
Մայիսի 5-ին Հայաստանի կառավարությունը քննարկել և հավանություն է տվել «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրինագծին: Նախկինում բոլոր նման օրինագծերը արժանանում էին կառավարության բացասական եզրակացությանը, ուստի երեկվա որոշումը ընկալվել է որպես ԼՂՀ-ն ճանաչելու Հայաստանի պատրաստակամություն:
Ապրիլյան պատերազմից հետո քաղաքական գործիչներն ու փորձագետները բազմիցս կոչ են արել Հայաստանին ճանաչել Ղարաբաղը` ցույց տալու համար պարտվողական մադրիդյան սկզբունքների մերժումը և սկսելու նոր ձևաչափով` արդեն Ղարաբաղի մասնակցությամբ բանակցություններ: Այս մասին ռազմական գործողությունների օրերին ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել էր նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Սակայն հետագայում Հայաստանը սահմանափակվեց նրանով, որ ձեռնամուխ եղավ Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագրի մշակմանը:
Փորձագետների խոսքով` ԼՂՀ-ն ճանաչելու մասին օրինագծին ստիպել է վերադառնալ Ադրբեջանի գործողությունները, որը զորք է կուտակում սահմանին և չի թաքցնում ռազմական ռևանշի մտադրությունները: Հայաստանի կողմից ճանաչումը ընկալվեց որպես զսպելու գործիք Ադրբեջանին, որը փորձում է դուրս գալ Մինսկի գործընթացից:
Ադրբեջանում հայտարարում են` ԼՂՀ-ի ճանաչումը նշանակում է հրաժարում բանակցություններից և մադրիդյան սկզբունքներից: Այս երկրի իշխանությունները Հայաստանի մտադրությունների առնչությամբ խիստ մտահոգություն են արտահայտել: Նրանցից զատ, մտահոգություն է հայտնել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով կոչ է արել խուճապի չմատնվել և ասել է, որ Երևանում վստահեցրել են ձեռնպահ մնալ ԼՂՀ-ն միակողմանի ճանաչելուց:
Աշխարհի մյուս գերտերությունները Հայաստանի կողմից ԼՂՀ-ի հնարավոր ճանաչման մասին կարծիք չեն հայտնել, ինչը ընկալվել է որպես դրական ազդանշան: Սակայն, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այս փուլում օգտագործում է ճանաչելու մասին օրինագիծը միայն որպես Ադրբեջանի համար զսպման գործիք: Հնարավոր է` նախագիծն ընդունվի նաև խորհրդարանում և հասնի նախագահի վարչակազմին, իսկ այնտեղ արդեն նախագահը կորոշի այս քայլի նպատակահարմարությունը:
Մայիսի 5-ին երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստի ավարտից հետո կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը փորձի Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծել ռազմական, ագրեսիվ և ահաբեկչական ճանապարհով, նոր պատերազմ հրահրել, ապա Հայաստանը կիրականացնի նախագահի նախանշած քայլերը, ընդհուպ ԼՂՀ-ի ճանաչում: «Հայաստանի նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումն է: Եվ դրա համար նա անում է ամեն ինչ, որպեսզի Արցախը դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ, և ժողովուրդը ապրի անվտանգ երկրում»,- նշել է Շարմազանովը:
Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ. «Կառավարության եզրակացությունը չի նշանակում հավանություն այդ նախաձեռնությանը,- ասված է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: – Հայաստանը բազմիցս հստակ հայտարարել է, թե որ դեպքում կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր՝ նման կարևոր որոշման կայացման պարագայում Հայաստանի Հանրապետության նախագահը նախապես կտեղեկացնի իր գործընկերներին, առաջին հերթին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին»:
Միևնույն ժամանակ, հինգշաբթի ավելի ուշ Հայաստանի Կառավարությունը մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել է, որ կառավարության դրական եզրակացությունը վերաբերում է օրինագծին Հայաստանի արտգործնախարարության ներկայացրած եզրակացությունը և չէր նշանակում օրինագծին կառավարության հավանություն:
Ուշագրավ է, որ այս օրերին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում էր Պրահայում, որտեղ անցկացվում էր Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի արտգործնախարարների հանդիպումը: Այնտեղ էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, սակայն նախարարների հանդիպման մասին չի հաղորդվել:
Ընդ որում, նախարար Նալբանդյանը բարձրացրել է 1994-1995 թթ. զինադադարի պայմանագրերից դուրս գալու Ադրբեջանի մտադրության մասին հարցը:
«Էլմար Մամեդյարովը հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում Ադրբեջանի դեսպանները գործել են սեփական նախաձեռնությամբ»,- ասել է Նալբանդյանը:
Ապրիլի 22-ին Երևան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին` լիարժեք պահպանել 1990-ականների կեսերին Մոսկվայի միջնորդությամբ կնքված զինադադարի պայմանագրերը: