Վերլուծություն. Հայաստանը ձգտում է Ղարաբաղի անվտանգության երաշխիքների նախքան բանակցությունների վերսկսումը

Photo: Photolure

Հայաստանը հրաժարվում է ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցություններից` պնդելով միջազգային անվտանգության երաշխիքների և հրադադարի ռեժիմի միջազգային մեխանիզմներ ներդրման վրա, որոնք կարող են հող ստեղծել բանակցությունների համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարարի օգնականին հաղորդել են, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների արտահերթ հանդիպում:

Սակայն, հայկական կողմը դեռ չի հաստատել այս տեղեկությունը, Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ պետության ղեկավարի հանդիպումների մասին հաղորդվում է նախօրոք:

Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում, ըստ էության, բացառել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները, մինչև անվտանգության երաշխիքներ չլինեն: Որպես անվտանգության երաշխիքներ` հայկական կողմը համարում է ստիպել Ադրբեջանին պահպանել 1994 թ. կնքված Զինադադարի համաձայնագիրը և անվտանգության միջազգային մեխանիզմներ ներդնել:

Այս մեխանիզմների համար Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խորհուրդ է տվել դիմել Գերմանիային` որպես ԵԱՀԿ գործող նախագահի:

Մինչդեռ, Ղարաբաղում ռազմական գործողությունները շարունակվում են, ապրիլի 26-ի առավոտյան հայկական կողմը հաղորդել է Մարտակերտ և Մատաղիս բնակավայրերը ինտենսիվ հրետակոծության ենթարկելու մասին: Իսկ ապրիլի 26-ին երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է հայկական բանակի կողմից պատժիչ գործողությունների մասին: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ հայկական կողմը վերադարձրել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի մոտ մի շարք դիրքեր և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում տիրող խուճապի մասին:

Ապրիլի 26-ի երեկոյան ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդիպել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Տոնոյանը նշել է մոնիթորինգի և միջադեպերի հետաքննության մեխանիզմների շուտափույթ ներդրման անհրաժեշտությունը: Նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Ապրիլի 25-ին նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին, Երևան և Բաքու է այցելել Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Հարլեմ Դեզիրը:

Ապրիլի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` 1994 թ. Զինադադարի համաձայնագրից դուրս գալու Ադրբեջանի մտադրությունների մասին, մեղքը բարդելով Հայաստանի վրա: ԱԳՆ-ը հայտարարել է,  որ Ադրբեջանի կողմից միակողմանի կարգով դուրս գալու դեպքում Հայաստանն իրականացնելու է անհրաժեշտ քայլեր՝ Լեռնային Ղարաբաղի և նրա բնակչության անվտանգության ապահովման համար։ Ապրիլի 26-ին համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը, ասելով, որ այդկերպ Ադրբեջանը փորձում է նոր պատերազմ սանձազերծել:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով ապրիլի 22-ին Սերգեյ Լավրովի Երևան կատարած այցը, հայտարարել է, որ եթե նախկինում համանախագահներն առաջարկում էին խնդրի քաղաքական կարգավորման բանակցություններ` համաձայնագիր ստորագրելով, ապա այժմ առաջին հերթին առաջարկում են խաղաղության և կայունության ամրապնդման միջոցներ: Առայժմ Ադրբեջանը չի համաձայնում այդ միջոցներն ընդունել:

Բացի այդ, Հայաստանը կոշտացրել է իր դիրքորոշումը, ըստ էության, հրաժարվելով մադրիդյան սկզբունքներից, Bloomberg-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ 2011 թ. պատրաստ էին դուրս բերել զորքերը 5 շրջաններից: «Բայց հիմա իրավիճակը բոլորովին այլ է»,- ասել է նա: Հայաստանում դա գնահատել են որպես հրաժարում տարածքային զիջումներից:

Այս ֆոնին կարգավորումը կարող է տեղի ունենալ միայն առկա իրողությունների միջազգային ճանաչման պայմանով: