Վերլուծություն. մինչ Ղարաբաղում հարաբերական անդորր է, մարտի են մեկնում դիվանագետները

Photo: Photolure

Վերջին երեք օրերը Ղարաբաղում անցել են առանց զոհերի մասին լուրերի: Շփման գծում գործում է կրակի դադարեցման ռեժիմ` զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Ապրիլի 10-ին հայկական կողմին է փոխանցվել 18 զինծառայողի մարմին:

Ի՞նչ տեղի կունենա, երբ բոլոր մարմինները հայտնաբերվեն և հանձնվեն կողմերին: Արդյոք նորի՞ց կսկսվեն հրաձգությունները, և Ադրբեջանը կփորձի՞ կրկին վերադառնալ ղարաբաղյան հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու փորձերին: Արդյոք աշխարհի ուժային կենտրոնները կստիպե՞ն Հայաստանին անցանկալի կարգավորմանը համաձայնելու: Սրանք հարցեր են, որոնք այսօր հուզում են ոչ միայն հայերին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում կայացած մամուլի ասուլիսում, փաստորեն, հայտարարեցին, որ իրենց նպատակը արյունահեղությունը դադարեցնելը և խաղաղ բանակցությունների վերսկսումն է: Ըստ էության, միջնորդներն այժմ աշխատում են մինչև 2016-ի ապրիլի 1-ը եղած ստատուս քվոյին վերադառնալու վրա, որպեսզի հնարավոր լինի բանակցությունները վերսկսել:

Ամենայն հավանականությամբ, վերջնական կարգավորման հեռանկարն ավելի է հեռացել. Ադրբեջանը չի կարողացել ստիպել Հայաստանին հանձնել տարածքները, իսկ Հայաստանին չի բավականացրել դիվանագիտական ուժը` ստիպել Ադրբեջանին ճանաչել ստատուս քվոն: Փորձագետները խոսում են բանակցությունների նոր 20-ամյա փուլի հավանականության մասին: Սակայն, հնարավոր է` ինչ-որ ուժեր, օրինակ` Ռուսաստանը, փորձեն ստիպել Հայաստանին ստորագրել պարտվողական փաստաթուղթ:

Շաբաթ երեկոյան գործող նախագահ Սերժ Սարգսյանն այցելել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանիմ: Հանրությանը հայտնի չեն նախագահների զրույցի մանրամասները: Հանդիպումից ընդամենը 2 օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրես կուսակցության խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե կարգավորման ընթացքում տարածքային զիջումներ լինեն, ապա ազատագրված տարածքներում պետք է տեղակայվեն միջազգային խաղաղապահներ: Սա հարուցեց հասարակության խիստ բացասական արձագանքը, և Տեր-Պետրոսյանի կուսակցության անդամները ստիպված էին հայտարարել, որ սա Լևոն Զուրաբյանի անձնական կարծիքն է:

ՀԱԿ-ի պարտվողական տրամադրություններ, որտեղ տեսակետ էր իշխում, որ եթե Ղարաբաղը «հանձնեն», Հայաստանը կսկսի բուռն զարգանալ, այժմ ժողովրդի գերակշիռ մասի հավանությանը չեն արժանանում: Այս գաղափարները վաղուց քարոզում էր ՀԱԿ-ը, թեև Լևոն Տեր-Պետրոսյանը պատմության մեջ մնացել է որպես Հայաստանի նախագահ, ով հրաժարվել է Ղարաբաղի հանձնումը ստորագրելուց, այդ իսկ պատճառով հրաժարական տվել:

Մի քանի ամիս առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ էր արել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ` նախազգուշացնելով անվտանգությանը սպասվող սպառնալիքների մասին: Փորձագետները նշում են, որ, գուցե, Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակն է եկել, եթե նա սեփական հրաժարականից բացի չի տեսնի անցանկալի կարգավորումը ստորագրելուց խուսափելու այլ միջոց: