Կարծիք. հետպատերազմյան քննարկումները Հայաստանում «քոսոտ» ձև են ընդունում

Հայաստանում կոռուպցիայի և անցյալ ամիս Ադրբեջանի հետ պատերազմում ծանր կորուստների հանգեցրած քաղաքական-վարչական համակարգի և ռազմական ոլորտի թերացումների շուրջ կենտրոնացած հանրային քննարկումները աստիճանաբար կերպափոխվում են չարանենգ շահարկումների, այլ ոչ թե օգտակար վերլուծության:

Մինչ ապրիլի 2-5-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո առաջին օրերին քաղաքացիական ակտիվիստները սոցիալական ցանցերում և փողոցային ակցիաների ժամանակ բարձրացնում էին այնպիսի կոնկրետ հարցեր, ինչպիսիք են Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքն ու առաջնագծում հայկական զորքերի սպառազինության ենթադրյալ պակասը, հետագա շաբաթներին քննարկումների մակարդակը կտրուկ իջել է, և շեշտադրումն ավելի շատ բովանդակությունից անցել է ձևին:

Այսպես, ապրիլին պաշտոնատար անձանց անխոհեմ կերպով օգտագործած` «կռվել մինչև վերջին փամփուշտը» փոխաբերական լեզվով ասված արտահայտությունը սոցիալական ցանցերում վերածվեց «առաջնագծում զինվորները փամփուշտները չունեին» բանավեճի, ինչը պաշտպանության նախարարության պաշտոնյաները հայտարարել են բացարձակապես անտեղի, ինչպես նաև անտեղի էր, ըստ ռազմական ոլորտի ներկայացուցիչների, ֆեյսբուքյան ակցիան` գումար հավաքել մայիսի սկզբի անձրևոտ եղանակին առաջնագծում զինվորներին անձրևանոցներով ապահովելու համար:

Վերջին մի քանի օրերի ընթացքում այդ քննարկումները, սակայն, ակնհայտորեն դուրս են եկել բանակի համար ընդհանուր մտահոգությունների շրջանակից, և ավելի շատ սևեռվել են զինվորականների և երկրի նկատմամբ առանձին հայտնի հանրային գործիչների վերաբերմունքի վրա:

Բազմաթիվ հայերի դժգոհության հուժկու ալիք բարձրացրեց ԱՄՆ-ում բնակվող երգիչ Արմենչիկի (Արմեն Գոնդրաչյան)` պաշտոնական էջում զետեղված տեսանյութը, որում նա Ղարաբաղի զորամասերից մեկում պոլիէթիլենի տոպրակով օգնություն է տրամադրում իր այցելության ժամանակ շարք կանգնած զինվորներին: Քննադատները պնդում էին, որ 35-ամյա երգիչն իր փիառի համար նսեմացրել է զինվորներին:

Արմենչիկը չի մեկնաբանել բարձրացված աղմուկը, սակայն նրա ընկերներից մեկը տեղական թերթին հայտնել է, որ երգիչը բարի մղումներով պարզապես ցանկացել է ինչ-որ բանով նպաստել զինված ուժերին, իսկ այն միջոցը, որով նա դա արել է, իր ընտրությունը չի եղել, այլ զորամասի հրամանատարությունն է այդպես հարմար գտել: Իր աղմկահարույց «նվիրատվությունից» մի քանի օր առաջ Արմենչիկը, ինչպես հաղորդվում է, համերգ էր տվել Մոսկվայում և հասույթն օգտագործել այս բարեգործության համար:

Իսկ նմանատիպ քննադատության վերջին թիրախը եղել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում գիտնականն իր օգտագործած մեկ բառի պատճառով, երբ նա փորձել է բացատրել, թե ինչո՛ւ Հայաստանի ռազմարդյունաբերությունը հաջողություններ չի արձանագրում, չնայած երկրի` ժամանակակից զենքի կարիքին, հայտնվել է մամուլի և սոցցանցերի կրակահերթերի տակ:

«Միջազգային զենքի շուկան կյանքի ու մահվան կռիվ է, և ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել այնտեղ»,- ասել էր նա իր խոսքում, որն անմիջապես հանրային լայն արձագանք էր գտել, ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ստիպել անդրադառնալ այս խնդրին:

Վկայակոչելով 5-րդ դարի հայ պատմիչ Մովսես Խորենացուն` Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը «փոքր, բայց հպարտ երկիր» է: Հավանաբար նախարարը այդկերպ փորձել է ասել, որ ակադեմիկոսն ավելի շուտ դա պետք է ասեր…

Հաշվի առնելով բանակի և այսօր Հայաստանում փաստացի պատերազմական ժամանակաշրջանի պետական կառավարմանն առնչվող բոլոր հարցերի զգայունությունը` միանգամայն հնարավոր է, որ հանրային գործիչների անզգույշ արված արտահայտությունների կամ արարքների այս կարգի քննարկումները կշարունակվեն, քանի որ ոչ ոք երաշխավորված չէ որևէ արտահայտության կամ քայլի հետևանքով քննադատության թիրախ դառնալուց: Եվ մինչ իր կարծիքն ազատ արտահայտելը, քննադատելը և քննադատությանն արձագանքելը չափազանց վճռորոշ նշանակություն ունեն Ադրբեջանի կողմից հնարավոր նոր ագրեսիային դեմ-հանդիման Հայաստանի պետականության հիմքերը ամրապնդելու համար, հանրային քննարկումներին մասնակցել ցանկացողները, ի վերջո, պետք է հասկանան, որ «ծառերի հետևում պետք է անտառը տեսնել»: