Վերլուծություն. ղարաբաղյան կարգավորման ռուսական պլանը` ամերիկյանը խափանելու փորձ

Photo: Photolure/Archive Photo

Ապրիլի 21-ին կսկսվի է Երևան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը: Դրան զուգահեռ Ռուսաստանի «Իզվեստիա» թերթում հրապարակվել է մի հոդված, որում ներկայացվում է, իբր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռուսական պլանը, որը ենթադրում է «ցավոտ զիջումներ»:

Այն մասին, որ Ռուսաստանն առաջարկում է վերակենդանացնել ղարաբաղյան կարգավորման, այսպես կոչված, Կազանի փասաթուղթը` 2016 թ. ապրիլյան պատերազմից անմիջապես հետո հայտարարել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա ասել էր, որ բանակցությունների սեղան է կրկին վերադարձվել 2011-ին առաջարկված կազանյան պլանը:

Հայաստանի ղեկավարության մեջ, ըստ երևույթին, չկա միասնական կարծիք այս պլանի շուրջ, որը ենթադրում է Ադրբեջանին վերադարձնել ղարաբաղյան հողերը: Եթե Հայաստանի արտգործնախարարությունը ընդհանուր առմամբ համաձայն է ընդունելու այս պլանը որպես բանակցությունների համար հիմք, ապա բանակի ղեկավարությունը նետում է բոլոր ուժերը վիճարահարույց հողերի պաշտպանությանը, որոնք Ադրբեջանն ապրիլին փորձել էր ուժով գրավել:

Ապրիլ 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ղարաբաղ, որտեղ եղել է զորամասերում և պարգևատրել հողը պաշտպանած զինվորներին ու սպաներին: Սա շատերն ընկալել են որպես ուղերձ, որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի պլանին չի համաձայնի, քանի որ այն ենթադրում է տարածքային զիջումներ:

Տարածքային զիջումների անթույլատրելիության մասին հայտարարությամբ հանդես է եկել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը, որն այժմ ներկայացված է Հայաստանի կառավարությունում: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտարարել է, որ իր կուսակցությունը անընդունելի է համարում տարածքային զիջումները:

Շատ փորձագետներ կասկածում են ռուսական պլանի հաջողությանը, բայց ասում են, որ այն ուղղված է ոչ այնքան հակամարտության կարգավորմանը, որքան ԱՄՆ-ի պլանի ձախողմանը:

Ավելի քան մեկ տարի է` Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով առաջարկում է իր պլանը, բայց ոչ թե կարգավորման, այլ իրավիճակի կայունացման: ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում տեղակայել մոնիթորինգի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան որոշելու հրադադարի ռեժիմը խախտողին: Այժմ, իբր, միջազգային հանրությունը դա չի կարող անել:

Հայաստանը համաձայն է նման ծրագրին, սակայն Ադրբեջանը կտրականապես մերժում է, քանի որ կարծում է, որ նման կերպ կամրագրվեն ներկայիս ստատուս քվոն և սահմանները: Հենց այդ ստատուս քվոն խախտելու համար Բաքուն ապրիլին դիմեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների, սակայն չկարողացավ փոխել գոյություն ունեցող սահմանները:

Ռուսաստանն առաջարկում է յուրովի փոխել այդ սահմանները: Ըստ որոշ տեղեկությունների` Մոսկվան առաջարկում է Հայաստանին դուրս բերել իր զորքերը որոշ տարածքներից, սակայն դրանք միանգամից չվերադարձնել Ադրբեջանին, այլ վերածել «անվտանգության գոտու»` ռուսաստանյան զորքեր տեղակայելով: Սակայն նույնիսկ ռուսաստանցի փորձագետներն են ասում նման պլանին Հայաստանի համաձայնության անիրական լինելու մասին:

Այս ֆոնին Lragir.am-ի մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է, որ «Լավրովի ռուսական պլանը», ամենայն հավանականությամբ, ուղղված է ամերիկյան առաջարկների ձախողմանը: