Մայիսի 9-ի ուղերձ. հայերը վերահաստատում են Ղարաբաղը պաշտպանելու վճռականությունը

Մայիսի 9-ին Հայաստանը նշում էր Հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը: Այդ օրը Ղարաբաղը և Հայաստանը հրաժարվեցին տոնական համերգներից և զորահանդեսներից, քանի որ ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետևանքով հայկական ուժերը գրեթե 100 զոհ ունեցան:

Ռազմաքաղաքական ղեկավարությունը և հասարակական-քաղաքական գործիչները այցելել են Երևանում «Հաղթանակ» զբոսայգի, «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ինչպես նաև Ստեփանակերտում և Շուշիում եղբայրական գերեզմանատուն: Նրանք հանդես են եկել մի շարք հայտարարություններով, որոնք ընկալվել են որպես միջազգային հանրությանն ուղղված ուղերձ:

Մասնավորապես, Ղարաբաղում գտնվող Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող մեզ ստիպել լքել մեր հայրենիքը, մեր հողերը, նույնիսկ` ռազմական ագրեսիան:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ի պատասխան այն հարցին, թե ինչպե՛ս է արձագանքում միջազգային հանրությունը բանակցությունները վերսկսելու համար Հայաստանի առաջադրած պայմաններին, ասել է, որ այս փուլում կարող են հանդիպումներ և քննարկումներ լինել` ապրիլի սկզբին տեղի ունեցածի կրկնությունը թույլ չտալու համար, երբ Ադրբեջանը սանձազերծել էր լայնածավալ ագրեսիվ գործողություններ Արցախի դեմ:

«Երկրորդ` պետք է ներդնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի հետագայում բանակցային գործընթացը վերսկսել»,- ասել է նախարարը:

Photo: Photolure
Photo: Photolure

Ինչ վերաբերում է Արցախը ճանաչելուն, Նալբանդյանն ասել է. «Կառավարության կողմից արձագանքման ձևակերպման մեջ ասված է, որ դա կախված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բանակցություններից, ինչպես նաև միջազգային հարթակում զարգացումներից: Դրանք բավական լուրջ հարցեր են և ինչ-որ հանկարծակի, էմոցիոնալ քայլերով չէ, որ պետք է լուծել: Վախի հարց չկա, մենք ինչ-որ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը»:

Ղարաբաղցի քաղաքական գործիչները ավելի անզիջում էին: Ներկայիս իրավիճակում անհեթեթություն է խոսել զիջումների մասին: Ի՞նչ զիջումների մասին կարող է խոսք լինել, եթե Ադրբեջանը մտածում է հերթական ռազմական գործողությունների մասին: Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը. «Ոչ մի զիջում չի կարող լինել և միակողմանի: Մեր զիջումները կախված են Ադրբեջանի պահվածքից և զիջումներից»,- հայտարարել է Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է բանակցությունները վերսկսելու հեռանկարին, ապա Ղուկասյանը նշել է. «Իհարկե, բանակցություններ միշտ անհրաժեշտ են: Իսկ Արցախն էլ միանշանակ պետք է դառնա կողմ»:

Այսօր արդեն ոչ ոք չի խոսում զիջումներից: Այս մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Զիջում չկա, ոչ ոք զիջումների մասին չի խոսում, անձամբ ես դրա մասին չեմ լսել»,- հայտարարել է Մնացականյանը:

Նախարարը հաստատել է, որ հակառակորդը ուժեր է կենտրոնացնում շփման գծում` միաժամանակ անցնելով ամուր պաշտպանության: «Զորքերը կկուտակեն, մենք էլ կցրենք: Ադրբեջանում վախի մթնոլորտ է, նրանք կազմակերպում են պաշտպանություն»,- ասել է նախարարը:

Սակայն ամենահետաքրքիր ուղերձները հնչել են Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի շուրթերից: Փորձագետները նշում են, որ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հանգեցրեց անսպասելի արդյունքի` Հայաստանի և Ռուսաստանի շահերում և հարաբերություններում անլուծելի հակասություններ ի հայտ գալուն: Դա հատկապես կապված է Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման և իր ռազմավարական դաշնակից Հայաստանին աջակցելուց Ռուսաստանի հրաժարվելու հետ:

Երևանի «Հաղթանակ» զբոսայգի այցելած Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վոլինկինին լրագրողները հարցրել են Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումների մասին: Վոլինկինը խնդրել է ապացուցել, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել: Երբ լրագրողները վկայակոչել են Ռուսաստանի փոխվարչապետ Ռոգոզինի հայտարարությունը, դեսպանն ասել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Հայաստանին, և՛ թե Ադրբեջանին:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՛վ է պայմանավորված Հայաստանին ռուսական զենքի մատակարարման ուշացումները, դեսպանը նկատել է. «Գիտեք` դա ուշացում չէ, դա տևական գործընթաց է: Դա չի նշանակում, որ Ռուսաստանը զենքը չի մատակարարել, Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարել է: Պարզապես նոր պայմանագրերը պահանջում են ինչ-որ ժամանակ, նախևառաջ` Հայաստանին անհրաժեշտ սպառազինության ընտրության գծով»:

Այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը պատրաստվո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի ագրեսիան կանխելու նպատակով նոր, նախկինում չկիրառված միջոցներ ձեռնարկել, Վոլինկինը նկատել է. «Ռուսաստանը միշտ ջանքեր է գործադրել այս հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, այդ ջանքերը կշարունակվեն: Բնականաբար, կլինեն հանդիպումներ, կլինեն զրույցներ այս թեմայով: Կարծում եմ` դա տեղի կունենա արդեն մոտ ապագայում»: