Քառօրյա պատերազմի հետևանքները. ղարաբաղյան գործոնը ճշգրտումներ է մտցնում Հայաստանի ներքին քաղաքականության մեջ

Photo: Photolure

Ղարաբաղում ապրիլի սկզբի քառօրյա պատերազմից հետո Հայաստանում ավելի բարձր են հնչում կոչերը` պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր մեղավոր են տեղի ունեցածում: Խոսքը ոչ միայն բանակի անբավարար պատրաստվածության, այլև կոռուպցիայի և երկրում անարդյունավետ կառավարման փաստերի մասին է ընդհանրապես: Ո՞վ է մեղավոր 92 մարդկանց մահվան մեջ, ինչո՞ւ չունենք համապատասխան զենք, ո՞վ է պատասխանատվություն կրելու:

Այս հարցերն առայժմ հնչում են լրատվամիջոցների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների մակարդակում: Սակայն օդում թևածում է խռովության ոգին, ոչ ոք չգիտի, թե որտեղ այն կբացահայտվի, և դա իշխանություններին ավելի տագնապալի է թվում:

Ներքին տագնապի առաջին «ծիծեռնակը» երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան միջադեպն էր: Ոստիկանությունը հայտարարել է, որ ստուգվում է  այն տեղեկությունը, որ ուսումնական նռնակ է նետվել տան ուղղությամբ, որը չի պայթել:

Երկրորդ նախագահը քաղաքական գնահատական չի տվել այս փաստին, իսկ իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատապարտել է այս փաստը և այն անվանել երկիրն ապակայունացնելու փորձ: Փաստորեն, ՀՀԿ-ն տեսնում է ուժեր, որոնք կցանկանային ապակայունացում Հայաստանում:

Ռոբերտ Քոչարյանը չի հայտարարում քաղաքական ծրագրերի մասին, բայց, ըստ էության, համարվում է գործող նախագահ Սերժ Սարգսյանին առավել իրական այլընտրանք: Սարգսյանը 2015 թ. դեկտեմբերին անցկացրեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե և նախագահական կառավարումը փոխարինեց խորհրդարանականով, փաստորեն վերացնելով 2018 թ. նախագահի ընտրությունները, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը կարող էր հաղթանակի հույս ունենալ: Թվում է, որ Սերժ Սարգսյանին հաջողել է չեզոքացնել և՛ երկրորդ, և՛ առաջին նախագահներին, և ՀՅԴ-ի հետ դաշինք կազմելով` 2017-ի խորհրդարանի ընտրություններում նրա Հանրապետական կուսակցությունը մեծամասնություն կկազմի:

Բայց քառօրյա պատերազմը իր ճշգրտումները մտցրեց: Նախ` ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ավելի հրատապ է դարձել, աճել է ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա Ղարաբաղի հարցով զիջումների մասով, և իշխանությունները մտահոգված են: Նրանք չեն կարող տարածքային զիջումների գնալ հզոր հանրային դիմադրության պատճառով, որը պատերազմում երկու անգամ պաշտպանել է այդ տարածքները: Սակայն զիջումներից հրաժարումը սպառնում է, որ արտաքին շահագրգիռ ուժերը, մասնավորապես, Ռուսաստանը կարող են անկարգություններ հրահրել և իշխանության բերել ավելի հնազանդ ուժերի:

Բացի այդ, քառօրյա պատերազմից հետո պարզ դարձավ, որ նախկին մեթոդներով` կաշառակերությամբ, կրիմինալ օլիգարխիայի ճնշմամբ և այլն, Հանրապետական կուսակցության համար բարդ կլինի 2017-ի ընտրություններում հաղթանակի հասնել: Հասարակության մեջ հավակնոտությունն և բողոքը աճել են, ինչպես նաև ժողովրդի իշխանության իրավունքի մասին գիտակցումը: Նվազել է փողոցային կրիմինալի առաջ վախի մակարդակը:

Իշխանությունը պահելու համար ՀՀԿ-ն կա՛մ պետք է աննախադեպ ինքնիշխան քայլի գնա և, ասենք, ճանաչի Ղարաբաղի անկախությունը` զրկելով արտաքին ուժերին Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակից: Կամ ՀՀԿ-ն կորոշի իշխանությունը պահել հետադիմական բռնությամբ և բռնապետությամբ: