Ղարաբաղում նոր ռազմական գործողությունները կանխելու մեխանիզմների փնտրտուքը շարունակվում է

Photo: Photolure

Երևան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել. վերջնական կարգավորման մասին առաջարկությունները հետաձգվել են, և այժմ քննարկվում են միայն հրադադարի ռեժիմն ամրապնդելու միջոցները:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ուղերձն այն էր, որ քանի դեռ Ղարաբաղի վրա կրակում են, և քանի դեռ կրակ կա, չի կարող նորմալ բանակցային գործընթաց լինել: Հետևաբար, պետք է ջանքեր գործադրվեն ամրապնդելու հրադադարի ռեժիմը: Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահների մակարդակով, այլև դիմելու է Գերմանիային՝ ԵԱՀԿ գործող նախագահությանը, որպեսզի հետաքննության մեխանիզմներ ներդրվեն»,- ասել է Քոչարյանը:

Խոսքը հետաքննության մեխանիզմների մասին է, որն ավելի քան մեկ տարի առաջարկում է ԱՄՆ-ը: Այդ մեխանիզմների էությունը միջադեպերի մոնիթորինգի համար հատուկ սարքերի տեղակայումն է, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդների մանդատի ընդլայնումը:

Ռուսաստանը երկար ժամանակ համաձայնություն չէր հայտնում նման սարքերի տեղակայմանը, ինչպես փորձագետներն են ասում` Մոսկվան նման սարքեր չունի, իսկ Ղարաբաղում ամերիկյան կամ այլ արևմտյան սարքերի հայտնվելը Ռուսաստանի համար անցանկալի կլիներ: Բացի այդ, այն կամրապնդի ստատուս քվոն և գործող սահմանները:

Մինչդեռ Ռուսաստանը պնդում է քաղաքական հակամարտության կարգավորումը Կազանի սկզբունքների հիման վրա, որոնք ենթադրում են Ղարաբաղի տարածքների հանձնում Ադրբեջանին և նոր սահմանին ռուս խաղաղապահների տեղակայում: Կա կարծիք, որ այդ պլանի իրականացման համար Մոսկվան զինել է Ադրբեջանին` խոստացված սպառազինությունը Հայաստանին չմատակարարելով:

Սակայն ապրիլի 2-5-ի պատերազմը գրեթե չփոխեց սահմանների գիծը: Ավելին, հայկական ուժերը պատրաստվել էին հակահարձակման, բայց Ռուսաստանը շտապ կարգով դադարեցրեց պատերազմը` Ադրբեջանին «թողնելով» նվաճած հողի մի փոքր հատված:

Այս պատերազմը ոչ միայն չփոխեց սահմանները, ձախողելով Կազանի պլանը, այլև հայկական կողմը վճռականորեն հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ բան զիջել: Դա հայտարարել են և՛ Ղարաբաղում, և՛ բանակում, այս մասին ասվել է Ղարաբաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կատարած այցից հետո:

Դրանից հետո հօգուտ Ադրբեջանի սահմանները փոխելու համար Ռուսաստանին հարկ կլինի նոր պատերազմ հրահրել, սակայն դա վերջ կդնի տարածաշրջանում Ռուսաստանի բուն ներկայությանը: Քառօրյա պատերազմից հետո Հայաստանում բարձրացել է հակառուսական տրամադրությունների ալիք. Ռուսաստանի դեսպանության առաջ շաբաթվա ընթացքում երեք անգամ անցկացվել են աննախադեպ բողոքի ակցիաներ:

Հավանաբար, այդ պատճառով Ռուսաստանը ժամանակավորապես հրաժարվեց Կազանի պլանից և նախաձեռնությունը հանձնեց ԵԱՀԿ-ում այժմ նախագահող երկրին` Գերմանիային:

«Կան երկու տարբեր հարթակներ. առաջինը` Մադրիդան փաստաթուղթն ու դրա շուրջ բանակցություններն են, որոնք բերեցին Կազանին, որը մերժեց Ադրբեջանը: Հարթակ երկրորդ` այն առաջարկությունները, որ կապված են կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելուն: Խոսքը գնում է նրա մասին, որ ներդրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,- ասել է Շավարշ Քոչարյանը:

Ապրիլի 24-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պատասխանելով լրագրողների հարցին, նույնպես հաստատել է, որ խոսքը հետաքննության մեխանիզմի ներդրման և նման մեխանիզմների փնտրուքների մասին է: Ակնհայտ է, որ այժմ քննարկվում է, թե որ երկիրը կտեղակայի իր սարքերը Ղարաբաղում:

Հատկանշական է, որ ապրիլի պատերազմից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը այցելել էր Գերմանիա և կոչ արել կանցլեր Մերկելին` օգնել միջադեպերի հետաքննության սարքեր տեղակայելուն: