Տեսակետ. պատվաբեր հերոսությունը պետք է նաև ապահովված լինի զենքի ուժով

Photo: Nazik Armenakyan/ Armenanow.com

Անցյալ շաբաթավերջին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց Լեռնային Ղարաբաղում հայ զինվորների մարտական ոգին, ասելով, որ այս ամսվա սկզբին ռազմի դաշտում նրանցից ոչ ոք չի փախել կամ նահանջել ի դեմս ադրբեջանական ագրեսիայի և կռվել է «մինչև վերջին փամփուշտը»:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում մի խումբ լրագրողների հետ զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը, այս արտահայտությունից հետո, շտապեց պարզաբանել միտքը. «Դա չի նշանակում, որ փամփուշտն ավարտվել է»:

Օհանյանի «պարզաբանումը» ուշագրավ է, քանի որ այն ցույց է տալիս, թե ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ քառօրյա պատերազմից հետո Հայաստանում բավարար սպառազինության և զինամթերքի մատակարարման թեման որքան զգայուն է:

92 հայ զինծառայող է զոհվել, ավելի քան 120-ը վիրավորվել 1994 թ. զինադադարի հաստատումից ի վեր վեր Լեռնային Ղարաբաղի դեմ Բաքվի սանձազերծած աննախադեպ նախահարձակ գործողությունների հետևանքով:

Նավթով հարուստ Ադրբեջանը, որը վերջին տարիներին իր նավթադոլարների շնորհիվ զինվել է ռուսական, իսրայելական և թուրքական արտադրության ժամանակակից հարձակողական զենքով, իր սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում դրանք ուղղեց ոչ միայն Ղարաբաղի պաշտպանության բանակի, այլ նաև խաղաղ բնակչության դեմ` օգտագործելով այնպիսի հատուկ միջոցներ, ինչպիսիք են ՏՕՍ-1A ծանր հրանետային համակարգ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային կայանք, անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` Harop «կամիկաձե» դրոներ և այլն:

Հայաստանի քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ թվում` բազմաթիվ իշխանամետ օրենսդիրներ, քննադատել են Ռուսաստանին` Երևանի թիվ մեկ ռազմական և քաղաքական դաշնակցին, Ադրբեջանին մահացու զենք վաճառելու համար: Սակայն Հայաստանում ամենաշատը զայրացրեց և հանրային բանավեճի տեղիք տվեց ապրիլի 6-ին Գերմանիա կատարած այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որով նա, ըստ երևույթին, փորձելով ցույց տալ հայ զինվորների խիզախությունը և հասարակության շրջանում նրանց վայելած աջակցությունը, ասել էր, թե հայ զինվորը Ադրբեջանին դիմակայում էր «1980-ական թվականների զենքով»:

Պաշտպանության նախարարության պաշտոնյաներն ավելի ուշ պարզաբանեցին, որ Հայաստանի զինված ուժերը հագեցած են բոլոր անհրաժեշտ արդիական միջոցներով Ադրբեջանին զսպելու համար, բայց սոցիալական ցանցերը արդեն այդ արտահայտության հիման վրա մեղադրում էին երկրի ղեկավարությանը, որ նա պաշտպանության բավարար մակարդակ ապահովելու համար հարկ եղածը չի անում:

Ապրիլի 26-ին, ըստ երևույթին, պայմանավորված Լեռնային Ղարաբաղում վերջին ռազմական գործողություններով և հանրային քննադատությամբ, նախագահ Սարգսյանը հրամանագրեր ստորագրեց` բանակի բարձր պաշտոններից ազատելով երեք գեներալի: Պաշտոնանկ արվածների մեջ էր պաշտպանության նախարարի տեղակալը, ով պատասխանատու էր նյութատեխնիկական ապահովման, այդ թվում` զինված ուժերի զենք-զինամթերքի մատակարարման համար:

Այդ քայլի որևէ պաշտոնական պատճառաբանություն չներկայացվեց, բայց քաղաքական և փորձագիտական համայնքը որևէ կասկած չունի, որ պաշտոնանկությունները պատերազմի պատրաստվածության որոշ կողմերից քաղաքական ղեկավարության դժգոհության արտահայտությունն է: Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ և քաղաքացիական ակտիվիստներ ողջունեցին այդ քայլը` կոչ անելով ավելի շատ ղեկավարների «գահընկեց անել»:

Նախքան այդ հրամանագրերը ստորագրելը` նախագահ Սարգսյանը, ով ՀՀ Սահմանադրության համաձայն նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, մի քանի առիթներով նաև հրապարակավ բարձր գնահատեց հայ զինվորներին: Նա նաև այցելեց Լեռնային Ղարաբաղ և անձամբ մեդալներով պարգևատրեց մոտ երեք տասնյակ զինվորների և սպաների` մարտի դաշտում ցուցաբերած արիության և հերոսության համար:

Քննադատելով երկրի ռազմաքաղաքական և դիվանագիտական ղեկավարությանը քառօրյա պատերազմի ընթացքում սխալների և բացթողումների համար, Հայաստանում բոլոր քաղաքական և քաղաքացիական ուժերը համակարծիք են մեկ հարցում` հենց հայ զինվորի խիզախության շնորհիվ Լեռնային Ղարաբաղում ռազմի դաշտում ձախողվեց Ադրբեջանի բլից կրիգի փորձը:

Մինչ ապրիլի սկզբին լարվածության սրումից հետո հակամարտությունը կարծես վերադառնում է քիչ թե շատ գոյություն ունեցող դիրքային պատերազմի կարգավիճակին, հայաստանյան հասարակության մեջ կարծես թե ավելացել է այն բանի գիտակցումը, որ թեև կարևոր են դաշնակիցներն ու դիվանագիտությունը, տարածաշրջանում հանգստությունը և բուն հայ ժողովրդի ապագան նախևառաջ կախված են առաջնագծում զինվորականների մարտունակությունից:

Այդ են վկայում առաջնագծում իրենց ամենօրյա պարտականությունները իրականացնող, այդ թվում նաև` հակառակորդի հետ բախումների մեջ ներքաշված ժամկետային և պայմանագրային զինծառայողներին ու կամավորներին ֆինանսական, նյութական և բարոյական աջակցություն ապահովելու տարբեր նախաձեռնությունները:

Այստեղ տեղին է հիշել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլի հայտնի արտահայտությունը 1940 թ., երբ իր երկիրը գրեթե մեն-մենակ պայքարում էր նացիստական Գերմանիայի ագրեսիայի դեմ. «Մարդկության հակամարտությունների պատմության մեջ դեռ երբեք այսքան շատ մարդիկ այդքան պարտական չեն եղել այդքան քիչ թվով մարդկանց»:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին հաղթանակած առաջնորդներից մեկի խոսքերը խիստ համահունչ են այսօր Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տիրող հանրային տրամադրություններին:

Այս շաբաթ ավելի վաղ խորհրդարանում դիմելով իր գործընկերներին` ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ մինչ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի 1994-1995 թթ. Զինադադարի համաձայնագրերի անվտանգության երաշխավորն է, այսօր, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են երաշխավորում Հայաստանի անվտանգությունն ու գոյությունը: