կենտրոնում արդեն պատրաստ պետք է լիներ առողջապահական-վերականգնողական կենտրոնը, իսկ տարեսկզբին պետք է մեկնարկեր կինոթատրոնի շինարարությունը:

Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը խառնեց բոլոր հաշիվները Հայաստանի երրորդ քաղաքում, և երկու շինարարական նախագծերն այժմ դադարեցվել են: Մայիսին Վանաձորի կենտրոնում արդեն պատրաստ պետք է լիներ առողջապահական-վերականգնողական կենտրոնը, իսկ տարեսկզբին պետք է մեկնարկեր կինոթատրոնի շինարարությունը:

Սակայն համաշխարհային տնտեսական ճգնաժամը խառնեց բոլոր հաշիվները Հայաստանի երրորդ քաղաքում, և երկու շինարարական նախագծերն այժմ դադարեցվել են:

Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը հավաստում է, որ ճգնաժամը, իսկապես, արդեն Վանաձորում է՝ իր բոլոր դրսևորումներով ու հետևանքներով:

«Պայմանավորվածություն կար, որ այս տարի` եղանակները տաքանալուն պես շինարարությունը կսկսվի: Բայց իմացանք, որ ճգնաժամի հետևանքով նրանք չեն կարող սկսել շինարարությունը, և մինչև աշուն դեռևս հույս չկա, որ աշխատանքները կսկսվեն»,- Պապանյանը ներկայացնում է զրույցը Վանաձորի կենտրոնական «Արցախ» պուրակում կառուցվելիք կինոթատրոնի սեփականատիրոջ՝ «Պարադիզ» ընկերության հետ:

«Արցախ» պուրակի կեսը դեռևս 3 տարի առաջ՝ 2006-ին, վաճառելով «Պարադիզին» պատկանող «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին` քաղաքային իշխանությունները հույս ունեին, որ 3 տարի անց պուրակում կկառուցվի կինոթատրոն երկու դահլիճներով ու բարեկարգված պուրակով:

«Պարադիզը» վանաձորցիներին խոստացել էր 250 տեղանոց մեծ և 50 տեղանոց փոքր դահլիճներով կինոթատրոն` ապահովված ժամանակակից թվային սարքավորումներով:

«Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ գլխավոր տնօրեն Մարտուն Ադոյանն ասում է, որ ճգնաժամը խառնեց ամեն ինչ. «Արդեն պետք է սկսեինք հողային աշխատանքները, բայց երևի աշնանը նոր միայն կարողանանք աշխատել»,- Ադոյանը նկատում է, որ եթե աշնանն անգամ հնարավոր չլինի կինոթատրոնի հիմքերը գցել, ապա հաջորդ տարվա գարնանն անպայման ամեն ինչ կանեն, որպեսզի հողային աշխատանքները կատարեն:

Պուրակից քիչ հեռու գտնվող տարածքում ևս դադարել են շինարարական աշխատանքները: Կիսակառույց առողջապահական-վերականգնողական կենտրոնի շինհրապարակում վերջին անգամ բանվորներն աշխատել են անցյալ տարեվերջին: Այս տարվա հինգ ամիսներին որևէ քար չի շարվել:

Պապանյանը սա ևս կապում է տնտեսական ճգնաժամի հետ, մինչդեռ կենտրոնի և դրա հողատարածքի սեփականատեր երևանցի գործարար Ռաֆայել Մանուչարյանը ճգնաժամի ազդեցությունից չէ, որ դադարեցրել է շինարարությունը:

Նրա խոսքով` կենտրոնի կառուցումը իր միակ բիզնեսը չէ, և մինչև տարեվերջ կհասցնի ավարտին հասցնել այն: Համաձայն շինարարության թույլտվության` Մանուչարյանն այն ավարտելու էր այս ամիս: Բայց հաշվի առնելով, որ նա համարյա կես տարի ուշ էր սկսել շինարարական աշխատանքները, ժամկետը հետաձգվել էր ևս կես տարով:

Չնայած արդեն մեկ տարի է, ինչ 600 քառակուսի մետր տարածքում սկսել են կենտրոնի կառուցումը, եռահարկ շենքի անգամ տանիքը պատրաստ չէ: Վկայակոչելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքը` Պապանյանն ասում է, թե շինարարն իրավունք ունի նաև սահմանված ժամկետից 2 տարի հետո էլ ավարտել աշխատանքը:

Վանաձորում, այսուհանդերձ, հույս ունեն, որ հիմնականում տնտեսական ճգնաժամի հետևանքով կիսակառույցներն այդպես երկար չեն մնա և, ի վերջո, մի օր ավարտին կհասցվեն:

Նույն լավատեսական տրամադրությունն ունեն նաև քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքի սեփականատերերը: «Վիպմերգ» ՍՊԸ տնօրեն Արթուր Վարդանյանը թեև անորոշ ժամկետով դադարեցրել է շինարարությունը, բայց մոտ ապագայում կրկին աշխատելու հույսը չի կորցնում:

«Ճգնաժամն ազդել է շինարարության վրա»,- ասում են Վանաձորի քաղաքապետարանում ու վկայակոչում այս տարվա աճուրդային վիճակագրությունը:

Պապանյանն օրինակ է բերում քաղաքապետարանի հայտարարած վերջին աճուրդը: Աճուրդի հանված 17 լոտից վաճառվեցին միայն երկուսը:

«15-ի համար նույնիսկ մասնակցելու ցանկացող չեղավ»,- ասում է Պապանյանը` հավելելով, որ սովորաբար աճուրդներում 1-2 լոտ գնորդ չէր ունենում: Մինչդեռ այսօր պատկերը հիմնովին փոփոխվել է անգամ աճուրդային ցածր գների պարագայում:

Վանաձորի քաղաքապետարանում թեպետ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր են փնտրում, բայց տեղական բյուջեն լցնելու համար որոշել են համարյա տասնապատիկ բարձրացնել մինչև 100 քառակուսի մետր վաճառվող հողատարածքի գները: Հակառակ դեպքում տնտեսական ճգնաժամը կհարվածի նաև քաղաքի բյուջեին:



Source URL: http://www.armenianow.com/node/9873


Copyright © 2002-2009 ArmeniaNow.com All rights reserved.
Articles may be reproduced, provided ArmeniaNow.com is cited as the source.
Notice: Neither ArmeniaNow.com nor “AN Media” LLC is liable for claims made by advertisers nor for contracts entered by advertisers with their clients.