Կրավորական կեցվածք. Հայաստանի «իներտ» դիվանագիտությունը քննադատության թիրախ է դառնում ղարաբաղյան լարվածության ֆոնին

Photo: Photolur

Հայաստանում արդարացի մեղադրանքներ են հնչում արտաքին քաղաքական որոշումներ ընդունողների հասցեին, որ նրանք դիվանագիտության մեջ չեն կարողանում իրականացնել պատերազմի արդյունքները: Հիմնական կշտամբանքը վերաբերում է հայկական դիվանագիտության ավելորդ զգուշավորությանը, որը հանդես չի բերում նախաձեռնություն, այլ միայն թույլ արձագանքում է միտումներին:

Գլխավոր միտումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ ձևավորվել է մի իրավիճակ, երբ ԼՂՀ ճանաչումը դառնում է առաջնահերթություն: Մինչև ապրիլյան պատերազմը հայկական կողմը հայտարարում էր, որ չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, քանի որ դա կնշանակի դուրս գալ բանակցություններից և Ադրբեջանի ագրեսիայի հավանականություն: Այսօր արդեն Ադրբեջանի ագրեսիան տեղի է ունեցել, սակայն Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ պատերազմի առաջին օրերին Սերժ Սարգսյանը հայտարարել էր Ղարաբաղը ճանաչել հնարավորության մասին, այդպես էլ դա չի արել:

Ավելին, Հայաստանը թույլ է արձագանքում ԼՂՀ-ն ճանաչել եվրոպացի պատգամավորների կոչերին, համենայն դեպս, ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ո՛չ էլ ԼՂՀ-ն չեն աջակցել պատգամավորների կոչերին:

Ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկման ընթացքում պատգամավոր Էլենի Թեոհարուսը (Կիպրոս) կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ: «Մենք պետք է պատժամիջոցներ կիրառենք Բաքվի նկատմամբ` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի համար: Դաժան իրադարձություններից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ստացել է ազատության և ինքնորոշման իրավունք, և դա խնդրի միակ լուծումն է: Մենք պետք է ճանաչենք Լեռնային Ղարաբաղը և պատժամիջոցներ կիրառենք Ադրբեջանի նկատմամբ, ինչը խաղաղություն կբերի»,- ասել է նա:

Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելը նույնպես դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, ասելով, որ եկել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ժամանակը. «Ադրբեջանը շատ երկար ժամանակ շարունակում էր խախտել հրադադարը: Ադրբեջանն այդպես վարվում է, քանի որ հավատում է, որ այդ տարածաշրջանում բոլոր հայերը պետք է անհետանան: Հենց սա է պատճառը, որ նա միշտ մերժել է այն ամենը, ինչ Մինսկի խումբն առաջարկել է: Իսկ Մինսկի խումբը կարող է առաջարկել միայն փոխզիջում, որն Ադրբեջանը չի ուզում»:

Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի արտաքին քաղաքականության իներցիան, որն այդպես էլ չի սատարել եվրապատգամավորների հայտարարությունները: Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ պատճառը Հայաստանի արտաքին քաղաքականության սերտաճումն է Ռուսաստանի հետ, իսկ Մոսկվային ձեռնտու չէ եվրոպական երկրների կողմից ԼՂՀ ճանաչումը:

Հարավային Կովկասը Եվրոպայի համար համարվում է առանցքային տարածաշրջան, որը բզկտվում է անկայունությունից և պատերազմից: Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի իրավիճակին նվիրված զեկույցով:

Նա նշել է ԵԱՀԿ-ի` հրադադարի խախտման գնահատման առաջարկած մեխանիզմի կարևորությունը և արտահայտել Եվրոպական միության կողմից դրա աջակցության մասին: ԵՄ-ն աջակցում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա` բացառապես քաղաքական միջոցներով: Այս մասին երկրի քաղաքացիների հետ ուղիղ կապի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սա շատ զգայուն թեմա է, և ինձ թվում է, որ մենք պետք շատ զգույշ վերաբերվենք` բժշկական հայտնի «մի՛ վնասիր» սկզբունքով»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը:

Նա նշել է, որ, ինչպես իրեն էր թվում, մի քանի տարի առաջ հաջողվել էր «մոտենալ» երկու կողմերի միջև փոխզիջում գտնելուն, «սակայն պարզվեց, որ դա, ցավոք, այդպես չէ»:

«Մենք կաշխատենք միջազգային կառույցների շրջանակներում և երկկողմանի կարգով կշարունակենք ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցով գործունեությունը,- շարունակել է Ռուսաստանի նախագահը: – Ռուսաստանը, ով ինչ էլ ասի, շահագրգռված է այդ խնդրի լուծմամբ, որովհետև մենք ցանկանում ենք լիարժեք աշխատել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ:

Իր ուղիղ եթերով հեռարձակված խոսքում Պուտինը խոսել է նաև Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի և արտերկրում զենքի վաճառքի մասին: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը այսուհետև էլ շարունակելու է զենքի արտահանման պայմանագրեր կնքել օտարերկրյա գործընկերների հետ:

Լեռնային Ղարաբաղում լարվածության նոր սրման հետևանքով Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում քննադատել են Մոսկվային Ադրբեջանին հարձակողական զենք մատակարարելու համար, որոնք օգտագործվել են թե՛ հայ զինծառայողների և թե՛ քաղաքացիական բնակչության դեմ:

Ապրիլի 13-ին Երևանում Ռուսաստանի դեսպանատան մոտ հարյուրավոր հիմնականում երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել` դատապարտելով Մոսկվային Բաքվի զենքի վաճառքի գործարքի համար:

Ռուս պաշտոնատար անձինք, այդ թվում`վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և նրա տեղակալ Դմիտրի Ռոգոզինը, ըստ էության, պաշտպանել են Ադրբեջանին զենքի վաճառքը` այն որակելով որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում «զսպման» գործոն: Նրանք ասել են, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին: